Հրշեջների համար հոգսաշատ ամառն անցավ

Հրշեջների համար հոգսաշատ ամառն անցավ
Տեղացին առաջին անձրեւները` ետեւում թողնելով ամառը, որը կարելի է «հրդեհային» համարել: Չխոսելով աշխարհում գրանցված հրդեհների մասին, հատկապես ռուսական, ներկայացնենք հանրապետության մեկ մարզի միայն` սահմանամերձ Տավուշի դաշտային հրդեհների թիվն ու դրանց պատճառած վնասի չափը: Առանց պաշտոնական թվերին ծանոթանալու էլ մարզում մեծ տարածքների հրդեհման փաստն ակնառու է` բլուրներն ու սարերը անսովոր սեւ գույնի են: Ամռան երկու ամսվա ընթացքում գրանցված հրդեհները հիմնականում ջերմաստիճանի անոմալ բարձրացման արդյունք էին: Դաշտերում 36-38 աստիճան տաքություն էր: Մեծ էր հատկապես սահմանային հրդեհների թիվը:



Հուլիսի վերջին քսան օրում գրանցվել է 19, իսկ միայն օգոստոսին` 68 հրդեհ: Դրանց երեսուն տոկոսը սահմանային հրդեհներն են: Նշենք, որ 2009-ի հուլիս-օգոստոսին գրանցվել է 16 հրդեհ:  Եթե ամբողջ անցած տարվա հրդեհների պատճառած վնասի չափը մոտ 8 միլիոն դրամ էր, ապա 2010-ի միայն հուլիս-օգոստոս ամիսներին` 12 միլիոն դրամ: Ի դեպ, հրդեհներից ավելի շատ կարկուտն է վնասել Տավուշի մարզը: Միայն այս տարվա մայիս-հունիս ամիսներին այս աղետից մարզը կրել է 1 միլիարդ 117 միլիոն 700 հազար դրամի վնաս:



Իսկ հրդեհների նման ծավալը,  Տավուշի փրկարարական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանի կարծիքով, նաեւ մոտ 20 տարի առաջ սկսված անտառահատումների հետեւանք է: «Այն առումով, որ գոլորշիացում չի կատարվում, անտառային տարածքները չորանում են եւ նպաստում հակահրդեհային իրավիճակում հրդեհների տարածմանը»,-պարզաբանում է նա: Անտառն է խոնավությունն ապահովում եւ կանխում ջերմաստիճանի նման բարձրացումը:



Այս տարի հրշեջ-փրկարարների համար բարդություններ առաջացան հատկապես սահմանային տարածքներում: Բարեկամավանի սահմանամերձ դաշտերում բռնկված կրակի մարումն ամենադժվարն է եղել: Ականապատ դաշտում կրակից ականներ էին պայթել: Դա ադրբեջանցիների միջամտությամբ բռնկված հերթական հրդեհն էր: Նրանք սովորաբար իրենց արտերն ավելի շուտ են հնձում եւ, օգտվելով քամու ուղղությունից, չորացած դաշտերը վառում են: Սահմանից եկող կրակը շատ մեծ լայնություն է ունենում: Այն հնարավոր չէ մարել այնքան ժամանակ, քանի դեռ մոտ է ադրբեջանական դիրքերին, քանի որ տարածքը նշանառության տակ է լինում: Հրշեջները ստիպված են եղել այնքան սպասել, մինչեւ կրակը մեր տարածքում մի քանի կիլոմետր առաջ գա, հետո հանգցնեն: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նույնիսկ պահեստային ուժեր: Այժմ հրդեհներին օպերատիվ արձագանքելու եւ հրշեջ հենակետեր ստեղծելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ եւ հրդեհների վերլուծություններ են կատարվում:



«Գուցե զրահաբաճկոններ խնդրենք, քանի որ սահմանային հրդեհների ժամանակ անվտանգության ապահովումը դժվար է,-ասում է փոխգնդապետ Վաղինակ Հովսեփյանը:-Տղաները սահմանում հրդեհ են մարում, իսկ դիմացն ադրբեջանական նշանառու է նստած»: Հավանաբար կառաջարկեն նաեւ, որ դաշտերում վերականգնեն 90-ականներին թալանված ու կողոպտված հիդրանտները, որոնք հնարավորություն կտան արագորեն ջրով  լիցքավորել հրշեջ մեքենան:



Հրդեհների արագ մարմանը խանգարում է նաեւ հրշեջ կետերի մեծ հեռավորությունը շատ գյուղերից: Օրինակ, մինչ «Զիլ» մեքենան մոտ 40 կիլոմետր երկարությամբ կիսաքանդ ճանապարհով Բերդ քաղաքից հասնի Այգեձոր գյուղ, հրդեհվող օբյեկտը կարող է մոխրացած լինել: Հրշեջ-փրկարարներն առաջարկում են ավելացնել հրշեջ կետերի թիվը: Մեր տեղեկություններով, 2009-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ գյուղերի ղեկավարներ դիմել են ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանին` խնդրելով Այրումում հրշեջ կետ ստեղծել:



Շահգելդյանը չի մերժել, բայց հարցը չի էլ լուծել: Առաջարկ կա՝ ոչ պաշտոնապես, նոր կետ բացել նաեւ Բերդի Նորաշեն գյուղում: Ըստ որոշ աղբյուրների, մեր փրկարարական համակարգին օգնելու խոստում ՌԴ նախագահ Մեդվեդեւն էլ է տվել: Մերոնք սպասում են նրա խոստացած հրշեջ ուղղաթիռին: Տավուշի մարզի փրկարարական վարչությունում հավաստիացնում են, որ եթե հայ փրկարարներն ունենան Եվրոպայում կիրառվող տեխնիկայի գոնե կեսը, հրաշքներ կգործեն, որովհետեւ իրենք ավելի հմուտ ու պատրաստված են:



ՀԳ - Տավուշի փրկարարական վարչությունը բնակչության իրազեկման եւ լրատվամիջոցներին օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրելու համար մարզային լրագրողների կողմից առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայտարարած Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության «Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն» անվանակարգում: