Տերովին տերն է տարել, Ղարաբաղին` գելը

Տերովին տերն է տարել, Ղարաբաղին` գելը
ՀՀ ԱԺ չորրորդ գումարման աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան ընթացավ Հայաստանի հասարակության առջեւ ծառացած օրախնդիր հարցերին զուգահեռ: Բացառությամբ մեկ-երկու պատգամավորի, «ազգընտր ժողովը» թքած ունեցավ ամռան ամիսներին հանրությանն ալեկոծած հարցերի վրա, լծվելով ներքին գզվռտոցների ու մորթափրկության գործին: Ձեռի հետ, իհարկե, փոքրաթիվ կազմով քննարկում էին նաեւ օրակարգում ընդգրկված հարցեր, որոնցից  ամենատպավորիչը աղբը կշռելու մասին քննարկումն էր:



Բայց ահա Ղարաբաղի հարցը մնացել էր ետնաբեմերում, թեպետ արդեն այս ամիս նախատեսված է ԼՂ ազատագրված տարածքների գույքագրում: Ուստի փորձեցինք պարզել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ են մտածում այդ ուղղությամբ պատգամավորները կամ մտածո՞ւմ են, թե՞ ոչ: Հայրենասիրությունը որպես քաղաքական կատեգորիա ընդունած Դաշնակցությանը միայն իմաստ ուներ հարցուփորձ անել: Արմեն Ռուստամյանին խնդրեցի կիսել մեզ հետ իր խոհերն այդ հարցի շուրջ, հիշեցնելով նրան, որ, անկախ այն բանից, որ իր կուսակցությունը գրավել է Խնձորեսկն ու շատ այլ տարածքներ, պաշտոնական Երեւանն արդեն ամրագրել է փաստաթղթերում, որ դրանք գրավյալ են, ու համաձայնել, որ գան-գույքագրեն: «Նախ ես կարծում եմ, որ հենց այսօրինակ հարցերի քննարկման ժամանակ պիտի Հայաստանը հայտարարի, որ չի կարող փոխարինել Ղարաբաղին:



Իսկ այդ տարածքները ԼՂ-ի իրավասության տակ են ու ամրագրված են այդ հանրապետության Սահմանադրությամբ»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց. «Մի կողմից մենք ասում ենք, որ պայքար ենք տանում Ղարաբաղին որպես կողմ ներգրավել բանակցային գործընթացում, մյուս  կողմից քայլեր ենք անում, որոնք անտեսում են Ղարաբաղը: Դա արդեն ինձ համար անընդունելի է, որովհետեւ նման քայլերով մերոնք Ղարաբաղը հեռացնում են ճանաչման գործընթացից»: Նա զարմանք հայտնեց, որ պաշտոնական Երեւանը նույնիսկ ջանք չի գործադրում Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ճանաչելու ուղղությամբ, ու այդ զարմանքն էր անհասկանալի, հաշվի առնելով ՀՀ քաղաքական դաշտում Դաշնակցության ակտիվ ներկայությունը, որը միշտ էլ համարժեք է եղել բացակայության:



Բայց Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձր մակարդակով հնչեցրել է Հովիկ Աբրահամյանը՝ Բրյուսելում, ու աջակցության խնդրանքով նամակներ է գրել տարբեր երկրների ԱԺ նախագահներին, բայց, չգիտես ինչու, այդ նամակները չեն տեղադրվել ԱԺ պաշտոնական կայքում: Մեր հարցին, թե իր մտահոգությունները չե՞ն հաստատում այն փաստը, որ Հայաստանում իշխանական տաբեր օղակների ու գերատեսչությունների միջեւ գոյություն չունեն ինստիտուցիոնալ հարաբերություններ, ու հարցերի բարձրացման հանգամանքը դառնում է կամ ինքնանպատակ, կամ ինքնագովազդ, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Կան այդ էլեմենտները, բայց ոչ այնքան լիարժեք եւ ոչ այնքան ադեկվատ այսօրվա մարտահրավերներին»:



Որպես Ղարաբաղի հարցի իրավական հիմքերի քաջատեղյակ գործիչ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն առավել խիստ գնահատականներ հնչեցրեց ԼՂ հարցի պաշտպանության գործում երկրի պատկան մարմինների հասցեին: «Հայաստանի Հանրապետության ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական մարմիններն ու միտքը ԼՂ հարցի ուղղությամբ չեն աշխատում: Իսկ հասարակական հարթությունում տեղի ունեցող ջանքերը, ինչպես հասկանում եք, արդյունավետ չեն կարող լինել: ԼՂ անկախության իրավական հիմքերը երբեւէ չեն դարձել ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային հարցը»,- նշեց Լ. Ալավերդյանը:



Մեր հարցին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ղարաբաղի համար ազատագրված տարածքների գույքագրման ծրագիրը, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ Արցախին առայժմ ոչինչ չի սպառնում այն առումով, որ Մինսկի խումբը, չունենալով հստակեցված մանդատ, չեմ կարծում, որ այն ինստիտուտն է, որը կարող է ազդել հարցի կարգավորման վրա: Իրականում այն դարձել է քաղաքականացված շահարկումների առարկա, որի հիմքում ընկած է տարածքների վրա իրենց ազդեցությունը տարածելու մի շարք երկրների շահը»: Տիկին Ալավերդյանի կարծիքով, այդ շահը ամենեւին էլ ԱՄՆ կամ Ռուսաստանի քաղաքականության ուղղությունը չի, եւ ԼՂ հարցի շուրջ հետաքրքրություններ են դրսեւորում նաեւ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիա, Իրան:



Միով բանիվ՝ Լարիսա Ալավերդյանը համոզված է` քանի որ ոչ Հայաստանը եւ ոչ էլ Արցախը պատշաճ չեն կարողանում ներկայացնել ԼՂ հիմնահարցը, ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին նաեւ այն պատճառով, որ այդ երկիրը հետեւողականորեն աշխատում է միջազգային կառույցների հետ: Իսկ ահա Հայաստանի քաղաքական գործիչներն ընդամենը հարցն օգտագործում են ներքին խնդիրներ լուծելու նպատակով՝ որպես քարոզչական մեթոդ: Ըստ տիկին Ալավերդյանի, բանը հասել է նրան, որ նույնիսկ Հայաստանի հասարակությունը մշուշոտ է պատկերացնում ԼՂ հարցը, գրեթե չի պատկերացնում հարցի կարգավորման ուղղությունը, իսկ արտգործնախարարությունն այդպես էլ չունի կարգավորման հստակ հայեցակարգ:



«Ի վերջո, ուղղակի հայտարարություններն ու կարգավորման ուղղությամբ ներդրված ջանքը տարբեր բաներ են: Ես հասկանում եմ, որ ԱԳՆ-ում իմ կողմից հարգված շատ աշխատողներ նեղանում են իմ ասածներից, բայց կրկնում եմ՝ մինչեւ ԱԳՆ-ն չունենա հարցի կարգավորման մշակված հայեցակարգ ու քաղաքականություն, որը հասկանալի կլինի հանրությանը, ես պիտի շարունակեմ պնդել, որ մենք չունենք արտաքին հարաբերությունների նախարարություն»: