Սամսոն Ղազարյան. Փոփոխությունների խթանը

Սամսոն Ղազարյան. Փոփոխությունների  խթանը
Եթե անվերջ խոսենք Ղարաբաղի մասին, Մինսկի խմբի համանախագահների այցելությունների մասին,  ասենք, թե ինչ սպասելիքներ ունենք համանախագահողների հաջորդ այցից, ու գուշակություններ անենք՝ ոչ մի բան չի փոխվի: Անվերջ խոսելով ու ջուր ծեծելով, մենք անուշադրության ենք մատնում մարդուն ու քաղաքացուն: Բայց մարդն ու քաղաքացին պետք է առաջին պլան մղվեն, դառնան ցանկացած կառույցի ուշադրության առարկան: Ակնկալիքս այսօրվա հանրահավաքից այն է, որ հանրահավաքը հիմնովին շրջվի եւ իր ողջ էներգիան ներդնի հանուն մարդու եւ քաղաքացու առարկայական շահերի պաշտպանության:



Ցանկացած ոլորտում այսօր մարդն ու քաղաքացին սպանվում են: Ամբողջ եթերն ու մամուլը մեկնություններով են լցված, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ են մտածում, ինչ են պլանավորել, ինչ հետագա քայլեր կանեն: Վարկածներ են առաջ քաշում, բանավիճում... Արդյունքում մարդը կորում է: Ի՞նչ է անում նա այս պայմաններում: Մտածում է՝ եղունգ ունես, գլուխդ քորի, ու պատրաստվում է արտագաղթի: Մեր բոլորիս մտահոգությունների առարկան պետք է մարդն ու քաղաքացին լինեն: Փոփոխությունների խթանը սա է իմ կարծիքով: Բայց մարդն ու քաղաքացին ամեն քայլափոխի ոտնահարվում են:



Մենք չունենք քաղաքացիներ: Մենք ունենք հպատակներ: Մեր իշխանություններն ու օլիգարխները հպատակներ են կերտում: Վկան՝ բոլոր հեռուստաընկերություններն անխտիր:  Անհրաժեշտ է, որ գնահատվի մարդը, որ նա իրեն հպարտ զգա, որ հայ է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այսօր շատ դյուրին է անել դա: Քաղաքական կամք է պետք, եւ վեց ամսում, մեկ տարում հնարավոր է այդ խնդիրները լուծել: Եթե այսպես շարունակաբար մարդն ու քաղաքացին անտեսվեն, ցավոք, մենք կկորցնենք եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը:



Եթե չկա մարդը, չկան նաեւ պետական ինստիտուտները: Օրինակ, բանակի մասին շատ ենք խոսում: Բայց եթե չկա թիկունքը, էդ բանակը բանակ չէ, ինչքան էլ հոխորտանք, թե մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք: Բանակը բանակ է թիկունքով, իսկ ովքե՞ր են թիկունքում: Թիկունքում հանրապետության քաղաքացիներն են՝ այդ զինվորների ծնողները, մարդիկ են, որոնց ամենատարրական իրավունքները ոտնահարվում են: Այնպես որ, ամեն ինչ շաղկապված է: Այս ամենը լուծելու համար իշխանափոխություն է անհրաժեշտ:



Եթե իշխանությունն իր մեջ կամք գտնի ու համակարգային իրավիճակ փոխի, այսինքն, փորձի շրջվել դեպի մարդը, ինչը ես, ցավոք, անհավանական եմ համարում, թող ինքը լուծի: Ցավոք, իմ կարծիքով՝ ամբողջ քաղաքական դաշտը նախապատրաստվում է հերթական ընտրությունների, եւ մարդը ետին պլան է մղված: Իսկ իմ խորին համոզմամբ, հերթական ընտրություններով իշխանափոխություն չի լինի: Հետեւաբար՝ չի լուծվի նաեւ այդ խնդիրը: Ցավոք, սա իրողություն է:



Սամսոն ՂԱԶԱՐՅԱՆ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ