Արտակ Զեյնալյան. Գանգատային շարժում ՄԻԵԴ-ում

Արտակ Զեյնալյան. Գանգատային շարժում ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ լսվող երկու գործերը ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից են: Հակամարտության արդյունքում տեղի են ունեցել միջամտություններ մարդկանց իրավունքների նկատմամբ, եւ նրանք,  օգտվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընձեռած հնարավորությունից, ներկայացրել են գանգատներ: Սակայն կարծում եմ՝ Եվրոպական դատարանի վճիռն այս պարագայում ավելի շատ քաղաքական ուղղվածություն կունենա, քան դա մինչեւ հիմա նկատելի է եղել, եւ մինչեւ վերջ չի կարգավորի խնդիրը: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ դատարանի վճիռը շատ ավելի խիստ կլինի երկու պետությունների կառավարությունների նկատմամբ, քան մինչեւ հիմա եղածները:



Իսկ մինչեւ հիմա եղածները, կարծում եմ, շատ լոյալ են եղել երկու պետությունների կառավարությունների նկատմամբ, եւ հիմա դա կկոմպենսացվի: Ենթադրում եմ, որ Հյուսիսային փողոցի գործերի նման ինչ-որ մի լուծում կտրվի դրան եւ ինչ-որ տեղ  նաեւ կկանխորոշի կամ փոխադարձ հարաբերակցության մեջ կլինի Մինսկի խմբի գործունեության ու նրա արդյունքների հետ որոշակի փոխհամաձայնեցվածություն կունենա: Իհարկե, պետք է արձանագրել, որ Եվրոպական դատարանում այս ոլորտում հակամարտության մեջ Հայաստանը տեղի է տվել: Հայաստանը բավականին հետ է ընկած եւ հետեւողական չի եղել ներկայացված լինելու այն աստիճանով, որքանով որ խախտված են Հայաստանի հետաքրքրությունների տիրույթում գտնվող մարդկանց իրավունքները:



Հանուն արդարության պետք է արձանագրել, որ այս ոլորտում հայաստանյան սուբյեկտները եղել են բավականին պասիվ: Իհարկե դա չի նշանակում, թե Ադրբեջանի հետաքրքրության տիրույթում գտնվողների իրավունքներն ավելի շատ են խախտված, բայց կազմակերպական առումով հայաստանցիները տուժել են: Մյուս կողմից այս, այսպես ասած, գանգատային շարժման մեջ լուրջ խնդիրներ կան այն իմաստով, որ հայկական կողմը, որ Ադրբեջանի դեմ բողոքում է, նաեւ բողոքում է սեփական կառավարության դեմ այդ նույն իրավունքի խախտման մասով՝ Բուզանդի փողոցի բնակիչների սեփականազրկման գործերը եւ այլն: Այս առումով հայկական կողմն ինչ-որ տեղ թուլանում է: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի դիտարկմանը, թե ԼՂՀ-ն եւ նրա հարակից տարածքները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության եւ վերահսկողության ներքո, կարծում եմ՝ շատ թույլ փաստարկ է:



Բավականին զարգացած իրավակիրառ պրակտիկայի նախադեպեր կան այդ առումով: Միեւնույն ժամանակ այս գործերը լիովին անկախ եւ կտրված չեն այլ նմանատիպ գործերից: ՀՀ-ի դեմ նաեւ ներկայացված են գանգատներ իրավունքից զրկելու եւ անմարդկային վերաբերմունքի մասով, որը տեղի է  ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ պատասխանող կողմ ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը: Սա կարող է որպես փաստարկ բերվել: Փաստ է նաեւ, որ այստեղ Եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձինք անհետեւողական են գտնվել, գուցե չափից ավելի «ջանք» են գործադրել Հայաստանին պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներից եւ հաշտության համաձայնություններով չեն լուծել այդ խնդիրները:



Կարծում եմ, որ ՄԻԵԴ վճիռը վերջնական լուծումներ չի տա եւ որոշակի կարգավորող մեխանիզմներ ստեղծելու հանձնարարականներ կտա երկու երկրների իշխանություններին՝ պաշտպանության արդյունավետ միջոցներ  ստեղծելու: Նաեւ քաղաքական ուղղվածություն կունենա: Ինչ-որ տեղ կուժեղացնի ՄԽ գործընթացները ու նաեւ ինչ-որ տեղ սնուցում կստանա այդ գործընթացներից. այսպես ասած, փոխադարձ կամրջակներ կլինեն՝ միմյանց լրացնելու եւ օգնելու:



Արտակ ԶեՅՆԱԼՅԱՆ

Իրավապաշտպան, իրավաբան