Համընդհանուր անկում

Համընդհանուր անկում
Հայ իրականությունն այնքան է ձեւախեղվել եւ այլասերվել, որ երբեմն անգամ հեռավոր նմանություն չես գտնում համամարդկային արժեքների ու իրողությունների հետ համեմատելիս: Դա ակնհայտորեն երեւում է մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ միջանձնային հարաբերությունների մեջ, պետական կառավարման համակարգում, հասարակական ինստիտուտների գործունեության մեջ, բարոյականության ու կրթության, սպորտի եւ բարեգործության, արվեստի ու բնության նկատմամբ վերաբերմունքի մեջ: Սակայն գլուխգործոցն անշուշտ քաղաքական դաշտն է՝ իր կառլիկային, անբացատրելի, ոչ մի չափանիշների մեջ չտեղավորվող բնույթով: Երբ քաղաքական պայքարը վերածվել է մանր ստորությունների, իրար ետեւից բամբասելու, իրար տակ փորելու, իրարից բիզնես խլելու փորձերի: Երբ քաղաքական գործչի ամենանշանավոր ելույթը քաղաքական հավակնություններ ունեցող մեկ ուրիշին ցեխը կոխելու ակցիա է դառնում: Երբ ամենամեծ հերոսությունը դառնում է այդ ելույթին արժանի «ատվետ» տալը, եւ ամենաարժանի «ատվետը» դառնում է հրապարակավ քավորությունից հրաժարվելը, այս ամենը խոսում է հասարակական համընդհանուր անկման մասին: Այն զավեշտի մասին, որը ներխուժել է մեր կյանք: Բայց ամենակարեւորը՝ այն վտանգի մասին, որն անզեն աչքով նկատելի չէ: Եվ դա քաղաքական կոչվող գործիչների ու դաշտի վարկաբեկումն ու վերջնական հեղինակազրկումը չէ, այլ այն հուսահատությունը, որ այս մթնոլորտում զգում է ցանկացած մտածող մարդ: Երբ հասկանում ես, որ եթե սրանք են քո երկրի քաղաքականությունն իրականացնող անձինք, ապա եւ դու, եւ քո երկիրը, եւ քո զավակների ապագան դատապարտված են: Ու այս դատապարտվածության զգացումն է իրական ավերածություններ անողը, այլ ոչ թե կարիքն ու գործազրկությունը, թանկացումներն ու սահմանների փակ լինելը: