Պատասխանել եմ եւ պատասխանելու եմ

Պատասխանել եմ եւ պատասխանելու եմ
Երեկ Էրեբունի համայնքում բացվեց «Օրինաց երկիր»  կուսակցության նոր գրասենյակը: Վերջին ամիսներին սա ՕԵԿ արդեն երկրորդ նոր գրասենյակն է: Նախորդը բացվել էր վերջերս՝ Սարյան փողոցում: Գրասենյակի տնօրենն է Լավանդայի Արայիկը: Էրեբունի համայնքում գրասենյակ բացելու անհրաժեշտությունը ՕԵԿ-ականները մեկնաբանեցին Էրեբունի համայնքում վերջին ժամանակներս կուսակցությանն անդամագրվել ցանկացողների ակտիվությամբ: Այստեղ էլ տեր ու տնօրինություն է անում Էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն: Գրասենյակների բացման պրոցեսը շարունակական կլինի: Այսինքն ապագայում սպասվում է ՕԵԿ գրասենյակների բացում նաեւ այլ համայնքներում: Նորակառույց մի շենք էլ Նորագավիթ համայնքում է պատրաստ նորամուտի:



Երեկ ասուլիսի ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը սկանդալային հայտարարություն էր արել, թե՝ «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում՝ իրեն տղամարդավարի է պահում»: Այս հայտարարությունն առաջացրել է ՕԵԿ անդամների, հատկապես կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի զայրույթը, եւ նա շտապել է պատասխանել Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը: Երեկ գրասենյակի բացումից հետո մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է տկն Բիշարյանն այդքան սուր արձագանքում Արթուր Բաղդասարյանի հասցեին ասվածին, գուցե հենց իր՝ Բաղդասարյանի հրահանգո՞վ: «Ես քաղաքական գործիչ եմ, անկախ նրանից, որ ես կին եմ, կուսակցության փոխնախագահը:



Ես պարտավոր եմ պատասխանել, արձագանքել բոլոր քննադատություններին, վայրահաչոցներին, որ հնչում է մեր հասցեին: Ես ակտիվ պատասխանող եմ եւ շատ արագ արձագանքում եմ բոլորին՝ կուսակցության ղեկավարից, վերջացրած շարքային անդամների նկատմամբ»,- ասաց տկն Բիշարյանը ՕԵԿ Էրեբունու տարածքային գրասենյակի բացման ժամանակ: «Թող Հմայակ Հովհաննիսյանը հարգանքով խոսել իմանա: Թող այդպիսի բաներ չասեր, որ այդպիսի պատասխան չստանար»: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան արդեն Հմայակ Հովհաննիսյանը, «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Բիշարյանի որակումներին, ցավակցել էր ՕԵԿ-ին նման ղեկավար ունենալու համար եւ ասել. «Ղզիկ է նա, ով թաքնվում է կնոջ մեջքի ետեւում եւ չի կարողանում սանձել Հեղինեի նման կնոջը»: Մեզ հետ զրույցի ժամանակ Բիշարյանն ասաց. «Դրան անպայման կհետեւի համարժեք պատասխան»: