Արամ Սաֆարյանը խոսում է քավորության, «կզարանի», եւ ԲՀԿ դիմագծի մասին

Արամ Սաֆարյանը խոսում է քավորության, «կզարանի», եւ ԲՀԿ դիմագծի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում պնդում է, թե ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները փայլուն են, եւ որ ՀՀԿ-ն չի փորձում քաղաքական լուսանցք ուղարկել ԲՀԿ-ին՝ չմոռանալով գովերգել շեֆին, թե ԲՀԿ քաղաքական դիմագիծը ինքը՝ Գագիկ Ծառուկյանն է:



- Պարոն Սաֆարյան, Վիկտոր Դալլաքյան-Վարդան Բոստանջյան միջադեպը փաստորեն ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում այնքան են սրվել հարաբերությունները, որ արդեն իսկ անձնական հողի վրա կորուստներ են լինում՝ սուրբ գործ է քանդվում:



- Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ Վիկտոր Դալլաքյանը փնտրում է իր տեղը, եւ չեմ կարծում, որ նրա այդ փնտրտուքը հաջող է անցնում:



- Չե՞ք կարծում, որ սա ԲՀԿ-ի դեմ ուղղված քայլ էր:



- Բացարձակ: Դա ԲՀԿ-ի դեմ չի կարող լինել: ...Ենթադրություններ թերեւս յուրաքանչյուրը կարող է անել: Ես կարծում եմ՝ ինչ որ տեղի է ունեցել, դա շատ անհաջող փորձ է սեփական անձը բարձրացնելու՝ ցեխոտելով ուրիշներին:



- Պարոն Սաֆարյան, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ասուլիսում հայտարարել է, որ Արթուր Բաղդասարյանը գնացել է «կզարան», իսկ Գագիկ Ծառուկյանը, ի պատիվ իրեն, չի գնացել: Նման խնդիր իրո՞ք եղել է: Նման պահանջ ներկայացվե՞լ է պարոն Ծառուկյանին:



- Ինձ էդ տերմինալոգիան հայտնի չի: Ես պարոն Ծառուկյանի հետ 7 տարի աշխատում եմ, եւ մենք էդ տերմինալոգիայով երբեք իր հետ չենք շփվել: Ես չգիտեմ ինչ նկատի ունի պարոն Հովհաննիսյանը եւ ինչու է դա ասում: Բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ինքը այս երկրում բավականաչափ հարգված, ընդունված ֆիգուրա ա ինքնուրույն լինելու համար:



- Իսկ Արթուր Բաղդասարյանի մասով կիսո՞ւմ եք տեսակետը:



- Ուրիշ բան չունեմ ասելու:



- Անդրադառնանք ՀՀԿ պահվածքին: Ինչպե՞ս է «Բարգավաճ Հայաստանը» գնահատում ՀՀԿ-ի պահվածքը:



- ՀՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ մեր հարաբերությունները հիմնված են վստահության, հարգանքի, փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա, եւ դա երեւում է խորհրդարանում մեր քվեարկություններից:



- Արդյո՞ք վստահության, հարգանքի, փոխադարձ շահերը հաշվի առնելու օրինակ է այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի համար 10 տոկոս ձայներ է «նախասահմանել»՝ համաձայն որոշ տեղեկությունների:



- Ինձ այդպիսի բան, այդպիսի խոսակցություն հայտնի չի: Ընտրություններ են գալու 2012 թ.-ին: Նախընտրական աշխուժությունը ես ենթադրում եմ՝ լինելու է 2011 թ.-ից ոչ շուտ: Էդ մամուլն է, որ սադրում է ավելի մեծ աշխուժություն հիմիկվանից՝ ինչ-ինչ խմբակային շահեր ունենալով: Բայց իրականում քաղաքական դաշտում բոլորովին չկա ցանկություն՝ հիմիկվանից ներքաշվելու նախընտրական պրոցեսների մեջ: Իսկ հիմա մենք զբաղված ենք մեր ամենօրյա քաղաքական աշխատանքով:



- Ակնհայտ է, սակայն, որ այսօր էլ ՀՀԿ-ն փորձում է իրենով անել դաշտը, բոլոր լծակները, տարբեր տեղերում հանդիպումներ են լինում, այդ թվում՝ մարզպետների հետ: Արդեն իսկ որոշակիորեն ընտրությունների նախապատրաստական աշխատանք է գնում: Այս դեպքում ԲՀԿ-ն լուսանցքից դուրս վիճակում չի՞ հայտնվի:



- Մենք էլ ենք հանդիպել: Մենք ունեցել ենք մեր քաղաքական խորհրդի նիստ՝ մարզպետների, նախարարների, փոխնախարարների, պատգամավորների եւ Երեւանի ավագանու մասնակցությամբ, որը վարել է պարոն Գագիկ Ծառուկյանը: Մենք քննարկել ենք մեր խնդիրները եւ դրա մասին տեղյակ ենք պահել հանրությանը: Ես կարծում եմ, մի խնդիր է այժմ դրված մեր առաջ՝ ակտիվ քաղաքական դիմագիծ ունենալ: Սեփական դիմագծով հանդես գալ հանրության առաջ, հետապնդել մեր ծրագրային շահերը, որոնք մենք առաջ ենք մղել՝ մտնելով կոալիցիայի մեջ:



- Ո՞րն է լինելու ԲՀԿ դիմագիծն առաջիկա ընտրություններում. մասնավորապես ԲՀԿ-ն ընկալվում է որպես 1 մարդու կուսակցություն:



- Եվ դա ճշմարտություն է, որ ԲՀԿ-ի հեղինակության շատ լուրջ կտորը, ես կասեի՝ մեծ մասը, դա Գագիկ Ծառուկյանի անձնական ազդեցությունն ու հեղինակությունն է մեր հասարակական-քաղաքական դաշտում: Բայց Գագիկ Ծառուկյանը միշտ էլ նշել է, որ ինքն ուժեղ է իր թիմակիցներով, իր թիմով, որի հետ ինքը մտել է քաղաքական դաշտ: Մենք ունենք խնդիր մեր առաջ դրած՝ հանրության մեջ երեւալ ավելի ակտիվ, ավելի լավ, եւ դրա արդյունքը կլինի այն, որ մենք շատ շուտով սկսում ենք աշխատել մեր ծրագրի բարեփոխումների ուղղությամբ:



- Կարելի՞ է եզրակացնել, որ այս ընտրություններին եւս կուսակցության դիմագիծը լինելու է ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:



- Անպայման էդպես է: Առանց Գագիկ Ծառուկյանի չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Դա բոլորս հասկանում ենք: Սա չի նշանակում, որ դա մի մարդու կուսակցություն է: Բայց որ նրա խոսքը լինելու է վճռական եւ նրա ազդեցությունը լինելու է քաշող լոկոմոտիվը, որն իր հետեւից տանելու է եւ մեր գաղափարախոսությունը, եւ մեր մյուս անդամներին՝ ակնհայտ է:



- Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ-ն ուզում է կրճատել Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը:



- Ես առաջին անգամ դա Ձեզնից եմ լսում, որ հիմիկվանից պլաններ կա կրճատելու Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայությունը: Ժողովուրդն է որոշելու, ընտրություններն են որոշելու: Կգա ընտրությունների ժամանակը, կանցկացնենք սոցիոլոգիական հարցումներ, կորոշենք մեր իրական հնարավորությունները եւ համապատասխան կազմակերպչական աշխատանքով կգնանք ընտրությունների:



- Այսինքն Դուք հավատո՞ւմ եք արդար ընտրությունների:



- Ես կարծում եմ, այս ընտրությունները՝ ուզեն-չուզեն, լինելու են ավելի լավը, քան նախորդ ընտրությունները, որովհետեւ մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին գնալով մեծանում է:



- ԱԺ նստաշրջանի առաջին իսկ նիստից արդեն պարզ է դառնում, որ ԱԺ ամբիոնն օգտագործվում է Գագիկ Ծառուկյանին քննադատելու համար: Դա Ձեզ ոչինչ չի՞ ասում:



- Ես չեմ լսել Ծառուկյանի անունը այդ քննադատության ժամանակ, բայց դրան համարժեք պատասխան տրվել է, եւ շարունակությունն էլ, կտեսնեք, կտրվի նույն քաղաքական՝ ճիշտ խոսալու մեթոդներով:



- Վերջին անգամ Ծառուկյանը ե՞րբ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:



- Մեկ շաբաթ առաջ:



- Ի՞նչ հարցով:



- Չեմ կարող ասել, չգիտեմ:



- Իսկ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն ինչպիսի՞ն են Ռոբերտ Քոչարյանի հետ:



- Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները եւ նախագահ Սերժ Սարգսյանի, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հիանալի են:



- Ի՞նչ հաճախականությամբ է Ծառուկյանը հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ:



- Տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ հարաբերությունները հիանալի են:



- Հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում լինի մեկ այլ ուժ, նոր ստեղծվող կուսակցություն, որի հետ դաշինք կնքի ԲՀԿ-ն:



- Ամեն ինչ կարող է պատահել, բայց հիմա դրա մասին շուտ է խոսելը: Վստահ եմ, որ նոր քաղաքական ուժ ընտրություններում չի լինելու:



- ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում որքա՞ն ձայներ է ակնկալում ստանալ:



- Մենք հույս ունենք ստանալ ավելի շատ, քան ստացել ենք 2007թ.-ի ընտրություններում:



- Այս անգամ եւս կարտոֆիլ, տուկի թել, նման բաներ բաժանվելո՞ւ են:



- Կարտոֆիլի եւ տուկի թելի մասին խոսակցությունները մեր թշնամիների տարածած խոսակցություններն են: Էդքան չուզող մենք ունենք Հայաստանում եւ նախանձող մեզ: Բայց մենք դրան ուշադրություն երբեք չենք դարձրել: Նախընտրական շրջանում ոչ մի կարտոֆիլ ու տուկի թել չի բաժանվել: