Ծառուկյանն ԱԺ նոր փոխնախագահ է ուզում

Ծառուկյանն ԱԺ նոր փոխնախագահ է ուզում
Երեկ շատերի համար անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ում այս հրաժարականի մասին տեղյակ են եղել նախորդ շաբաթվա վերջին: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում չի ասել, թե որն է Պետրոսյանի հրաժարականի պատճառը: Ի դեպ, Արեւիկ Պետրոսյանը կմնա խորհրդարանում որպես շարքային պատգամավոր:



Մեզ հասած տեղեկություններով՝ այս հրաժարականը հասունացել է որոշ ժամանակ առաջ եւ որոշակի միջամտության արդյունքում: Մասնավորապես՝ որոշ մարդիկ կուսակցությունում պարբերաբար կաթեցրել են Գագիկ Ծառուկյանի ականջին, թե «Արեւիկ Պետրոսյանը պասիվ է, խորհրդարանում ոչինչ չի անում կուսակցության համար եւ այլն»: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ Արեւիկ Պետրոսյանի տակը փորել են: Ընդ որում՝ թերեւս փորողներին նյարդայնացրել է այն, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանը հաշվի է նստել Արեւիկ Պետրոսյանի կարծիքի հետ:



Սեպտեմբերի 6-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում արդեն Գագիկ Ծառուկյանը բացահայտ դժգոհել է Արեւիկ Պետրոսյանից, ասել է, թե ինքը դժգոհ է նրա աշխատանքից, որ նա կուսակցության համար խնդիր չի լուծում, որ նա պասիվ է: Նշենք, որ քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել՝ քաղաքական առաջիկա գործունեությունը հստակեցնելու համար: Նիստին մասնակցել են կուսակցության քաղխորհրդի անդամները, ԲՀԿ-ական նախարարները, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները:



Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել է, որ պետք է մտնի Սերժ Սարգսյանի մոտ եւ ասի, որ ԲՀԿ-ն փոխում է ԱԺ փոխնախագահի իր ներկայացուցչին: Այնուհետեւ Ծառուկյանն առաջարկել է ԱԺ փոխնախագահի թեկնածուների անուններ ներկայացնել: Հնչել են վերջերս Շիրակի մարզի ԲՀԿ պատասխանատու դարձած, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանի անունները: Նրանց անունների տակ Ծառուկյանն իր ձեռքով ավելացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի անունը, որը ջանք չի խնայում կուսակցության համար:



Մասնավորապես՝ նրա ակտիվությունը դրսեւորվեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ Շիրվանզադեից մեջբերումների առթիվ, որին Նաիրա Զոհրաբյանը տեղում հակահարված տվեց: Ի դեպ, այդ դեպքերից հետո, անցյալ հինգշաբթի երեկոյան, մեզ հասած տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Նաիրա Զոհրաբյանին եւ դժգոհել, թե պետք չէր այդ հայտարարությունը կապել իր անվան հետ, եւ պահանջել է ապացուցել, որ հայտարարությունը Վիկտորը հենց իր դեմ է արել: Ամենայն հավանականությամբ՝ խոշորամարմին Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը ստանձնած Նաիրա Զոհրաբյանը կարողացել է ապացուցել, որ Դալլաքյանի հայտարարությունը Ծառուկյանի դեմ էր, եւ դա է նաեւ պատճառը, որ նա հավանական թեկնածու է համարվում:



Ուրբաթ օրը ԱԺ բրիֆինգի ժամանակ հնչած հարցին, թե Դուք ցանկանո՞ւմ եք ԱԺ փոխնախագահ դառնալ, Նաիրա Զոհրաբյանը կտրուկ բացասական պատասխան է տվել: Երեկ նա կրկին կտրականապես հերքել է իր թեկնածության հավանականությունը, չնայած չենք կարծում, թե նա Գագիկ Ծառուկյանի ցանկությանն ընդդիմանա: Սեփական թեկնածության հավանականությունը ԱԺ նույն բրիֆինգի ժամանակ կտրականապես հերքել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Եվ Նաիրա Զոհրաբյանը, եւ Արամ Սաֆարյանը երեկ պնդում էին, որ ԱԺ փոխնախագահի թեկնածությունը իրենց հետ դեռ չեն քննարկել:



Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ նախագահականը դեմ չէ ոչ Նաիրա Զոհրաբյանի, ոչ էլ Սամվել Բալասանյանի թեկնածություններին: Իսկ Արեւիկ Պետրոսյանը ժամանակին համարվել է Ռոբերտ Քոչարյանի մարդը: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ լրատվամիջոցներին ասել է, որ իրենց թեկնածուին կներկայացնեն մինչեւ հոկտեմբերի առաջին քառօրյան: