Վազգեն Մանուկյանը Ռուբեն Վարդանյանին. Օտարալեզու դպրոցները կխորացնեն խնդիրները

Վազգեն Մանուկյանը Ռուբեն Վարդանյանին. Օտարալեզու դպրոցները կխորացնեն խնդիրները
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ է հղել “Դիլիջան միջազգային դպրոց” նախագծի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանին.

Հարգելի պրն Վարդանյան: ՀՀ Հանրային խորհրդի անդամները շատ են կարևորում մեր երկրի ակտիվ ներգրավումը համաշխարհային գործընթացներում` պահպանելով մեր ազգային ինքնությունը, լեզվամտածողությունը և մշակութային արժեքները: Այդ խնդրի լուծումը մեր կարծիքով էապես կախված է կրթական համակարգից, որը, ցավոք սրտի բարվոք վիճակում չէ: Այստեղ կուտակված են բազմաթիվ խնդիրներ և, Հանրային խորհուրդը ուսումնասիրելով դրանք, փորձում է համապատասխան առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը:

Ուրախալի է, որ վերոհիշյալ խնդիրը մտահոգում է նաև Ձեզ:





Հանրային խորհրդի կարծիքով օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ և կրթական համակարգում եղած խնդիրները, այլև էլ ավելի կխորացնեն դրանք: Ճիշտ չէ այն կարծիքը, որ առաջարկվող օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը: Անհրաժեշտ է կրթական համակարգի բոլոր օղակներում ապահովել որակի շեշտակի բարձրացում: Մեր երկրի ապագան, նրա ինքնության աստիճանը, ժամանակակից աշխարհի հետ համաչափ քայլելու ունակությունը կախված են այն բանից, թե կհաջողվի± արդյոք մեզ կարճ ժամանակահատվածում կտրուկ բարձրացնել կրթության որակը` հիմնվելով “Լեզվի մասին” գործող ՀՀ օրենքի վրա:



Ցանկանում եմ հիշեցնել, որ նույնիսկ ստեղծված պայմաններում հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր հայկական դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Սակայն նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու:



Պատահական չէ, որ “Լեզվի մասին” ՀՀ օրենքի մեջ առաջարկվելիք փոփոխությունները, հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մեր երկրում: Դրանց դեմ է արտահայտվում նաև ազգային մտավորականության մի ստվար հատված, որոնցից շատերը ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և վաղուց ինտեգրվել են համաշխարհային գործընթացներում: Նման դիմադրությունը օրենքի փոփոխման հանդեպ զգացմունքային և արհեստական չէ, այն ունի խոր արմատներ:

ՀՀ Հանրային խորհուրդը այս մասին արդեն արտահայտել է իր տեսակետը: Հարցի վերջնական լուծումը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:

“Դիլիջան միջազգային դպրոց” նախագծի մասին տեղեկացանք Ձեր կողմից ՀՀ Հանրային խորհրդին ուղղված նամակից:



“Լեզվի մասին” գործող ՀՀ օրենքի համաձայն` ծրագիրը կարող է իրականացվել օտարերկրացիների` այդ թվում նաև սփյուռքահայերի համար: Ծրագրի լիարժեք տեղայնացումից ու հայկականացումից հետո, այդ ուսումնական հաստատությունում կարող են առանց սահմանափակումների ուսանել Հայաստանի բոլոր քաղաքացիները: Կարծում ենք, որ Ձեր ծրագրի իրականացման համար ուշադրության են արժանի նաև այն առաջարկները, որոնք ներկայացվել են “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” նախաձեռնող խմբի կողմից /http://www.publiccouncil.am/news.php?id=43&l=2/:



Ծանոթ լինելով Ձեր կողմից մշակված և իրականացված ծրագրերին` հարգանքով ենք վերաբերվում կրթական համակարգի բարելավման մեջ ներդրում ունենալու Ձեր ցանկությանը: Կարևորելով Ձեր նախաձեռնությունը նպատակահարմար ենք գտնում, որպեսզի կրթական ոլորտին վերաբերող ինչպես Ձեր, այնպես էլ մյուս կազմակերպությունների ծրագրերը հանգամանալից քննարկվեն հասարակության լայն շերտերի հետ: ՀՀ Հանրային խորհուրդը իր կողմից պատրաստակամություն է հայտնում մասնակցել և աջակցել այդպիսի քննարկումներին: