Տեր-Պետրոսյանը պարզաբանեց իր նախորդ ելույթը

Տեր-Պետրոսյանը պարզաբանեց իր նախորդ ելույթը
Ընդդիմության երեկվա հանրահավաքին շատ ընդդիմադիրներ էին սպասում, եւ դա ոչ միայն կրկին հանդիպելու, երկրում տիրող սանձարձակ բիրտ ուժի, անարդարության դեմ մղած իրենց պայքարի համախոհներին տեսնելու, նրանց ոգեւորելու ու նրանցով ոգեւորվելու ձգտում էր, այլեւ ակնկալիք, որ ՀՀՇ համագումարի ժամանակ հնչեցրած, արհեստածին եւ ոչ արհեստածին տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տված ելույթին անդրադառնալով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմեկնաբանի այն: Այդպես էլ եղավ:



Մատենադարանի շրջակայքում հավաքված բազմահազարանոց ժողովուրդը ձգվում էր մինչեւ Կորյուն-Մաշտոց փողոցների հատման կետը: Մատենադարանի դիմաց դրված ամբիոնից, ի թիվս այլոց, ելույթ ունեցան Գագիկ Ջահանգիրյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ վերջին շրջանում մեր բանակում իրար հաջորդող ցավալի ու աղմկահարույց դեպքերին՝ բռնության, ինքնասպանության ու սպանության: Նշելով, որ ծառայության, մարտական հերթապահության պայմանները, զինվորների եւ կրթական մակարդակը վերջին տարիներին կտրուկ անկում չեն ապրել, պարոն Ջահանգիրյանն ասաց, որ բանակում կատարվող սահմռկեցուցիչ հանցագործությունների հիմքում զինված ուժերի հակաօրինական կիրառումն է խաղաղ ցուցարարների դեմ:



«Սեփական ժողովրդի վրա մահակ, զենք բարձրացրած, Երեւանի կենտրոնում հայրենակիցների արյունը հեղած սպան ու պայմանագրայինը հասարակական գիտակցության մեջ հայրենիքի պաշտպանից վերածվել են հանցագործի ու մարդասպանի»,-ասաց պարոն Ջհանգիրյանը, ապա, նշելով, որ գործող վարչախումբն է իր իշխանությունը պահելու համար քրեականացրել ուժային կառույցները, ավելացրեց. «Բռի, հայրենակցի արյան հոտն առած վայ սպան ու հրամանատարը շարունակելու է ծեծել, խոշտանգել ու սպանել հայ զինվորին»:



Արամ Սարգսյանից ու Ստեփան Դեմիրճյանից հետո Ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահի մուտքը բազմահազարանոց ամբոխը դիմավորեց ծափահարություններով ու «Լեւոն, Լեւոն», «Լեւոն, նախագահ» վանկարկումներով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ստիպված է թյուրընկալումներին ու նենգափոխումներին վերջ տալու համար լրացուցիչ պարզաբանումներ տալ: «Հիշատակված ելույթում ես արել եմ միմյանցից անկախ  երեք արձանագրում: Առաջին՝ առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանը անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»: Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իր ոչ երկիմաստ միտքը իշխանական քարոզչամեքենան նենգափոխել է, հանգեցնելով նրան, թե իբր ինքն ուզում է զիջել Ղարաբաղը: «Մի բան է լուծումը եւ բոլորովին այլ բան զիջումը: Ով է ձեզ ստիպում որեւէ բան զիջել: Ով է պահանջում տարածքներ վերադարձնել: Եթե դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական հաղթողական լուծում ապահովեք»:



Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իր այն մտքին, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել: ««Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է  իշխանական քարոզչամեքենան նյարդայնանում իմ այս պնդումից եւ ճգնում դրանում իմ զիջողականության ապացույցներ փնտրել, ընդ որում լկտիաբար անտեսելով այն հանգամանքը, որ ես խոսում եմ ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ զիջումների մասին»:



Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ՀՀՇ համագումարի ժամանակ հնչեցրած իր այն մտքին, թե Աֆղանստանը, Իրանը, Իսրայելը եւ տնտեսական ճգնաժամը  այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում, եւ ի տարբերություն Արեւմուտքի, Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ: Նա նշեց, որ ռուսական ռազմաբազաների երկարաձգման պայմանագիրը եւ Ադրբեջանին 300  հրթիռակայանների վաճառքը առավել ամրապնդում են Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում եւ մեծացնում նրա դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադառնալով Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպմանը, որտեղ նրանք հայտարարեցին, թե Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ ղարաբաղյան գործընթացում նոր՝ ռուս-թուրք-ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում»:  Ապա նշեց, որ ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելը այն հզոր լծակն է, որով Արեւմուտքը Սերժ Սարգսյանից կորզել է իր ակնկալած խոստումներն ու զիջումները եւ այդ նույն լծակը կիրառելու է նրա դեմ, եթե խոստացված զիջումները չլինեն: «Սերժ Սարգսյանին մնում է ենթարկվել ճակատագրին եւ իր բախտը որոնել Մոսկվայում ու Անկարայում: Ավելի կոնկրետ՝ ռուս-թուրք-ադրբեջանական գերագույն ատյանում»,-ասաց Տեր-Պետրոսյանը:



Ելույթի վերջում առաջին նախագահը հայտարարեց, որ հաջորդ՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք հանրահավաքին իր ելույթը նվիրված է լինելու կոռուպցիային, եւ ելույթն ավարտեց` մեջբերելով Օհան Դուրյանի խոսքը, որը մաեստրոն ասել էր իր ծննդյան 80-ամյակի օրը՝ կոչելով քաղաքացիական պայքարի:



Հանրահավաքից հետո բազմահազարանոց ժողովուրդը եւ ընդդիմության առաջնորդները երթով քայլեցին Կենտրոնի փողոցներով: Երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին՝ «Լեւոն նախագահ», «Ազատություն քաղբանտարկյալներին»: