Գովազդային սերիալ` նախարար հերոսուհիով

Գովազդային սերիալ` նախարար հերոսուհիով
Մենք, որ շարունակ եւ անգթորեն խոշտանգվում ենք գովազդ կոչվածից ու փրկվելու սին հույսով Աստծո ամեն օր փորձում ապաստան գտնել մեր բնակարանների խուլ անկյուններում, այդ փորձանքից այնուամենայնիվ մի օգուտ քաղել ենք՝ ակամա դարձել ենք գովազդագետներ եւ տիրապետում ենք սույն արհեստի ու մասնավորապես դրա հայկական տարբերակի նրբություններին: Հիմա արդեն բոլորս գիտենք, որ գովազդի միջոցով ոչ միայն հրապարակայնորեն ազդարարվում է ինչ-որ ապրանքի կամ ծառայության մասին, դրանով ոչ միայն հրապուրում են ու գայթակղում. գովազդը հայ իրականության մեջ օգնում է նաեւ խաբել, մոլորեցնել ու «քցել»: Այո, մեր իրականության մեջ՝ հայկական աշխարհում, գովազդով նաեւ «քցում» են:



Սակայն, ինչպես եւ ակնկալվում էր մեր ժողովրդի մի քանի արժանավոր առեւտրականներից, գովազդի բնագավառում մենք նոր հորիզոններ ենք նվաճել. հայ հանրությանը սկսել են խաբել ու մոլորեցնել ոչ միայն առեւտրային կազմակերպությունները, մինչեւ հոգու խորքը վաճառական զանազան պաշտոնյաները, պատգամավորի մանդատ գրպանած փերեզակները, այլեւ պետական մարմինները: Եվ պետական մարմին ասածն էլ ինչ-որ տեսչություն չէ, ինչ-որ մարզպետարան չէ կամ մի վարչություն, այլ մի ամբողջ նախարարություն:



Չափազանցություն չէ ասածս, եւ խոսքերիս տարաբախտ վկան դարձյալ Հ1-ն է, որի եթերում վերջին շրջանում հաճախ է հայտնվում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական գովազդը: Մեզնից ոչ մեկը երբեւէ գոհ չի եղել մեր որեւէ նախարարությունից. հանրային գիտակցության մեջ բոլորն էլ մի սանրի կտավ են՝ իրենց կաշառակեր, հղփացած, մեծ ու փոքր պաշտոնյաներով: Նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ «քցում» են մարդկանց, բայց այդ նախարարություններին համենայնդեպս հատկանշական է հատուկ պատրաստված հոլովակներով եւ պետական կոչված հեռուստաընկերության եթերում բաց-ափաշկարա իրենց չգովազդելու եզակի առաքինությունը:



Եվ ահա հայտնվել է մի նախարարություն, որ առանց վարանելու զբաղված է բարոյական «քցումով»՝ իր արած ու չարած գործերի մասին հանրության առջեւ թամաշա ու թատրոն սարքելով, թեեւ պետական այդ մարմինը նույնիսկ արած գործը գովազդելու իրավունք չպիտի ունենար, որովհետեւ իր արածը օրենքի ուժով իրեն իսկ վերապահվածն է՝ իր պարտքը: Բայց՝ չէ, սփյուռքի նախարարությունն ու նրա տիրուհին որոշել են Հ1-ով մի լավ «գովազդվել», ընդ որում՝ սերիալ եղանակով: Ո՛վ չգիտի, որ գովազդը, այն էլ սերիալներով, թանկ հաճույք է: Բայց սփյուռքի նախարարությունը թանկ հաճույքի տակից էժան դուրս գալու եղանակն էլ է գտել. նա իր գովազդային սերիալի համար ոչ թե դերասաններ է հրավիրում՝ ֆինանսական ու հարակից անհարմարություններով հանդերձ, այլ սերիալի գլխավոր հերոս է դարձնում իր իսկ նախարարուհուն, որով ի չիք է դառնում հրավիրյալ դերասանի վրա փող ծախսելու պարտավորությունը, մանավանդ որ՝ իր նախարարուհին ինչո՛վ դերասան չէ:



Եվ գովազդ-սերիալում նպատակասլաց կերպով ու հետեւողականորեն կերտվում է հայրենիքին ու ժողովրդին անսահման նվիրված մտավորական կնոջ եւ բազմաչարչար պաշտոնեուհու կերպարը: Ամենայն մանրամասնությամբ պատմվում է, թե նրա ղեկավարությամբ ի՛նչ մեղվաջան աշխատանքով է զբաղված նորաստեղծ նախարարությունը, ի՛նչ հայացունց հաջողությունների է հասել կարճատեւ գոյության ընթացքում, որքա՛ն շատ են հայանպաստ ու հայրենանպաստ ծրագրերը: Հայրենանպաստների հետ՝ նաեւ հայերենանպաստ ծրագրերը եւ, անշուշտ, դրանց թագն ու պսակը՝ 2010 թվականը մայրենի լեզվի տարի հռչակելու հերոսական քայլը:



Սփյուռքի նախարարությունը, ժամանակին  խիստ  եռանդուն գովազդելով ու քարոզելով «մայրենի լեզվի տարվա» նախաձեռնությունը, այնուհետեւ կարծես մոռացավ դրա մասին, այլապես վերջին հինգ ամիսների ընթացքում գոնե մեկ անգամ կխոսեր «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու եւ օտարալեզու դպրոցներ բացելու պետական դավադրության դեմ, գոնե կտրտնջար, որ դա քամահրանք է իր հռչակած «մայրենի լեզվի տարվա» նկատմամբ: Հատկապես որ կառավարությունն ու գործընկեր ԿԳ նախարարությունը դավադրությունը ձեռնարկեցին սփյուռքի նախարարության նշված ծրագրի շրջանակներում՝ թեկուզ հենց միայն ժամանակի առումով: Եվ միթե նախարար տիկինը չտեսավ, որ գործընկերների արածն իսկապես բացահայտ ծաղր է իր նախաձեռնության հանդեպ:



Ուրեմն եթե ոչ պետական գործչի (որպիսին ներկայանում է) իմաստնությունը, ապա գոնե կանացի արժանապատվությունը պիտի ստիպեր նրան հրաժարականով ընդվզելու կամ էլ, թեկուզ, մեկ-երկու խոսքով առերեւույթ ընդդիմանալու: Բայց նախարար տիկինն առայսօր լուռ է. նա դեռ ջահել հասակից է սովորել հնազանդ հարսնություն անել ամեն կարգի վերադասի առջեւ ու ազգային ավանդույթներին չի դավաճանում:  Հետեւաբար նրան մի բան է մնում՝ իր անփառունակ ձախողման փաստը հանրության հիշողությունից ջնջել՝ պարբերաբար գովազդներում նկարահանվելով, չնայած որ հրաշալի գիտի՝ մեզ վաղուց այլեւս թատրոն պետք չէ: Մանավանդ՝ իր կարգի դերասաններով:



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ