Ո՞վ է այդ Վ.Գասպարյանը

Ո՞վ է այդ Վ.Գասպարյանը
Մամուլն անդրադարձել է կառավարության որոշմանը՝ Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին: Տարածքի կառուցապատման իրավունքը տրվել է «Ավագշին» ՍՊԸ-ին: Մամուլի հրապարակումներում այս էլիտար շինարարությունը կապում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ, թեեւ ինքը վերջերս հերքեց իր առնչությունն այդ սեփականաշնորհմանը: Այս կապակցությամբ ուշագրավ է մի հանգամանք. ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն այս սեփականաշնորհման կապակցությամբ ներկայացրել է իր նկատառումը, ըստ որի՝ «Ավագշինի» ներկայացրած փաստաթղթերը բավարար ապացույց չեն ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:



Եվ չնայած սրան` «Ավագշին» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել, քանի որ 23.06.2010թ. ՀՀ ֆինանսների նախարարություն է մուտքագրվել «Ավագշին» ՍՊԸ-ի մասնակից Վ. Գասպարյանի 22.06.2010 թ. գրությունը, որով  վերջինս հավաստիացնում է, որ նախագծով նախատեսված օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման եւ այլ ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվելու են իր կողմից, եւ ներկայացրել է դրանց աղբյուրների վերաբերյալ փաստաթղթերը: Հետաքրքիրն այն է, որ սույն Վ. Գասպարյանը՝ որպես ՍՊԸ-ի մասնակից, ֆինանսական միջոցներ ունի, իսկ նրա ՍՊԸ-ն չունի: