Անհայտ ուժերը գողացել են ԱԱԾ մամուլի քարտուղարին

Անհայտ ուժերը գողացել են ԱԱԾ մամուլի քարտուղարին
Շուրջ մեկ ամիս շարունակ խաթարվել է լրագրողների աշխատանքը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Վերջին ժամանակներս մեզ ոչ մի կերպ չի հաջողվում որեւէ ինֆորմացիա պարզել ՀՀ ԱԱԾ-ից, քանի որ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը չի պատասխանում հեռախոսին: Սկզբում ասում էին, թե խոսնակն արձակուրդում է՝ այդ պատճառով չի պատասխանում: Սակայն արդեն բավական ժամանակ է անցել, եւ Բաղրամյանը կարծես այդպես էլ արձակուրդից չի վերադառնում: Եվ եթե նա իրականում արձակուրդում է, ապա ինչո՞ւ նրան փոխարինող չեն նշանակում:



Մենք զանգահարեցինք նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանին՝ պարզելու ԱԱԾ մամուլի քարտուղարի առեղծվածը, քանի որ վերջինս է կոորդինացնում մամուլի քարտուղարների աշխատանքը: Սակայն Մերին հրաժարվեց եւ ասաց, որ ինքը չի զբաղվում այդ աշխատանքով: Զանգահարեցինք վարչապետի օգնական Արամ Անանյանին: Վերջինս չհերքեց, որ ինքն է զբաղվում մամուլի քարտուղարների աշխատանքի կոորդինացմամբ, եւ խոստացավ զանգահարել Արծվին Բաղրամյանին ու պարզել, թե ինչն է պատճառը: Սակայն, երբ կրկին զանգահարեցինք Արամ Անանյանին եւ հարցրեցինք, թե որեւէ բան պարզե՞ց, նա մեզ խորհուրդ տվեց զանգահարել ԱԱԾ՝ մասնավորապես լրատվական բաժնի համարներով, որոնց, հիշեցնենք, արդեն բավական ժամանակ ոչ ոք չի պատասխանում: