Վերականգնել եկեղեցին սիրողական մակարդակով. կարելի է, թե ոչ

Վերականգնել եկեղեցին սիրողական մակարդակով. կարելի է, թե ոչ
Կապանի ծայրամասային թաղամասերից մեկի` Բաղաբուրջի բնակիչները այնքան էլ համաձայն չեն պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության որոշման հետ: Բանն այն է, որ համատիրության նախագահ Գարիկ Հովսեփյանը բարերարների հովանավորությամբ նախաձեռնել էր թաղամասի Սբ Հռիփսիմե եկեղեցու ինքնակամ վերականգնման աշխատանքները, ինչը կասեցվել է:



Արդեն բետոնապատվել էր եկեղեցու հարավային պատը` մուտքից մինչեւ կամարն ընկած հատվածը` մոտ 14 քմ տարածքը: Եկեղեցին կառուցված է 1891թ.-ին: Այստեղ 14-15-րդ դարերում եկեղեցի է եղել ու հենց նույն տեղում էլ անմշակ քարերից կառուցվել է: Ըստ ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի, չկա համապատասխան նախագիծ ու հաշվի չեն առնվել հուշարձանների վերականգնման չափանիշները: Գործող կարգով` այդ աշխատանքները պետք է անի արտոնագրված շինարարական կազմակերպությունը: Սակայն այս դեպքում եկեղեցու վերականգնումը ֆինանսական խոշոր ներդրումներ կպահանջի:



Հանգանակած գումարով դա հնարավոր չէ, ու թերեւս սա է պատճառը, որ բնակիչները որոշել են ինքնուրույն նորոգել: «Եկեղեցու վերականգնումը ժամանակատար է, 100 տարի դիմացել է, էլի կդիմանա,  մինչեւ գա մի  սերունդ, որը կունենա նման հնարավորություն»,-ասում է Աստղիկ Հակոբյանը: Թաղամասի եկեղեցին խորհրդային տարիներին որպես պահեստ է օգտագործվել: Անկախությունից հետո նորից ժողովուրդը գնաց դեպի հոգեւոր տուն, մատաղ են անում, մկրտվում: «Վախվխելով ենք մտնում եկեղեցի, վախենում ենք փուլ գա, առաջիկայում էլ անձրեւներն են սկսվելու»,-ասում է տիկին Սիլվան:



Բնակիչները կարեւորում են եկեղեցու արտաքին տեսքը, բայց նաեւ ուզում են, որ հիմքը, եկեղեցու պատերն ամուր լինեն: Շինության ձախակողմյան պատը ընդհանուր է բնակիչներից մեկի գոմի հետ: Հենց սա է տարիների ընթացքում  պաշտպանել քայքայումից: Իսկ հետնամասի պատը փլման եզրին է: Եկեղեցու հետագա ճակատագիրը կորոշի մասնագիտական հատուկ խումբը: Չի բացառվում, որ  որոշում կայացվի  ամբողջովին քանդել արված բետոնը: Այս դեպքում, սակայն, շինարարների կարծիքով, կխարխլվի եկեղեցու առանց այն էլ տարիների ընթացքում ճաքճքած պատը:



«Ամեն դեպքում, եթե այս ամենը օրինական դաշտ չբերվի, ապա մենք հնարավոր է դիմենք դատարան` եկեղեցուն հասցված վնասի ծախսերի փոխհատուցման հայցադիմումով»,-ասում է Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: