Ռուսական «Վարդանիկը» կամ պարզապես` Յուրի Լուժկով

Ռուսական «Վարդանիկը» կամ պարզապես` Յուրի Լուժկով
Վերջին օրերին ռուսական ԶԼՄ-ներն ու մի շարք կազմակերպություններ «քլնգելու» ակցիա են սկսել Մոսկվայի քաղաքապետի դեմ: Այնպիսի իրարանցում է առաջացել Յուրի Լուժկովի անվան շուրջ, որին կնախանձեր նույնիսկ սկանդալային վարքով հայտնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Լուժկովի նկատմամբ քննադատություններն ավելացել են հատկապես Խիմկիի անտառներում հատումներ կատարելու գնով Մոսկվա-Պետերբուրգ ճանապարհ գցելու ծրագրի պատճառով: Իրավիճակն այնքան է սրվել, որ ռուսական իշխանությունները, չցանկանալով կորցնել հեղինակությունը քաղաքական դաշտում, սկսել են մտածել նրա փոխարեն «Եդինայա Ռոսիա» կուսակցության Մոսկվայի գրասենյակի լիդեր նշանակել մեկ այլ անձի:



Ըստ «Վեդոմոստի» պարբերականի, Լուժկովին փոխարինողների թեկնածուների մեջ է նաեւ Սերգեյ Շոյգուն: ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը չի թաքցրել, որ հանդիպել է Լուժկովին եւ քննարկել սպասվելիք փոփոխությունը: Իր հերթին Յուրի Լուժկովը փորձում է դիրքերն ամրապնդել բոցաշունչ ելույթներով եւ արժանանում է ծափահարությունների: Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ ԶԼՄ-ների` իր դեմ սկսած քարոզարշավը Խիմկիի անտառների մասին իր հոդվածից հետո է սկսվել: «Հոդվածից հետո տրվել է «ֆաս» հրամանը»,-ասել է քաղաքապետը:



Լուժկովը մերժել է ճանապարհի կառուցման այլընտրանքային բոլոր տարբերակները. «Մեկ այլ տարբերակ կա` Մոլժանինովկայով, որի կառուցման համար նույնպես Խիմկիի «պոչում» հատումներ պետք է անել»: Այս դեպքում պետք է վերաբնակեցնել բազմաթիվ բնակիչների, մայրուղին անցկացնել ճահճի միջով: «Դե, եթե ճահիճներով, ապա կգտնվեն ճահճային բույսերի եւ կենդանիների պաշտպաններ,-հեգնել է Յուրի Լուժկովը:-Կգտնվեն եղջյուրներով գորտեր, անեղջյուր խխունջներ, հողաթափիկ-ինֆուզորիաներ...»: Մեղադրանքների տարափի տակ ընկած քաղաքապետը նաեւ վստահեցրել է, որ չի վախենում այդ գրոհներից եւ պայքարելու է մինչեւ վերջ: Չի բացառվում, որ այս վերջին խոսքերը նաեւ իշխանական հասցեատերեր ունեն:



Բանն այն է, որ Լուժկովը սկսել է դուր չգալ ՌԴ նախագահի ապարատին: Ամռանը, երբ Մոսկվան ծածկված էր ծխով, Մեդվեդեւի աշխատակազմից քննադատություններ էին հնչել, թե քաղաքապետն իր կիսատ անցկացրած արձակուրդից պետք է վերադառնար ոչ թե վեց օր հետո, այլ` անմիջապես: Ուշագրավ է, որ Մոսկվայի քաղաքապետին երդվյալ թշնամիներ են դարձել նույնիսկ ռուսական առաջատար ալիքները: Ելենա Բատուրինային եւ նրա ամուսնուն քննադատող հաղորդումներ է թողարկել Առաջին ալիքը` քաղաքի խցանումների, «Ռոսիան»` ճարտարապետական ժառանգությունը կործանելու համար, եւ NTV-ն:



Հեռուստաալիքները խոստացել են շարունակել մոսկովյան իշխանությունների գործունեության հետաքննությունը` առանց ուշադրություն դարձնելու Լուժկովի եւ նրա կնոջ այն սպառնալիքներին, թե զրպարտության համար դատի են տալու: ՎԳՏՐԿ-ի մամլո ծառայությունը պնդել է, որ այդ նյութերում առկա փաստերը լիովին համապատասխանում են հեռուստաընկերության տեղեկատվական քաղաքականությանը: Օգոստոսի 25-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանը եթեր էր հեռարձակել տեղեկատվություն այն մասին, որ Մոսկվայի քաղաքապետը մեղուների խնամքի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան հաշմանդամների բուժման: Վիրավորված քաղաքապետը դատական հայց է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ: Բայց իր դեմ նույնպես հայցեր են պատրաստվում:



Մասնավորապես, «Պրայմ-ՏԱՍՍ» գործակալությունը պահանջում է անօրինական համարել մոսկովյան իշխանությունների այն գործողությունները, որով սահմանափակել են իրենց` քաղաքապետարանի որոշումներին ու ակտերին ծանոթանալու  իրավունքը, ասելով, թե դրանց մեծ մասն իր մեջ պետական գաղտնիք է պարունակում: Սա առաջին դեպքը չէ, որ մոսկովյան աշխատակազմը եւ ԶԼՄ-ներն իրենց խնդիրները քննարկելու են դատարանում:



Իսկ այս ընթացքում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում ՌԴ մայրաքաղաքում: Երկու օր առաջ էլ Յուրի Դոլգորուկիի արձանի մոտ տեղի է ունեցել «Ցասման օրը» ամենամսյա չարտոնված ակցիան, որը կազմակերպում է «Ձախ ճակատ» կոալիցիան` «Մոսկվան առանց Լուժկովի» լոզունգով: Ակցիայի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, որոնց մեծ մասին արդեն բաց են թողել: Ոստիկանության մարդկանց ծեծի եւ բռնության են ենթարկել: Ցույցի կազմակերպիչներից երկուսի նկատմամբ գործ է հարուցվել: Բայց դա չի խանգարում ընդդիմադիր ակտիվիստներին` պահանջել Լուժկովի հրաժարականը: Վերջին խոսքը Վլադիմիր Պուտինինն է, որը, չի բացառվում, որ պաշտպանի իր կուսակցին:



Գեւորգ ԱԲԵԼՅԱՆ