Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին
Երբ 2009 թ. սկզբին անցկացրած կառավարության նիստերից մեկում հայտնեցիք Ձեր մտահոգությունն առ այն, որ արտագնա տուրիզմի պատճառով երկրից առկա է ֆինանսների զգալի արտահոսք, եւ հորդորեցիք բոլորիս հանգստանալ Հայաստանում, ինձ մոտ հույս արթնացավ, որ կառավարության հաջորդ տրամաբանական քայլը լինելու է այն հսկայական ֆինանսական արտահոսքի հաշվարկումը, որը տեղի է ունենում շուրջ 16 տարի, այսպես կոչված՝ «լայն սպառման» ապրանքների ներկրման հետեւանքով, սկսած ծամոնից եւ ատամի մածուկից, վերջացրած ավտոմեքենաներով:



Այս ֆինանսական արտահոսքի ծավալները տարեցտարի, զարմանալիորեն, համընկնում են տրանսվերտների ծավալների հետ: Այսինքն` եթե բնութագրելու լինենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ստացվում է, որ այն գումարները, որոնք գալիս են Հայաստան մեր ազգակիցների շնորհիվ, գրեթե նույն արագությամբ լքում են երկիրը` չաշխատելով եւ հավելյալ արժեք չստեղծելով, ինչի արդյունքում Հայաստանը վերածվում է մեզ համար կենսական նշանակություն ունեցող՝ ֆինանսական միջոցների տարանցիկ մի երկրի:



Խնդրում եմ տնտեսագետների լայն շրջանակի հետ քննարկել վերը նշված ֆինանսական միջոցների (ըստ էության՝ դրամաշնորհ) արտահոսքի կանխման հարցը՝ դիտելով այն որպես պետության գերակա շահ: Ըստ իս, այստեղ տեղին է խոսել, այսպես կոչված՝ «ուղղորդված բիզնեսի» մասին, որը բաղկացած կլինի երկու փուլից. ա. ներքին եւ տարածաշրջանային շուկաների վերանվաճում եւ զարգացում արդար մրցակցության պայմաններում, բ. ներքին շուկայի լճացումից խուսափելու նպատակով` արտահանման խթանում:



Առաջին փուլը ենթադրում է տնտեսագետների կողմից այն ապրանքատեսակների ցանկի կազմում, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաների, սարքավորումների եւ հոսքագծերի առկայության դեպքում: Այնուհետեւ դասակարգել սույն ցանկը ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով Հայաստանի կամ հարեւան երկրների հումքային ռեսուրսները, պահանջարկի ծավալը, էներգատարությունը, մասնագետների առկայությունը, սարքավորումների մատչելիությունը, արտահանման հեռանկարները (հատկապես ցամաքային ճանապարհով դեպի Իրան, Միջին Ասիա), ստեղծվելիք աշխատատեղերի քանակը եւ բազմաթիվ այլ գործոններ:



«Օգտվելով» համաշխարհային ֆինանսական ճգնաժամից՝ մատչելի գներով ձեռք բերել առաջնահերթության կարգով սարքավորումներ եւ հոսքագծեր համաշխարհային շուկայից եւ սրանցով վարկավորել բոլոր ցանկացողներին՝ գրագետ կազմված պայմանագրերով: Իբրեւ ֆինանսական ռեսուրս, կառավարության հայեցողությամբ կարող են ծառայել որեւէ հիմնադրամի միջոցները՝ բացառապես ինքնավերականգնման սկզբունքով: Այսինքն` ձեռնարկատերն առնվազն 3-5 տարի աշխատելուց հետո ի վիճակի կլինի ժամանակացույցով հիմնադրամին վերադարձնել իրեն տրամադրած սարքավորումների արժեքը` ձեռք բերելով սեփականության իրավունք:



Առաջին փուլի կարեւոր բաղադրիչն է նաեւ ձեռնարկությունների եւ ներմուծումը փոխարինող ապրանքատեսակների ինկուբացիայի հետ զուգահեռ բարելավել հարկային եւ մաքսային ոլորտները՝ եթե ոչ արտոնյալ, ապա գոնե հավասար պայմաններ ապահովելով տեղական արտադրողների համար:



Երկրորդ փուլի միջոցառումներն ուղղված են լինելու բացառապես արտահանումը խթանելուն` կիրառելով, օրինակ, կենտրոնացված արտահանման գաղափարը կամ շրջափակման պատճառով գոյացած հավելյալ տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը եւ այլն:



Երկիրը ճանաչելի է դառնում ոչ միայն իր պատմությամբ, արվեստով ու մշակույթով, այլեւ բարձրորակ արտադրանքով: Ուզում եմ հիշեցնել Սինգապուրի ավագ նախարար պարոն Լի Կուան Յուի խոսքերը. «Մենք պիտի թռչենք այս փակ սահմանների վրայից»: Շտապել է պետք: Արտագաղթն ահագնանում է…



Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ