Արտակարգ դրություն «Կոշում»

Արտակարգ դրություն «Կոշում»
Երեկ, երբ Երեւանում ընթանում էր ընդդիմության հանրահավաքը, Աշտարակի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հրահանգել էին աշխատանքից հետո տուն չգնալ, մնալ գաղութի տարածքում: Անգամ ՔԿՀ աշխատակիցներին Երեւան տանող ավտոբուսը ուշ ժամին բակում կանգնած էր: Գաղութի պետ Լյովա Բաղդասարյանը օրվա վերջին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել, որից հետո էլ աշխատակիցներին հրահանգվել էր տուն չգնալ: Թերեւս «Կոշ» ՔԿՀ-ում այդպիսով դիմագրավում էին ընդդիմության մտացածին գրոհին: Նշենք, որ «Կոշում» է գտնվում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:



«Կոշ» քրեակատարողական հիմնարկի տնօրինությունը երեկ ապօրինաբար արգելել է գաղութում պահվող ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունն իր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ: Պետը փաստաբանին պատճառաբանել է, թե ինքը կարեւոր խորհրդակցության է եղել այդ օրը, չի հասցրել ծանոթանալ տեսակցության առթիվ դիմումին: «16-ն անց 10 ես դիմումը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնատեսակցություն ունենալու վերաբերյալ: Իմ կարծիքով՝ դիմումի բավարարման հարցի քննարկումը միտումնավոր 50 րոպեից ավելի ձգձգվել է, որից հետո ՔԿՀ պետ Բաղդասարյանն ինձ հայտնել է, որ ժամը 17-ից հետո այլեւս առանձնատեսակցությունը չի թույլատրվում, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ տեսակցել»,- երեկ «Կոշ» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ «նման խոչընդոտներ պարբերաբար հարուցվում են Նիկոլ Փաշինյանի այլ խորհրդատուների հետ կապված»: «Փաստը մնում է փաստ, որ իմ վստահորդի հետ առանձնատեսակցելու նրա իրավունքն է խախտվել, եւ որ սա առաջին դեպքը չէ»:



Երեկ մի քանի լրատվամիջոցներ այցելեցին «Կոշ» ՔԿՀ՝ պարզելու, թե ինչ պատճառով է խոչընդոտվել Փաշինյանի հանդիպումը պաշտպանի հետ: «Կոշ» ՔԿՀ-ում տեսնելով լրագրողներին, զարմացան, հարցուփորձ արեցին, թե ով որտեղից է: ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանը հրաժարվեց իջնել իր գրասենյակից ու  պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերին պատասխանեց պետի տեղակալը, որը ներկայացավ իբրեւ գնդապետ Մուրադյան: «Ինչո՞ւ է արգելվել տեսակցությունը Փաշինյանի փաստաբանի հետ» հարցին Մուրադյանը նույն պատասխանը տվեց, ինչ ասել էր Վահե Գրիգորյանին:



«Անվտանգության օպերատիվ գծով շատ կարեւոր խորհրդակցություն է եղել պետի մոտ, ժամը 4-ն անց 10 խորհրդակցություն ենք արել պետի հետ: Խորհրդակցության ժամանակ ինքը եկել ա: Խորհրդակցության ժամանակ, բնական ա, ընդունելություն չի անի պետը, չի ընդհատի խորհրդակցությունը: 5-ն անց 10 զեկուցել ա քարտուղարը, որ փաստաբան կա: Հիմի, եթե մենք խորհրդակցություն ենք անում պետի կաբինետում, ես կարող ա՞  նայեմ՝ ով ա սպասում, ինչ ա սպասում»,-չքմեղացավ գնդապետ Մուրադյանը: Հնարավո՞ր է վերեւներից ցուցումներ են լինում՝ հանրահավաքի օրերին թույլ չտալ որեւէ տեսակցություն Փաշինյանի հետ՝ հարցրինք ՔԿՀ պետի տեղակալին: «Ոչ, ոչ»,-կրկնեց Մուրադյանը:



ՀԺ-ն տեղեկացրել է, որ երեկվա հանրահավաքի նախօրյակին անջատվել է գաղութի  տաքսաֆոնը՝ անսարքության պատճառով: Հարցին, թե ինչու է գաղութի տաքսաֆոնը հենց հանրահավաքի նախօրեին փչացել, գնդապետը նախ այսպիսի պատասխան տվեց. «Եթե հետաքրքրվեք, կտեսնեք, որ տաքսաֆոնը փչացրել են դատապարտյալները՝ ոչ հանրահավաքի հետ կապված: Օրինակ ես չեմ իմացել, որ էսօր հանրահավաք ա լինելու: Իսկ հեռախոսը փչացել ա չգիտեմ` մի 10-15 օր առաջ»: Այսինքն՝ ձեր հիմնարկում 10-15 օր հեռախոսը փչացած է, մարդիկ զրկվա՞ծ են կապից՝ հարց ուղղեցինք ՔԿՀ պետի տեղակալին: «Չէ: Օրինակի համար եմ ասում»,- խոսքը փորձեց փոխել գնդապետը՝ հավելելով. «Էրեկ չի փչացել էդ հեռախոսը»:



«Վերանորոգե՞լ եք հեռախոսը» հարցին Մուրադյանը արդարացավ. «Մենք զանգահարել ենք, երկու անգամ էսօր կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մոտից, իրա ներկայությամբ ես ինքս զանգահարել եմ էդ կապի աշխատողին, ասել եմ` տաքսաֆոնը փչացել ա, եկեք վերանորոգեք: Պատասխանել են, որ կգանք, ու չեն եկել»:



Հարցին, թե ինչն է պատճառը, որ ՔԿՀ աշխատակիցներին հրահանգվել է աշխատանքից հետո տուն չգնալ, Մուրադյանը հայտարարեց. «Տենց բան չի եղել: Հերքում եմ ես»: Նշենք, որ աշխատակիցներին ուղղված հրահանգն անձամբ լսել է փաստաբանը, որը ներկա է եղել: «Գնացեք իրանցից հարցրեք, տենց բան չի եղել: Մերը ռեժիմային հիմնարկ ա»,- փորձեց համոզել գնդապետը: Հանրահավաքի հե՞տ է կապված այդ որոշումը՝ հարցրինք: «Ռեժիմային հիմնարկ ա, հիմա ես չեմ բացատրելու ինչի համար ենք մնացել: Կարող ա մենք ինչ-որ ինֆորմացիա ունենք»,-ծոր տվեց գնդապետը՝ այդպես էլ չասելով, թե ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը:



ՀԳ - Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ «Կոշ» ՔԿՀ ղեկավարությունը խոչընդոտել է արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական դիտորդ խմբի անդամներ Արման Դանիելյանի եւ Միքայել Արամյանի մուտքը կալանավայր եւ ներս չի թողել նրանց ՔԿՀ, այն դեպքում, երբ դիտորդ մարմինը մանդատ ունի՝ ցանկացած պահի մտնել կալանավայր: