Փրկության բանաձեւը

Փրկության բանաձեւը
Երեկ կայացած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրն այս վիճակից հանելու իր բանաձեւն է ներկայացրել: Նախ նշել է, որ «երկու վճռական քայլ կարող է կտրուկ կերպով փոխել ղարաբաղյան կարգավորման գործընթացի անբարենպաստ զարգացումը»: Ապա թվարկել է դրանք՝ «1. Հայաստանի ներքին կյանքի ազատականացումը՝ ժողովրդավարության սահմանափակումների վերացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ներազգային համերաշխության հաստատումը: 2. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակի վերականգնումը»։ Եվս երեք պահանջ էլ արտաքին քաղաքականության եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում է առաջադրել. «1. Թեեւ մենք կողմ ենք Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծմանը, բայց վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսեւ ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը: 2. Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաեւ հայ¬թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը: 3. Մենք պահանջելու ենք նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում»։ Գուցե ոմանք սա գնահատեն որպես համագործակցության առաջարկ իշխանություններին, սակայն քաղաքական պայքարում «ամեն ինչ կամ ոչինչ» բանաձեւով առաջնորդվողները, որպես կանոն, «ոչնչի» են արժանանում: