Հաստավիզ` ըստ Շիրվանզադեի

Հաստավիզ` ըստ Շիրվանզադեի
Գագիկ Ծառուկյանի բարոյական նկարագիրը երեկ ԱԺ ամբիոնից կասկածի տակ դրվեց: Հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բեմ ելավ, կանչեց Ալեքսանդր Շիրվանզադեի ոգին ու խոսեց այսպես. ««Օգնեցեք թշվառներին»,- ահա Քրիստոսի բարձր պատգամներից բարձրագույնը: Բայց օգնեցեք,- ավելացնում է մեծ վարդապետը,- այնպես, որ աջ ձեռքով տալիս ձախ ձեռքը չիմանա, թե տալիս եք: Արդ, ի՞նչ է նշանակում այդ:- Նշանակում է, որ բարեգործությունը այն է, երբ մարդ կարոտյալին օգնում է՝ դրդված լինելով սրտի խորքից բխող անկեղծ, անշահ եւ ինքնուրույն զգացմունքից»: Այդ պահին Վիկտոր Դալլաքյանն այնքան էր ներշնչված իր առաքելությամբ, որ հավատում էր, թե իրոք անկախ է ու երբեք Ծառուկյանի մոր փողերով մեղվաբուծության մասին օրենք չի գրել, այլ օրենսդիր իր գործունեությունն իրականացրել է միմիայն պատգամավորին հասանելիք ռոճիկով:



Բայց  1887թ. բարեգործության մասին Շիրվանզադեի գրած ողջ տեքստի ընթերցանությունը պիտի լիներ օրվա հրամայականը: Թեպետ տեքստը կարդաց  գլխահակ ու ամբողջությամբ,  մենք ներկայացնում ենք միայն այն հատվածները, որոնք շեշտեց՝ Ծառուկյանի կերպարը բացահայտելու ու սեփականը քողարկելու նպատակով: «Եթե ձեռքը գրպանը տանելիս բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է իր տվածով փառք եւ բարեգործի անուն վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա օգնում է, պիտի խոնարհվի իր առջեւ, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է եւ ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարեն ստանալ»,-կարդում էր Վիկտոր Դալլաքյանը:



Նրանք, ում մտավոր զարգացածության աստիճանն ու քաղաքական դաշտից փչող քամիների ուղղությունը որսալու կարողությունն անխափան է գործում, շշնջացին՝ «Պահո՜, ԲՀԿ-ի բախչեքը քարեր են գլորվում»: Իսկ Վիկտոր Դալլաքյանը կարդում էր. «Արդ, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՞չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: Այլեւս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին: Սակայն երեւում է, որ մեր մեջ ո՛չ միայն կարելի է, այլեւ է՛, որ առեւտուրը ո՛չ թե առեւտուր է անվանվում, այլ ազգասիրություն, մարդասիրություն եւ բարեգործություն: Եվ այդ միտքը հայտնում են ո՛չ միայն մեր բարեգործ վաճառականները, այլեւ վաղեմի նախապաշարմունքներով կաշկանդված մեր լուսավորվածները:



Այդ է ամենազազրելին, այդ է, որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն, եւ այդ է, որ այսօր Աստծո սուրբ տաճարում դպիրները եւ կեղծ փարիսեցիներն են նստած»: Դե, քանի որ այլաբանություն էր, ԱԺ նիստերի դահլիճը Աստծո սուրբ տաճարի հետ ոչ ոք, նույնիսկ լրագրողները չհամարձակվեցին համեմատել, թեպետ փարիսեցիների առատությունն անվիճարկելի էր: «Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Բայց... սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջեւ երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքա, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին...»,-ավարտեց Վիկտոր Դալլաքյանը:



Իրավիճակն իրոք հետաքրքիր էր այն իմաստով, որ պիտի չափվեր արձագանքներով: Հովիկ Աբրահամյանն իր խնամու հասցեին ասվածը լսեց անմռունչ ու վերջում ասաց՝ «Շնորհակալություն»: Իսկ ես ամեն դեպքում պարզաբանեմ, որ «մամոնան» տվյալ դեպքում բոլոր ժամանակներում բոլոր պատեհապաշտների ու պնակալեզների պաշտամունքի առարկա հանդիսացող փողն է, ու նշեմ, որ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց մեր նախկին գործընկերուհին, Գագիկ Ծառուկյանի կուսակցության կանացի դեմքը՝ Նաիրա Զոհրաբյանը: Եթե Վիկտոր Դալլաքյանը անուն չհնչեցրեց, բայց բացահայտ ակնարկեց, թե ում նկատի ուներ «գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավիզ» ասելով, ապա Նաիրա Զոհրաբյանը իրար խառնված՝ մերկացրեց ոչ միայն «գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորացող, իրանց անամոթ շրթունքներով ոտները լիզող ու նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներին», այլեւ բացահայտ հայտարարեց. «Ես շատ կցանկանայի, որպեսզի շատ լինեին այնպիսի բարեգործներ, ինչպես նշել էր Շիրվանզադեն,եւ ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է»: