Ինտերնացիոնալ ինտեգրացիա

Ինտերնացիոնալ ինտեգրացիա
Վերջերս մի տեղ կարդացի, որ հայտնի կինոդերասան Բրեդ Փիթն ինքնաթիռում դավաճանել է կնոջը` Անջելինա Ջոլիին: Այս մասին ամերիկյան «Սթար» պարբերականին ասել է  ԱՄՆ-Ֆրանսիա չվերթի ուղեկցորդուհի Ռասինը, որը չի թաքցրել, որ նախկինում էլ սեռական հարաբերություններ է ունեցել ամուսնացած հայտնի տղամարդկանց հետ: Ինձ համար հետաքրքիրը ոչ թե Բրեդ Փիթի դավաճանության փաստն էր, այլ վայրը, որտեղ իրականացվել էր ակտը: Իրոք, պատկերացնո՞ւմ եք՝ սեքս հարյուրավոր մարդկանց շրջապատում, ինքնաթիռի մեջ` անօդ տարածությունում: Հրաշալի է… արժե:



Մտքովս մի բան անցավ: Տեսնես մերոնք` վերեւները, կայֆի այս ձեւի մասին մտածե՞լ են: Դե պարզ է, չէ՞, որ հասարակ մահկանացուներս միայն կարող ենք կարդալ, զարմանալ եւ նախանձել: Բայց նրանք` ամենազորները, հաստատ նման հնարավորություն չպետք է ձեռքից բաց թողնեն:  Չէ, հաստատ արած չեն լինի, նույնիսկ մտքներով անցած չի լինի: Մենթալիտետի հարց է: Համ էլ՝ սրանք ամեն օր առավոտից երեկո  իրենց  աշխատասենյակներում նստած, այդ գործով են զբաղված: Բրեդ Փիթը գայթակղության չդիմացավ,  ձեռքը մի ուղեկցորդուհի էր ընկել` առիթը չկորցրեց:



Սրանք իրենց սպասարկող մի ամբողջ ժողովուրդ ունեն, էլ ինչո՞ւ պետք է վտանգեն իրենց իմիջը: Ոնց ուզում անում են: Ընդհանրապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանից դուրս: Մերոնք ինչ  անում են քաղաքական դաշտում, արեւմուտքցիներն անմիջապես copy-paste են  անում եւ իրականացնում վերտուալ` անօդ տարածությունում: Հիշո՞ւմ եք օդանավից հղած ողջույնը Թուրքիայի նախագահին եւ քիչ ուշացած, բայց  անկեղծ պատասխանը` Ախուրյանի այն ափից: Շատ չի անցել փոխադարձ օդային ողջույններից, եւ ահա, Արեւմուտքում մեր հայտնագործությունը գողացան եւ տեղայնացրին:



Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը Twitter-ի իր էջում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստ Կակային հետեւյալ գրությունն է հասցեագրել. «Էներգիա եմ քեզ ուղարկում` հնարավորինս շուտ ապաքինվելու համար»: Նույն բանն է` հենց ապաքինվի, սահմանները կբացվեն: Տվյալ դեպքում սահման ասվածը արեւմտյան մտածողության շարքից է, այլ ոչ հայ-թուրքական: Հայտնի ֆուտբոլիստը հիմա ավելի արագ է ապաքինվում, քան սպասվում էր: Դե պարզ է, առջեւում գործ կա անելու` Դեմի Մուրն է սպասում:



Այն, ինչ հաջողվեց Ֆիլիպին, չստացվեց Վիկտոր Դալլաքյանի մոտ: Խոսքը Կիրկորով Ֆիլիպի մասին է, որը հաջողությամբ բաժանվեց Պուգաչովայից եւ այժմ 10 մլն դոլարով վաճառքի է հանել այն բնակարանը, որը ձեռք էր բերել Ալլայի հետ համատեղ կյանքի ընթացքում: Ֆիլիպի եւ Ալլայի ապահարզանի ժամանակ տունը մնացել էր Կիրկորովին: Ֆիլիպը տան վաճառքը, որտեղ անցել էր նրանց մեղրամիսը, արդարացրել է այսպես. «Հիշողությունը պատերի մեջ չէ, այլ՝ սրտում»։ Բարի հիշողությունները կմնան նաեւ Վիկտոր Դալլաքյանի եւ նրա երեխայի քավոր Վարդան Բոստանջյանի սրտերում, իսկ սրտերից դուրս՝ ասենք ԱԺ պատերից ներս, դեռ երկար կարձագանքվի քավորի հրաժարականի դիմումը, որն ըստ էության ընկերական-բարեկամական կապի խզման նոր ձեւ է:



Մխիթարիչն այն է, որ մեզ մոտ, ճիշտ է, չկա աշխատանք, չկա զբաղմունք, առկա է սոցիալական վիճակի վատթարացում,  բայց մեր կյանքն էլ, շնորհիվ մեր ընտրյալների, ուրախ է անցնում: Դե թող դրսում մտածեն` իրենց ապահարզաններն են ավելի հետաքրքի՞ր, թե՞ մերը: Ամուսնական զույգերի ապահարզանով այսօր ոչ ոքի չես զարմացնի, թեկուզ եթե նրանք շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներ են: Իսկ այ, քավոր-սանիկ հարաբերությունների գրավոր խզումը, համաձայնեք, հետաքրքիր լուծում է: Դե հիմա ասեք՝ մեզ մոտ կա՞ն, թե՞ չկան շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներ:



Մեզ մոտ նրանք խորհրդարանում են, նախարարություններում, վարչություններում ու ընդհանրապես ամեն տեղ, որտեղ փայլփլում են բյուջեի փողերը: Հենց նրանք են մեր երկրի շոու -բիզնեսի ներկայացուցիչները: Մնացածը նրանց քարոզարշավներին կլկլացնողներ են: Եթե հաշվի առնենք, որ Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները չեն բարդութավորվում իրենց զգացմունքները հրապարակայնորեն արտահայտելուց եւ որոշել են գումար խնայել ու իրենց բիզնեսի համար իրենք նկարահանվել տեսահոլովակում, ինչո՞ւ չպետք է մեր ընտրյալները նույնը չանեն:



Բեքհեմների տեսահոլովակի սցենարը շատ պարզ է: Դեւիդի մոտ` վերելակ է մտնում Վիկտորիան, եւ նրանք 20 վայրկյան համարձակ տեսարան են պատկերում: «Համարձակությունը գործի կեսն է»,- ըստ երեւույթին մտածել է Վիկտոր Դալլաքյանը եւ տղայի` իբր բուժման համար որպես օգնություն ստացած գումարը որոշել է կրկնապատկել այլ ճանապարհով, ինչն էլ հանգեցրել է անզգույշ հայտարարության, որը, ըստ քավորի,  ապերախտության դրսեւորման ձեւ է:



Վերջերս կարդացի, որ Ինդոնեզիայի Պապուա շրջանում գրանցվել է նոր ցեղ: Ըստ որսորդների, այդ ցեղն ապրում է լեռներում` ինչպես մենք: Ցեղի անդամները չեն խոսում ինդոնեզերեն: Մենք էլ: Նրանք բնակվում են ծառերի վրա, սնվում են տերեւներով ու որսի մսով: Ցեղին հայտնաբերած որսորդներին պետք է հրավիրել Հայաստան: Միգուցե մեզ մոտ էլ մի նոր բան հայտնաբերվի:



Հարություն ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ