Հնաբնակ ՀՀԿ-ականներին «զորացրո՞ւմ են»

Հնաբնակ ՀՀԿ-ականներին «զորացրո՞ւմ են»
ՀՀԿ հիմնադիրներից ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեզ հետ զրույցում համարյա հաստատեց, որ ՀՀԿ-ում սերնդափոխություն է սպասվում:

- Պարոն Կարախանյան, տեւական ժամանակ է՝ խոսվում է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակում երիտասարդներ են լինելու, որ ՀՀԿ հնաբնակներից ազատվում են: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Շատ նորմալ: Ամեն մի հայկական օջախում սերնդափոխություն է լինում: Իսկ կառույցը՝ դա լինի կուսակցություն թե սպորտային թիմ, ես կարծում եմ, որ բնական երեւույթ է, եւ պիտի գնան հները, նորերը պիտի գան:



- Այսինքն ճիշտ են խոսակցությունները, որ Տիգրան Սարգսյանի թիմն է ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում լինելու...



- Խոսակցությունները ես չգիտեմ ինչի մասին են, բայց մի բան գիտեմ՝ դա բնական երեւույթ է եւ ոչ միայն հարիր է հայ ժողովրդին, այլ բոլոր ժողովուրդներին, եւ ոչ միայն Հանրապետականին, այլ բոլոր կուսակցություններին: Դա որոշում է գործադիր մարմինը: Ես գործադիր մարմնի անդամ չեմ, խորհրդի անդամ եմ: Բայց եթե գործադիր մարմինը նպատակահարմար գտնի էդպես, որեւէ ողբերգական բան չեմ տեսնում: Էստեղ շատ կարեւոր է, որ սերնդափոխությունը լինի էվոլյուցիոն ճանապարհով եւ ոչ թե հեղափոխական:



- Ասել է թե՝ հնարավոր է նաեւ հեղափոխակա՞ն ճանապարհով ՀՀԿ-ում սերնդափոխություն լինի:



- Ես մասնավոր հարցի չեմ պատասխանում, ես ասում եմ աշխարհում առկա այն երեւույթները, որոնք որ յուրահատուկ են բոլոր ժողովուրդներին, բոլոր կուսակցություններին եւ բոլոր ՀԿ-ների համար:



- Որպես նաեւ կուսակցության հիմնադիր՝ չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն ու Դուք օգտագործվեցիք, եկան օլիգարխներ, որ կուսակցության հետ բացարձակ կապ չունեն, հիմա հնաբնակներից ազատվում են:



- Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդպիսի մտքեր: Շատ համերաշխ է էսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ սերունդների համերաշխությունը, մեկը մյուսի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, եւ ես չեմ կարծում, որ էդպես իմպերատիվ, մահակով հարցեր են լուծում: Ես կարծում եմ՝ բացարձակապես կապ չունի իրականության հետ:



- Իսկ Դուք ՀՀԿ ցուցակում լինելո՞ւ եք, քննարկվե՞լ է, թե կոնկրետ որ տեղում եք Դուք:



- Ի՞նչ ցուցակ: Ցուցակի մասին խոսք չկա: Դեռ 1,5 տարի կա, որ ընտրությունները լինեն: Առաջին անգամ եմ լսում, որ «ցուցակ» արտահայտությունը շրջանառության մեջ է դրվել: Էդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Գոնե ես մոտիկ եմ կուսակցության հիերարխիայի վերին շերտերին, ես էդպիսի խոսակցություն որեւէ մեկի շուրթերից չեմ լսել:



- Պատրա՞ստ եք հաջորդ խորհրդարանում չլինել:



- Ես պատրաստ եմ կուսակցության հրահանգները կատարել:



- Իսկ Ձեր կարծիքով եկող ընտրություններում Հանրապետականն ինչպե՞ս է ձայներ հավաքելու, էլի կիրառվելու է ընտրակաշառքի եւ կեղծիքների՞ մեթոդը:



- Հարցերի որակը իրականությունից չի բխում, դրա համար երբեմն մտքովս անցնում ա չպատասխանել...: Հնարավոր է Հանրապետականում էլ լինեն մարդիկ, որ ուզենան արջի ծառայություն մատուցել: Բայց ես բոլոր ընտրություններին մասնակցում եմ Ավան տարածքում, եւ իմ համար շատ անընդունելի է Ձեր ասած մտքերը: Էդպիսի բաներ ես երբեք չեմ տեսել, ոչ էլ լսել եմ (հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների ժամանակ հենց Ավանում էին Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ընտրատեղամասից գողացել եւ խոշտանգել «Հարսնաքարում»՝ Մ. Խ.):



- Պարոն Կարախանյան, Երեւանի քաղաքապետի քարոզարշավի ժամանակ Ավանում Կոնգրեսի համակիրներից մի կնոջ գլուխ էին բացել քարով, եւ ասվում էր, որ այդ խմբի մեջ էին նաեւ Ձեր տղաները:



- Շատ ճիշտ ա:



- Պատասխան տվեցի՞ն Ձեր տղաները դրա համար, եթե մասնակցել էին դեպքին:



- Իհարկե չէին մասնակցել եւ ընդհանրապես էդ մասնակցությունն էդպիսին ա եղել՝ էդ կինը եւ մի քանի կանայք, որոնք հատուկ մարզված վիճակում եկել էին Ավան ոչ սթափ վիճակում, հարբած...:



- Միգուցե Ձեր տղա՞ն է հարբած եղել...:



- Իմ տղան չի խմում: Ես էդ կանանց տեսա, հիշեցի Շամիրամի կախովի այգիները: Այսքանը, էլ ասելիք չունեմ: