Թուրքիա՞ն իր ուզածին հասավ, թե՞ մենք

Թուրքիա՞ն իր ուզածին հասավ, թե՞ մենք
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչում կայացավ այնքան սպասված պատարագը, թեեւ խաչն այդպես էլ չտեղադրվեց եկեղեցու գմբեթին: Պատարագին մասնակցեց միայն Պոլսո հայոց պատրիարքարանը: Ինչպես հայտնի է, Մայր Աթոռը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը բոյկոտել են արարողությունը՝ թուրքական իշխանությունների կողմից խաչի տեղադրման խոստումը չկատարելու պատճառով: Պատարագին մասնակցել ցանկացողները, անկախ ամեն ինչից, մեկնեցին Վան, մյուսները, որոնք դեմ էին Վան մեկնելու գաղափարին եւ մատուցվելիք պատարագը համարում էին թուրքական քաղաքական շահին ծառայող շոու, նույն օրը հավաքվել էին Ծիծեռնակաբերդում՝ պատարագ լսելու եւ ցույց անելու:



Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ «Մենք» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում «Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները» պաստառներով ու «ամոթ» բացականչելով՝ նրանք իրենց բողոքն են հայտնել: Վան  մեկնել են մոտ 700 ստամբուլահայեր, ինչպես նաեւ այլ երկրներից ժամանած հայեր (մոտ 200-ը՝ Հայաստանից): Արարողությունից հետո «գնալ-չգնալ» բանավեճը, որ արդեն որակումների մակարդակի էր իջել, որոշակիորեն տեղի տվեց՝ փոխարինվելով արդեն կատարված իրադարձության շուրջ մեկնաբանություններով, որովհետեւ, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:



Նման կարծիքի է ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը: «Խաչը դրվելու է հոկտեմբերի 24-ին: Հոկտեմբերի 27-ին Առաքելական եկեղեցին նշում է խաչին նվիրված վերջին տոնը` Խաչի գյուտը, եւ հենց այդ օրը կրկին կկազմակերպի ուխտագնացություն»,-ասում է նա ու համոզմունք հայտնում, որ այդ ընթացքում «գնալ-չգնալ» բանավեճը նոր թափ կստանա: Հայերի կողմից արարողությունը բոյկոտելը, Դեւրիկյանի կարծիքով, նախ Թուրքիային հնարավորություն կտա ասելու, թե իրենք ընդառաջեցին հայերին, իսկ հայերը մերժեցին:



Իսկ մյուս կողմից երկրորդ անգամ դեպի Սուրբ խաչ ուխտագնացություն կազմակերպելու առիթ կծառայի: ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով էլ Թուրքիան ոչ մի բան չշահեց, չիրականացվեցին նրա նպատակները, որովհետեւ «աշխարհին հասավ մեր ժողովրդի ձայնը, որն իր մեծամասնությամբ հրաժարվեց մասնակցել»: Թուրքագետը վստահ է, որ հայերը կարողացան ցույց տալ, որ մինչեւ Թուրքիան քայլեր չձեռնարկի ցեղասպանության ճանաչման եւ հայկական մշակութային հուշարձանների իրապես վերականգնման ուղղությամբ, Թուրքիայի համար ճանապարհը դեպի մերձեցում փակ կլինի:



Թեեւ ուշացած, բայց հետաքրքիր տեսակետ հայտնեց նաեւ Մայր Աթոռի ներկայացուցիչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ մեղք ու հանցանք բնորոշելով արարողությունը  որպես շոու ներկայացնողների կեցվածքը: Հոգեւորականի խոսքով՝ փոխանակ գնայինք այնտեղ եւ «ո՞ւր  են այն հայերը, որ 95 տարի առաջ այնտեղ ծես էին անում» հարցը բարձրացնեինք՝ ամենը մեր շահերին ծառայեցնելով, «պատեհապաշտությունն ու զգացմունքայնությունը» առաջ մղեցինք: Ըստ Հովնանյանի՝ Վան չմեկնելու խնդիրը «Վասպուրական» հայրենակցական միությունը  բարձրացրեց եւ ոչ եկեղեցին, որի դիրքորոշումն արդարացված է այն առումով, որ կաթողիկոսին տրված խոստումն ի կատար չածվեց:



Ուշագրավ է, որ Կոմիտաս վարդապետն այս ամենն ասում է արարողությունից հետո միայն, իսկ երբ «գնալ-չգնալ» «հայոց հարցը» հրապարակավ քննարկվում էր, Էջմիածնի ներկայացուցիչը լուռ էր: Ի դեպ, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «խաչը ցամաքից կղզի  տեղափոխելը» եւ այն տեղադրելու թուրքերի խոստումը «մեր նպատակին» հասնելու ապացույց է համարում ու ընդգծում, որ պատարագը շոու անվանելու փոխարեն լավ կլիներ խոսել Հայաստանում մեր մշակութային արժեքների ու հայ մարդու բարոյական կերպարը պահպանելու մասին: