ՀՀԿ-ն փակում է, ԲՀԿ-ն դիմադրո՞ւմ

ՀՀԿ-ն փակում է, ԲՀԿ-ն դիմադրո՞ւմ
Երեւանի ավագանու խորհրդի նիստը ոչ մի անգամ չէր  նշանավորվել այնպիսի  հոգեցունց ելույթներով, ինչպես երեկ էր: Այս անգամ փայլեցին մասնավորապես ԲՀԿ-ական անդամները: Նիստը սկսեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով  ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Վլադիմիր Մսրյանի հիշատակը: Ապա հայտարարվեց ԲՀԿ ֆրակցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականի մասին՝ նախկին ղեկավար Արման Վարդանյանի եւ Սուրեն Մասումյանի: Նոր ղեկավար նշանակվեց Գուրգեն Գասպարյանը:



Ո՞Վ ԱՉՔ ՈՒՆԻ ԹԻՎ 115 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՎՐԱ



Օրակարգի խնդրո առարկան թիվ 115 մանկապարտեզի ճակատագիրն էր: Քաղաքապետարանի հիմնավորմամբ՝ այս շենքը «անմարդկային» վիճակում է եւ պետք է վերակազմակերպվի, այսինքն՝ լուծարվի, ապա վերանորոգվի: Իսկ մանկապարտեզը կտեղակայվի հարեւանությամբ գտնվող թիվ 116 մանկապարտեզի շենքում, որտեղ պայմանները համեմատաբար բարվոք են: Քաղաքապետի վստահեցմամբ, վերանորոգելուց հետո դարձյալ շենքը կծառայեցնեն կրթական նպատակի, սակայն ավագանու ԲՀԿ ֆրակցիան անտրամաբանական է համարում հիմնավորումը՝ լուծարել մանկապարտեզի շենքը, վերանորոգել, ապա վերաբացել որպես մանկապարտեզ: Նրանք կասկածում են, որ այդ քայլով պարզապես նպատակադրվել են «փակել» մանկապարտեզը:



ԲՀԿ-ականներն ասացին, որ  խմբով այցելել են «դեպքի վայր» եւ անզեն աչքով համոզվել, որ շենքը միայն կոսմետիկ վերանորոգման կարիք ունի՝ «կարելի է տանիքը վերանորոգել, ապա փուլ առ փուլ՝ սենյակները»: Սակայն Գագիկ Բեգլարյանին չհամոզեցին. «Ես ձեր անզեն աչքերին չեմ հավատում, ունենք մասնագետների եզրակացություն: Ես ուզում եմ հասկանամ՝ իմ գոհացուցիչ պատասխանից հետո ինչո՞ւ ենք երկարացնում...»: ԲՀԿ-ականների`  մանկապարտեզին ուղղված դիսկուսիան ի վերջո հունից հանեց Բեգլարյանին, եւ նա բորբոքված պարզաբանեց. «Բարի գործ ա կատարվում՝ հանուն երեխաների, եւ ձեր կողմից արտահայտություն՝ «մանկապարտեզ է փակվում», հասարակությունը կարող ա սխալ հասկանա, ստացվում ա՝ Հանրապետական կուսակցությունը փակում է մանկապարտեզ, «Բարգավաճ» կուսակցությունը՝ պայքարում դրա դեմ: Հայտարարում եմ, որպեսզի ապագայում սխալ չներկայացվի, մանկապարտեզ չի փակվում»: Երբ քաղաքապետը ջղային ելույթից հետո լռեց ու դիմեց ընդվզող անդամներից մեկին՝ Պողոս Փլավչյանին, ըմբոստ ԲՀԿ-ականն արդեն կակղած պատասխանեց՝ «հա ջան»:



«ԳԱՅԻՇՆԻԿԸ» ԲՀԿ-ԱԿԱՆԻՆ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ Է ՈՒ....



Նիստի ավարտին ելույթի թույլտվություն խնդրեց  ԲՀԿ-ական Արմեն Ամիրյանը: Նա բավականին մռայլ դեմքով  սկսեց դատարկել սրտում կուտակվածը՝ հանկարծակիի բերելով եւ իր կուսակիցներին, եւ նույնիսկ Բեգլարյանին, որն Ամիրյանին մեծ համբերությամբ լսելուց հետո նրան հրավիրեց առանձին զրուցել սույն թեմայով:  Նա դժգոհում էր, որ կարգը խախտելու համար «գայիշնիկն» իրեն տուգանել է՝ հաշվի չառնելով իր բարձր դիրքը: Ամիրյանի  խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Մենք ավագանի խորհրդում աշխատելով՝ աշխատավարձ չենք ստանում, կողմնակի եկամուտներ չունենք  քաղաքապետարանից, մեր ծախսերով գնում-գալիս ենք ու երեք տարի էլ հլը պետք ա գնանք ու գանք: Դրա համար մի բան ա հարկավոր՝ որ, ասենք, հարգանք լինի մեր հանդեպ թե ներսում, թե դրսում:



Կոնկրետ քաղաքապետարանի ներսում ես բողոք չունեմ, իսկ քաղաքապետարանից դուրս լրիվ զրո ա մեր վարկանիշը: Բան եմ ասում՝ երեկվա դրությամբ: Քաղաքապետարանի կենտրոնական մուտքի մոտ գայիշնիկը կանգնացնում ա ռեմեն չգցելու  համար, 5 հազար դրամ տուգանում ա, ներկայանում եմ՝ քաղաքապետարանի ավագանու անդամ, կապ չունի՝ ասում ա: Շատ լցված ակտը գրել ա, ինչ խոսացել եմ՝ չի անցել, ակտը գրել ա, ու գնացել եմ՝ այն դեպքում, որ ամբողջ գայու կեսը քաղաքապետարանում ա հացը ուտում, մի մասն էլ դեմի դռնից մտնում հաց ա ուտում, ետեւից դուրս ա գալի՝ ակտ  գրում: Ազգային ժողովի պատգամավորները նույն ընտրակարգով են ընտրվում, ինչ որ մենք: Նուժելի մենք էդքան հարգանք չունենք, որ մեր հանդեպ... 2 հազար դոլար պատգամավորները փող են ստանում, 100 տոկոսանոց էլ վարկանիշ ունեն, իսկ մերը զրո ա: Ես առաջարկում եմ՝ կամ բոլորս ստորագրություններով դիմենք երկրի նախագահին, խնդրենք, որ մեզ ուշադրություն դարձնեն՝ գոնե 100 չէ, 30 տոկոսով: Մենք ընտրված մարդիկ ենք, ընտրյալներ ենք համարվում, կամ դիմենք Ձեզ, պարոն Բեգլարյան: Ես չեմ կասկածում, որ Դուք կբարձրացնեք էդ ցավոտ հարցը: Իմիջիայլոց,  բոլորից կարող եք հարցնել, բոլորի համար էլ էդ հարցը ցավոտ ա ու շատ վիրավորական: Կամ դիմենք Ձեզ, Դուք էդ հարցը բարձրացնեք: Հլը մի բան էլ մեզ պիտի փշի-փշի անեն, ոչ թե արհամարհեն»: Ելույթի վերջում բողոքավորի ձայնն արդեն չէր լսվում փռթկոցների մեջից: Իսկ այլայլված Բեգլարյանը փորձեց սփոփել հոգեպես խոցված չինովնիկին՝ ոչ ոք իրավունք չունի իրենց նեղացնել, իսկ օրենքի առջեւ բոլորը հավասար են: