Քաղբանտարկյալների հարցին չցանկացան խառնվել

Քաղբանտարկյալների հարցին չցանկացան խառնվել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը երեկ ներկայացրել է սեպտեմբերի 6-15-ը իրականացրած իր հայաստանյան առաքելության արդյունքները: Պատվիրակությունն առաջին անգամ է Հայաստանում: Այս օրերին պատվիրակության անդամները հանդիպել են օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներին, եղել ՔԿՀ-ներում ու մեկուսարաններում, զրուցել 153 կալանավորի հետ: Ինչպես սովորաբար լինում է միջազգային կառույցների փաստահավաք խմբերի ու պատվիրակությունների զեկույցների ժամանակ, այս անգամ էլ ուսումնասիրության արդյունքներից խոսվեց չափավոր ու զգուշավոր՝ հիմնականում ընդհանուր ձեւակերպումներ, որոնք հայտնի են բոլորին:



Պատվիրակության ղեկավար Էլ Հաջի Մալիկ Սոուն իր զեկույցն սկսեց դրական նոտայով: Ասաց, որ այն փաստը, որ իրենց աշխատանքային խումբը Հայաստանում է, ինքնին խոսում է Հայաստանի կառավարության քաղաքական կամքի մասին, գովաբանեց Սահմանադրական դատարանն ու նրա նախագահին՝ «քաջարի ու գիտակ» անվանելով Գագիկ Հարությունյանին: Հետո խոսեց ՀՀ քրեական օրենսդրությունը բարելավելու քայլերից, նկատեց, որ Հայաստանում դատապարտվածներն իրենց հարազատների հետ երկարաժամկետ տեսակցությունների հնարավորություն ունեն: Պատվիրակությունը «մտահոգիչ երեւույթների» էլ է բախվել:



Էլ Հաջի Մալիկ Սոուն դրանցից  2-3-ին անդրադարձավ: Ասաց, որ դատախազությունն ու ոստիկանությունը հսկայական լիազորություններ ունեն, որը չի համապատասխանում միջազգային պրակտիկային: Օրինականության սահմաններից դուրս համարեց ոստիկանություն, այսպես ասած, զրույցի կանչելու արատավոր սովորույթը, որն ուղեկցվում է բռնությամբ ու խոշտանգումներով, իրականացվում առանց ոստիկանության գրանցամատյանում նշելու ու առանց փաստաբանի ներկայության: Թերացումների շարքում փորձագետն առանձնացրեց նաեւ կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը, որը նպաստում է կոռուպցիայի զարգացմանը, օրինակ, կաշառք քիչ ծանրաբեռնված խցեր տեղափոխելու համար, սանիտարահիգիենիկ անմխիթար պայմաններն  ու դատական համակարգի անկախության բացակայությունը:



«Մեղադրող ու պաշտպանող կողմերի միջեւ լծակների անհավասարություն կա: Քննիչներն ու դատախազը գերիշխում են, դատավորները կայացնում են դատախազի որոշմանը համապատասխան վճիռներ»,-արդարադատության համակարգի վերաբերյալ նշեց Սոուն՝ հավելելով, որ փաստացի չեն գործում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման ու պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտները: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, պատվիրակությունն այս հարցում չափազանց խուսափողական էր:



«Այս 13 անձանց վերաբերյալ որեւէ կարծիք չենք հայտնել դիտավորյալ, պետք է պարզել՝ արդյո՞ք դա քաղաքական բնույթի է, թե՞ ոչ։ Մենք գիտենք, որ այդ հարցով այս երկրում մեծ քննարկումներ են լինում։ Ճամբարներից մեկը համարում է, որ նրանք քաղբանտարկյալներ են, մյուս ճամբարը չի ընդունում այդ որակումը։ Մենք բավարար տվյալներ չունենք այս թեմայի շուրջ մեր կարծիքը հայտնելու համար։ Մենք չցանկացանք խառնվել այս քննարկումներին, որովհետեւ մեզ հարկավոր է ամբողջական գործ երկու կողմերից էլ»,-ասաց պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ նրանք քրեական հոդվածներով են դատապարտվել: Եթե նրանք ըստ սահմանված ընթացակարգի դիմեն աշխատանքային խմբին, այդ գործերով կզբաղվեն եւ վերջնական որոշում կկայացնեն: Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է քաղբանտարկյալներից  4-ի՝ Հարություն Ուռուտյանի, Արամ Բարեղամյանի, Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի հետ:



Հետաքրքիր է, որ «Նուբարաշենում» քաղբանտարկյալները խմբի այցելության օրվանից 3-4 օր առաջ տեղափոխվել են «Էրեբունի» ՔԿՀ: «Այն 4 անձինք, որոնց հանդիպել ենք, մեզ ասացին, որ իրենց պայմանները շատ բարենպաստ են, մենք ինքներս էլ դրանում համոզվեցինք: Նրանք կիսաազատ ռեժիմով են ապրում եւ իրենց պայմաններից չեն դժգոհում»,-ասաց Էլ Հաջի Մալիկ Սոուն: Ինչ վերաբերում է ոստիկանություն բերման ենթարկված եւ խոշտանգումների արդյունքում այնտեղ արձանագրված մահացության դեպքերին, խմբի անդամներն այդ հարցի շուրջ էլ կառավարության հետ խոսել են: Կառավարությունը, ինչպես կարելի էր ենթադրել, ասել է, որ դրանք ինքնասպանություններ են։ Զեկույցի հրապարակումից հետո 2 տարում ՀՀ կառավարությունը պետք է զեկույցի հանձնարարականներն ի կատար ածի:



ՀԳ - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի ներկայացրածից այդպես էլ չհասկացվեց՝ նրանք Հայաստանում ապօրինի ազատազրկման դեպքեր արձանագրե՞լ են, թե՞ ոչ: Հստակ հարցադրումից հետո էլ պատվիրակության ղեկավարը խուսափողական պատասխան տվեց: Ասաց, որ իրենք միայն համապատասխան ընթացակարգով դիմում ստանալուց հետո կարող են կոնկրետ գործով զբաղվել ու կարծիք հայտնել: