Հայ-թուրքական սահմանի բացմանը Սերժ Սարգսյանն էլ չի հավատում

Հայ-թուրքական սահմանի բացմանը Սերժ Սարգսյանն էլ չի հավատում
«Շատ քիչ մարդ է մնացել, որ հավատում է, որ Թուրքիան սահմանը կբացի մեր նախաձեռնության շնորհիվ, և կարծում եմ, այդ թվում նաև ՀՀ նախագահը»,– այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ–ական պատգամավոր Հրայր Կարապետյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ուկրաինական թերթին ՀՀ նախագահի տված հարցազրույցին։ «Իհարկե, նախագահը միշտ էլ պետք է ձգտի, որպեսզի հարևանների հետ հարաբերությունները լավացնի, և նաև ճանապարհները բացվեն, տնտեսությունը զարգանա։ Սա, իհարկե, որևէ երկրի նախագահի պարտականությունն է, բայց թե ինչ գնով, սա է խնդիրը»,– շարունակեց պատգավորը, միաժամանակ, հիշեցնելով, որ Դաշնակցությունը հենց այդ գնի մասին էր ահազանգում։



«Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան փորձում է մեր ազգային, պետական շահերի գնով այս խնդիրն առևտրի առարկա դարձնել և դրանում, չեմ կարծում, կա մեկը, որը կասկածի»,– ասաց նա։ Դաշնակցական պատգամավորն այն կարծիքին է, որ հայ–թուրքական Արձանագրություններն ընդհանրապես պետք է հանվեն ՀՀ ԱԺ օրակարգից, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստ չէ դրանք քննարկել, քանի որ մնացել է իր նույն դիրքորոշմանը ու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորել ԼՂ խնդրով։



Հրայր Կարապետյանի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանն այսօր ցանկանում են ԼՂ խնդրին կրոնական երանգ հաղորդել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով և ինչի մասին Հայաստանը պետք է ահազանգի միջազգային ատյաններում։



Tert.am