Մի քիչ՝ «գրեշնիկ», մի քիչ՝ ստորադաս, մի քիչ՝ բարոյալքված

Մի քիչ՝ «գրեշնիկ», մի քիչ՝ ստորադաս, մի քիչ՝ բարոյալքված
ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ուղեղին երեկ էր հասել նախօրեին Գագիկ Ծառուկյանի հասցեին Ալեքսանդր Շիրվանզադեի խոսքերով կեղծ բարեգործության մեջ բացահայտած Վիկտոր Դալլաքյանի հայտարարության իմաստը: Կամ՝ հասցրել էին: Ու սա, մոռացած լինելով սանիկի տուն սեւ աքլոր ուղարկելու ժողովրդական ավանդույթը,  շրջում էր ընդդիմադիր լրագրողների մեջ ու տարածում բանական, քրիստոնյա եւ ընդհանրապես մարդկության զարգացման ամենաստորին աստիճանից թեկուզ մի քանի միլիմետր վեր կանգնած ցանկացած մարդու ուղեղում չտեղավորվող մի տեքստ՝ վստահ, որ ընդդիմադիր մամուլը կհրապարակայնացնի այն: Երեւի կարծում է, որ ընդդիմադիր լրագրողներն ի զորու են քանդել անգամ Աստծո կնիքը: Նախապես հայցելով մեր ընթերցողների ներողամտությունը, Վարդան Բոստանջյանի «քերթվածքը» չենք կետադրում կամ ուղղում՝ օրենքներ գրելու առաքելություն ստացածի գիտելիքների մասին տպավորությունները չփչացնելու նպատակով միայն:



«Ինձ չափազանց վշտացրեց, եթե կուզեք զայրացրեց «նույն» կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանզի որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եւ պատգամավոր, ես պաշտպանում եմ այն սկզբունքներն ու մոտեցումները, այն հրամայականները, որոնց կրողն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ որն ինձ հոգեհարազատ է: Նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծու օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»,-գրել էր ու ստորագրել՝ Վարդան Բոստանջյան:



Պարզաբանենք՝ «սուրբ գործ» ասելով, պարոն Բոստանջյանը նկատի ունի իր քավորությունը: Նա Վիկտոր Դալլաքյանի որդու՝ Երվանդ Դալլաքյանի հարսանիքի խաչքավորն է: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում վերոնշյալ բարբաջանքն ու ինչ նպատակ է հետապնդում: Նախօրեին Վիկտոր Դալլաքյանը կեղծ բարեգործի մասին Շիրվանզադեի նկարագրությունն ընթերցել էր որպես հայտարարություն, ու  բոլորը հասկացել էին, որ նկատի ունի Գագիկ Ծառուկյանին: Ասվածը խուճապահար հոգեվիճակում հաստատել էր Ծառուկյանի կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ու ավելի բարդացրել իրավիճակը:



Շիրվանզադեից փոխառած տեքստում կար հետեւյալ արտահայտությունը. «Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջեւ սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Բայց... սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջեւ երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքա, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին...»:



Վարդան Բոստանջյանն ի՞նքն էր հասկացել, որ նույնանում է «նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչների» ու «արբանյակների» հետ, թե՞ ստիպել էին, որ հասկանա, բայց փաստը մնում է փաստ, որ խրվել է աներեւակայելի խավարի մեջ՝ հանուն իրեն «հոգեհարազատ» ԲՀԿ «հրամայականների» ուրացել է երիտասարդ ընտանիքի հոգեւոր ուղղորդությունն Աստծո կամքով ստանձնած պարտավորությունը: Հասկանալի է, իհարկե, որ ՀՀ բարոյալքված քաղաքական դաշտում կնունքն ու խաչքավորությունը վերածվել են շահադիտական խնդիրներ լուծելու ավանդույթի, բայց դժվար է պատկերացնել, որ տաճարում երդում տված մարդու ուղեղում կարող է նստած չլինել «Հույս, հավատ եւ մկրտություն» խորհրդի գիտակցությունը, ու մարդը կարող է այդքան հեշտ ու այդօրինակ քստմնելի տեքստով հաստատել իր ուրացումը:



Լրագրողներից մեկին Բոստանջյանը երեկ ասաց, որ կարող է նաեւ մի քիչ «գրեշնիկ» լինել, մեկ այլնին՝ որ քայլը կատարել է Աստծո կամքով: Միգուցե կարելի լիներ ասել. «Ներիր նրան, Տեր Աստված, քանզի չի գիտակցում թե ինչ է անում», եթե վստահ լինեինք, որ իսկապես չի գիտակցում, ու իր չափանիշներով էլ «Աստծու կամքն» իր տիրոջ կամքը չէ, որ Գագիկ Ծառուկյանն է: Ինձ ծանոթ քահանաներից մեկը երեկ ապշել էր, երբ խնդրեցի բացատրել Բոստանջյանի արարքը: «Ինչպես հայրը չի կարող լքել իր որդուն, այնպես էլ հոգեւոր հայրը չի կարող լքել իր սանիկներին:



Այդ պարտավորությունը նա ստանձնել է Աստծու կամքով, ու նույնիսկ եկեղեցին չի կարող քանդել այն կապը, որ կա քավորի ու սանիկի միջեւ: Մեղք է նման արարք կատարելը ու շատ ցավալի»,-բացատրեց քահանան, որն առաջին ագամ էր լսում նման դեպքի մասին՝ հրաժարվել քավորությունից հանուն կուսակցության ու չկարողանալ հաղթահարել հոգեւոր պլանում առաջացած խնդիրները: «Խաչքավորությունը մարդիկ սկսել են ստանձնել ըստ հասարակական-քաղաքական աստիճանների, հանուն նյութական շահի: Չգիտակցված են ստանձնում այդ պարտավորությունը, դա է մեղքը»,-ասաց: