Միայն «Ջիփերով» ու «Հունդայիներով»

Միայն «Ջիփերով» ու «Հունդայիներով»
Արցախի Հանրապետությունում, որտեղ շատ հանգիստ կարող է տեղավորվել 1-2 միլիոն մարդ, բայց վերջին 20 տարում բնակչության թիվը տատանվում է 140-145-ի սահմաններում, այսինքն՝ այդ երկրամասն ընդամենը ժամանակակից քաղաքի մի թաղամասի բնակչություն ունի, պաշտոնյաներն առավելապես երթեւեկում են արտասահմանյան «հունդայիներով», «ջիփերով» ու «մերսեդեսներով»։ Աղքատ այս երկրամասը, որտեղ թոշակառուների գերակշիռ մասի նպաստը նույնիսկ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալու համար եւ որտեղ բարձր պաշտոնյաները հաճախակի են ժողովրդին հիշեցնում, թե «բյուջեում փող չկա», իշխանությունները ջանք չեն խնայում իրենց բարեկեցությունը եվրոպական մակարդակով կազմակերպելու համար։ Իսկ սկանդինավյան երկրների պաշտոնյաներն ուղղակի նախանձով կնայեն փոքրիկ այս երկրի չինովնիկների ապրելակերպին։



Պաշտոնական Ստեփանակերտի հավաստի մի աղբյուրից պարզել ենք, որ պետական-պաշտոնական այդ սեւ փոխադրամիջոցների (շարքային արցախցիները կատակով դրանք անվանում են հուղարկավորության մեքենաներ)՝ «հունդայի-ջիփերի» թիվն Արցախում հասնում է 85-90-ի։ Ավտոմեքենաներ, որոնց միջին գինը մոտավորապես կազմում է 25-26 հազար դոլար։ Դրանցից յուրաքանչյուրը պահելու համար տարվա կտրվածքով ծախսվում է շուրջ 1,2 մլն դրամ։ Էլ չենք խոսում ավելի բարձր պաշտոնյաների պաշտոնական փոխադրամիջոցների մասին, որոնք աստղաբաշխական գին ունեն։ Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ արտասահմանյան այդ ավտոմեքենաներն Արցախ ներկրողը երկրի նախագահի քրոջ որդին է։ Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանից տեղական արտադրության մարդատար ավտոմեքենաներ կարելի էր ձեռք բերել 4-5 անգամ էժան գնով։ Մեքենաներ, որոնք շատ ավելի համեստ ծախս (վառելիք եւ այլն) են պահանջում։



Աղքա՞տ է Արցախը։ Նայած, թե մեդալին որ կողմից ես նայում։ Մեդալի մի երեսը, որ ներկայացնում է Արցախի ժողովրդին, իսկապես շատ խղճուկ ու ողորմելի տեսք ունի։ Մյուս երեսը ոչ մի կապ չունի վերջինիս հետ։ Սա Արցախի ճոխ ու շքեղ հատվածն է՝ երկրի իշխանություններն ու նրանց հովանավորյալ «գործարար» աշխարհը՝ օլիգարխները: Չէ, այնուամենայնիվ, Արցախի իշխանությունները երբեմն հոգում են ժողովրդի մասին։ Պաշտոնական կայքերից մեկում կարդացինք, որ «2010 թ. նոյեմբերի 1-ից 2500 դրամով ավելացվելու են կենսաթոշակառուների թոշակները»։ Ինչպիսի՜ մեծահոգություն։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ