Նրանց թիկունքում Խաչատուրովի որդին է

Նրանց թիկունքում Խաչատուրովի որդին է
Հայոց բանակում տեղի ունեցող վերջին աղմկահարույց դեպքերը ծառայությունն ավարտած հայ զինվորին «Հրապարակի» խմբագրություն էին բերել: Հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում: Թե ինչպիսին է իրականում հայոց բանակը զինվորի աչքերով, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: «Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասը Արարատ քաղաքում  է գտնվում: Մոտ կես տարի եմ ծառայել: Եթե դրսից լսեի, թե զորամասերում ինչեր են կատարվում, չէի հավատա: Բոլորովին այլ է, երբ սեփական աչքերով ես այդ ամենը տեսնում: Կարանտինից դուրս գալուց հետո ես հասկանում, թե սպաներն ինչեր են անում: Իմ պրիսյագի հենց հաջորդ օրն էր, գնդի հրամանատարը հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ: Ճիշտ է, դա լավ բան չէ, եւ դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ: Տիգրանը կրտսեր սերժանտ էր: Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ նա համբուրի իր կոշիկները:



Զինվորը դա չարեց, եւ Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին: Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին: Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ուղիղ կանգնել: Մենք էինք օգնում, որ շորերը հագնի: Սա միակ դեպքը չէ: Մարտիրոսյան Վարդանը ամեն մի աննշան առիթից վրդովվում էր ու զինվորներին դաժան ծեծի ենթարկում եւ միշտ խփում էր զինվորների մեջքին ու երիկամներին, որ կապտուկները չերեւան: Ապրիլ ամիսն էր:



Արդեն պիտի ձմեռային համազգեստը ամառայինով փոխարինեինք: Ամառային կեպկաներից, որ մեզ տվել էին, գումարտակի առաջին վաշտի տղաների մեծամասնությունը՝ 17 հոգի, չունեին, որովհետեւ իրենց ենթասպան չէր տվել. դա զինվորների մեղավորությունը չէր: Նրանք դեռ ձմեռային գլխարկներով էին: Առավոտյան նրանք հրապարակ դուրս չեկան, որովհետեւ եթե առանց ամառային կեպկաների գնային, կպատժվեին: Նրանք վաշտում էին մնացել, ու երբ գումարտակի հրամանատարն իմացավ,  այդ 17 զինվորին շարեց, պարտոպեն, այսինքն սպայի ռեմենը հանեց, բոլորին ասաց, որ ծնկների վրա կանգնեն, եւ սկսեց այդ պարտոպեով նրանց դեմքին խփել: Բոլորի քթից սկսեց արյուն հոսել:



Հրամանատար Մարտիրոսյանն այժմ մեկնել է Ռուսաստան՝ երկու տարի սովորելու, որ սպայական դասը բարձրանա: Նա շատ մտերիմ էր Գենշտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու հետ, որը մեր զորամասում գնդի հրամանատար էր, հիմա նա բանակային 4-րդ կորպուսում երկրորդ մարդն է, այսպես ասած՝ նայողն է: Ես չէի ուզենա, որ Մարտիրոսյան Վարդանը, որ նման բաներ է արել, գա՝ ինչ-որ գնդի հրամանատար կամ տեղակալ նստի, որովհետեւ նրա նմանները պետք է մեր բանակի համակարգում չլինեն:



Զինվորները պատմում են, որ զորամասի գումարտակի ներկայիս հրամանատարը՝ մայոր Ներսիսյան Արսենը, զինվորներից լիցքավորման քարտերի կոդը վերցնում է (ծնողները քարտի համարը հաղորդագրության միջոցով են ուղարկում) ու որոշ ժամանակ այդ զինվորներին չի նեղացնում, իսկ երբ զինվորներն էլ ի վիճակի չեն լինում նրան քարտով ապահովել, սկսում է վատ վերաբերվել: Նա զինվորներին մեկ անգամ չէ, որ ծեծել է, բայց ձմռանը նրա վրա գործ էր բացվել, ու այդ շրջանում խուսափել է զինվորների վրա ձեռք բարձրացնել: Բայց հետո նորից նույն ոճով է սկսել աշխատել:



Վերջերս իմացա, որ մեր գնդի հետախուզական վաշտի զինվորներից մեկին ինֆարկտ է խփել, ու նա մահացել է, բայց ՊՆ-ն այդ դեպքը չի հրապարակել: Սա մոտ մի շաբաթվա դեպք է: Դե, մեր զորամասում, որ նման դեպքեր են լինում, ընդհանրապես չեն հրապարակվում: 2009-ի փետրվարն էր թե հունվարը՝ լավ չեմ հիշում, մարտական հերթապահության ժամանակ մեր գումարտակի զինվորներից մեկն ինքնասպան եղավ՝ խրամատում ինքն իրեն կրակեց, որովհետեւ մի ուրիշ զինվոր նրան նեղացրել էր: Պետք է այդ օրվա սպան եւ մեր գումարտակի հրամանատարը պատասխանատվություն կրեին դրա համար, բայց միայն զամպալիտի պաշտոնը իջեցրին վաշտի հրամանատարի, մյուս զինվորը կալանավորվեց ու վերջ:



Մեր շտաբի հրամանատար փոխգնդապետ Սերոժը, ազգանունը չեմ հիշում, Մեղրիի զորամասից էր տեղափոխվել: Ամեն անգամ, երբ տղաները հիվանդների համար ճաշ էին տանում ու անցնում հրապարակով, որովհետեւ խոհանոցից սանչաստ տանող ուրիշ ճանապարհ չկար, տեսնելով զինվորին, խփում էր: Այսինքն խփելը էն բառը չէ: Էն ձեւի էր խփում, որ գլխարկները զինվորների գլխից ընկնում էին: Զինվորն ի՞նչ մեղավոր է, որ միակ ճանապարհն այդ է ու ճաշը պիտի հասցնես հիվանդներին: Դա անխղճություն է: Նման դեպքեր շատ էին լինում: Լսել եմ, որ ներկայիս փոխգնդապետը՝ Քարամյանը, այդ վատ ավանդույթները շարունակում է: Մի անգամ անսպասելի նախարար Սեյրան Օհանյանը եկավ զորամաս:



Ոչ ոք, անգամ գնդի հրամանատարը չգիտեր, որ նա պետք է գա: Ճաշի ժամն էր, նա եկավ, զինվորների հետ ճաշեց, նույն հացը կերավ, ինչ մենք էինք ուտում: Հետո շրջեց գումարտակներով, մոտեցավ օրապահներին, նրանց պարտականությունները հարցրեց: Բոլորը պատասխանեցին, նրանց հուշամեդալներ տվեց: Հետո բոլոր զինվորներին հրապարակում հավաքեցին: Բոլորս ուրախացել էինք, որ նախարարը եկել է: Նա դիմեց մեզ, ասաց, որ եթե բողոքներ ու առաջարկություններ ունենք, ասենք: Բայց զինվորներից ոչ ոք ոչինչ չասաց, որովհետեւ գիտեին, որ եթե հանկարծ բողոքեն կամ դժգոհեն, Սեյրան Օհանյանի գնալուց հետո իրենց հետ ավելի վատ բաներ տեղի կունենան:



Մեր զամպալիտ մայոր Ավագյանը, տեսնելով, որ զինվորներն ուրախացել են նախարարի այցելությունից, թեքվեց դեպի մեզ ու ասեց. «Ինչ ա, գիտեք որ նախարարն ա եկել, ուրեմն ձեզ ինչ-որ բաներ ա՞ կարելի: Հեսա թող գնա, տեսեք ձեզ հետ ինչ կլինի»: Ու ամենացավալին այն է, որ զորամասը սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն է կրում: Այդ անունը կրող զորամասում պիտի նման բաներ չկատարվեն: Թուրքի դեմը կանգնող ու սահմանը պաշտպանող հայ զինվորի հետ չի կարելի էդպես վարվել: Երբ Youtube-ում հայտնի կադրերը տեսա, էլ չկարողացա լռել:



Բանակում հիմա «դեդավշչինա» չկա: «Մալադոյը» երբ մտնում է գումարտակ, կարող է ծաղրեն, ինչ-որ ռեպլիկներ թողնեն, բայց երբեք չեն խփում: Բայց հրամանատարների հետ հարաբերություններն այլ են: Իհարկե, դեպքեր են լինում, երբ զինվորն էլ է սխալներ գործում, բայց նրան շատ խիստ են պատժում, իսկ սպային ընդհանրապես չեն պատժում: Մի դեպք եղավ, երբ սպան շարված զինվորների առջեւ հարվածեց զինվորին, ռազմական ոստիկանության սպան տեսել էր դա ու ընդամենը ասել, որ էլ նման բան չանի: Անմեղ զինվորին, եթե սպան ուզում է, կծեծի:



Կապ չունի՝ դու մեղավոր ես, թե ոչ: Եթե մեկն ինչ-որ բան է արել, բոլորն են պատժվում: Ես դեմ չեմ կարգ ու կանոնին, բայց չափի մեջ: Ասենք` բոլոր զինվորներին ժամերով կարող են հենման դիրք տալ՝ ձմռան ցրտին: Հրամանատարներին չի հետաքրքրում, թե իրենց արարքը կողքից ով կիմանա, որովհետեւ գիտեն՝ իրենց թիկունքին կանգնած է Խաչատուրովի որդին, ու դրանով ամեն ինչ ասված է: Այս ամենի պատճառը ամենաթողությունն է: Զինվորին ոչինչ չի կարելի, սպային ամեն ինչ կարելի է: Օրենքը միայն զինվորի համար է: Մեր զորամասը միակողմանի ծնողազուրկ երեխաների զորամաս է, ու հրամանատարները լավ գիտեն, որ ծնողի ձեռքին ճար չկա, դրա համար էլ ամեն ինչ անում են: Իսկ զինվորները չեն պատմում այդ մասին:



Եթե խոսեն, հետեւանքներն ավելի վատ կլինեն: Եթե ես հիմա ծառայության մեջ լինեի, պարզ է, որ այս ամենը ձեզ չէի պատմի: Վերջում մի բան էլ պատմեմ: Երբ վաշտի հրամանատարները մեզ հետ դաստիարակչական աշխատանք էին տանում, մի հոդված կարդացին՝ ադրբեջանական բանակի մասին, թե այնտեղ ինչ է կատարվում: Մի հատված կար, վաշտի հրամանատարը կարդաց ու հարցրեց՝ հասկացա՞ք, ես ասացի, որ չեմ հասկացել, բայց հասկացել էի, ուղղակի ուզում էի տեսնել, թե ինչ կանի: Փոխանակ նորից բացատրեր, 4 շրջան ինձ վազացրեց: Իսկ ես ուզում էի ասել, որ մեր բանակում էլ է նույն բանը կատարվում: Մենք չպիտի լռենք, եթե լռեցինք, ամեն ինչ ավելի կխորանա, իսկ եթե ժամանակին ասենք ու այդ մարդիկ պատժվեն, երեւի մի բան կփոխվի»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ