Ձեւ եւ բովանդակություն

Ձեւ եւ բովանդակություն
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը վերածվել է բովանդակազուրկ ու ձեւական օրվա, որի խորհուրդը չեն հասկանում ոչ բարձրաստիճան այրերն ու քաղաքական էլիտան, ոչ շարքային մարդն ու մտավորականը: Անշուշտ, ինչ-որ բանով այդ օրը տարբերվում է մյուս օրերից: Երեկոյան լուրեր նայողներն արձանագրում են, որ ինչ-որ դահլիճներում ինչ-որ մարդիկ շամպայն են խմում ու իրար շնորհավորում: Անգամ ինչ-որ ալիքներով պատմագեղարվեստական ֆիլմեր են ցուցադրում մեր ոչ հեռավոր անցյալից: Լսում են, որ ինչ-որ անձանց այդ օրվա առիթով մեդալներ ու պարգեւներ են շնորհել: Երեւի ոմանք արձանագրում են, որ հրապարակում երեկոյան համերգ է կազմակերպվել, որի ավարտին հրավառություն է լինելու: Ուրի՞շ: Հա, պետական ծառայողների համար այն հանգստյան օր է ու նաեւ դրանով է նշանավոր: Սակայն մեծ խումբ մարդկանց համար սեպտեմբերի 21-ը ոչնչով աչքի չընկնող օր է: Իսկ ոմանց համար անգամ՝ անեծքների ու դժգոհությունների առիթ: Վերջին խումբը թերեւս սովետական նոստալգիա ապրող մեծահասակներն են, որոնք ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց սիրելի երկրի կորստի եւ այս «թշվառ» անկախության հետ: Բայց ես հույս ունեմ, որ այս ամենի կողքին կա մի սերունդ, որի համար թեեւ անկախության օրը էլի առանձնապես ոչնչով նշանավոր չէ, սակայն անկախությունը նրանց արյան մեջ է, ողնուղեղի: Նրանք իրենց կյանքն այլեւս ուրիշ երկրի քաղաքացու կարգավիճակում, իսկ պետությունը՝ այլ երկրի կազմում չեն պատկերացնում: Նրանք ծնվել ու ապրում են Հայաստանի անկախ հանրապետության դրոշի, գերբի, հիմնի ներքո: Նրանք կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ եթե անգամ դժգոհ են իրենց կյանքից՝ դա անկախության հետ չեն կապում: Եվ դա շատ լավ է: