Հմայակ Հովհաննիսյան. Փչում է ՕԵԿ-ին, որ սաստի ԲՀԿ-ին

Հմայակ Հովհաննիսյան. Փչում է ՕԵԿ-ին, որ սաստի ԲՀԿ-ին
ՕԵԿ եւ ԲՀԿ հակամարտություն կամ մրցակցություն չի կարող լինել, որովհետեւ ԲՀԿ-ն իսկապես ժողովրդականություն վայելող կուսակցություն է՝ շնորհիվ այն բավականին շռայլ եւ առատաձեռն գործունեության, որ ծավալել է Ծառուկյանը, եւ որը նա իրականացրել է ոչ թե ընտրությունների առիթով, այլ ընտրությունների միջեւ ընկած տարիների ընթացքում: Ծառուկյանը ցույց է տալիս, որ, ի տարբերություն մյուս մեծահարուստների, գիտակցում է, որ ունեցածդ պահպանելու համար կիսվել է պետք կարիքավորների հետ: Այլ ճանապարհ նման աղետալի սոցիալական իրավիճակում գոյություն չունի: Սա, անշուշտ, լայն զանգվածների մոտ արձագանք է գտնում եւ որոշակի ժողովրդականություն վայելում:



Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա նրան ժողովուրդն անվանում է «Ողորմաց երկիր» կուսակցություն, որովհետեւ նրանց երգը  երգված է, թաղումը կատարված, քառասունքը լրացած, եւ արդեն երկրորդ տարին է, ինչ նա հոգին տվել է Աստծուն, ավելի ճիշտ՝ սատանային, որովհետեւ, ինչպես Ավետարանն է ասում, աշխարհիկ իշխանը ամենեւին էլ Աստվածը չէ, սատանան է: Դրա համար էլ մարդն այս աշխարհում ենթարկվում է բազում փորձությունների եւ պետք է կարողանա իր հոգին պահպանել Աստծո համար, ինչը Արթուր Բաղդասարյանին չհաջողվեց:



Նա իր հոգին տվեց սատանային: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» կենդանի կուսակցություն է եւ կարող է հասնել իր առաջադրած նպատակներին: Մրցակցությունը ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ չէ, մրցակցությունը իշխող ուժի հետ է, որը փորձում է հավերժացնել իր՝ 1-ին ջութակը կատարելու «իրավունքը» եւ միտումնավոր փորձում է ցույց տալ, որ մյուսները, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն, կարող են պայքարել միայն պատվավոր 2-րդ տեղի համար: Բնական է, որ ԲՀԿ-ն, որն այսօր իր կշռով ու պատգամավորների թվով 2-րդ քաղաքական ուժն է, չի կարող համաձայնվել, որ սպառել է իր առաջխաղացման հնարավորությունները:



ԲՀԿ-ն չի կարող դրա հետ համաձայնվել նաեւ 1-ին հերթին Գագիկ Ծառուկյանի թասիբից եւ արժանապատիվ կեցվածքից ելնելով, քանզի Գագիկ Ծառուկյանը, որպես նախին սպորտսմեն, չի կարող չարժեւորել ազնիվ մրցակցության նորմերը եւ հաշտվել այն փորձերի հետ, որոնք ենթադրում են իրեն պարտադրել այդպիսի ինքնասահմանափակման տարբերակ: Կամ հաշտվել մշտապես 2-րդի դերակատարմամբ, կամ կորցնել այդ կարգավիճակը, քանի որ Հանրապետական կուսակցությունն ու երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող կուսակցապետը կարող են փչել Արթուր Բաղդասարյանին՝ դարձնելով 2-րդ տեղի համար պայքարում միանգամայն մրցունակ:



Իհարկե, դա ֆանտաստիկայի բնագավառից է, որովհետեւ փչելով 2-րդ դարձնել մի կուսակցության, որը վաղուց հանգուցյալ է, հնարավոր չէ, բայց իշխող Հանրապետականը փորձում է այդ ձեւով սասանել կամ նվազեցնել Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի վարկանիշը՝ փորձելով դրանով նաեւ հոգեբանորեն ներազդել ԱԺ ԲՀԿ խմբակցության վրա: Ի տարբերություն այն չափազանց ագրեսիվ վարքագծի, որ դրսեւորում են ՕԵԿ-ի պատգամավորները Արթուր Բաղդասարյանին կամ իրենց վաղուց հեղինակազրկած կուսակցությունը պաշտպանելու հարցում, Վ. Դալլաքյանի հայտարարությունից հետո, համենայնդեպս, առաջին օրը չափազանց տարօրինակ էր մի տեսակ աղճատված այն գնահատականը, որ տրվեց նրա ելույթին:



Պատասխանը պետք է լիներ համահունչ մեղադրանքներին, որոնք պարտադիր չէ, որ Ծառուկյանին հասցեագրված լինեին, որովհետեւ Դալլաքյանը անանուն ասաց, եւ ամենեւին պարտադիր չէր ԲՀԿ խմբակցության անդամների համար վեր կենալ եւ դա վերագրել նրան: Դրա փոխարեն պետք է ասեին՝ այս իրավիճակում երկու ուղի կա: Կամ «թալանենք թալանվածը» կարգախոսն ու բոլոր հարուստների կուլակաթափումը, կամ հարուստները պետք է կամովին բաժանեն իրենց հարստությունը չքավորներին՝ դրանով իսկ մեղմելով այս սոցիալական աղետը:



Եթե դա անեն ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլեւ Նեմեց Ռուբոն, Ալրաղացի Լյովիկը, Լֆիկ Սամվելը, Բաղդասարովը կամ Սաշիկը, վիճակը կփոխվի: Բայց չարաչար սխալվում են նրանք, ովքեր խորհրդարանի ամբիոնից հայտարարում են՝ ժողովրդի հետ մի կիսվի, «Ջիփ» տուր Հեղինե Բիշարյանին կամ Վիկտոր Դալլաքյանին, որ քեզ ամբիոնից չհայհոյեն: Անհրաժեշտ է արհամարհել եւ այդ ելույթ ունեցողներին, եւ ավաղ, նաեւ այդ ամբիոնը:



Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքագետների միության նախագահ