Մարտակերտի կխտարը` տեխնոլոգիական թակարդում

Մարտակերտի կխտարը` տեխնոլոգիական թակարդում
Բանակում հաստատված ոչ կանոնադրական հարաբերությունները  Հայաստանի հանրությանը երբեք չէին հուզի, եթե այն չվերածվեր համատարած ամենաթողության ու որակապես չփոխվեր «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» սպայակազմը եւ չվերածվեր մաուզերիզմով ախտահարված քրեական հանցագործների հաբռգած բանդայի: Գաղտնիք ասած չենք լինի, եթե ավելորդ անգամ հիշեցնենք, որ հայկական բանակի գրեթե բոլոր զորամասերի (ասած Սերժ Սարգսյանի՝ անշուշտ, բացառություններ էլ կան) հրամանատարներն ամեն մեկն իր տարածքում ճորտատեր է, որի ճանկերից զորակոչիկին փրկելու միակ ելքը շատ հաճախ կամ նրան փողով ազատելն է, կամ էլ բնակավայրին մոտիկ ու ավելի բարյացակամ մեկի զորամասում տեղավորելը:Ուստի բարյացակամությունն էլ է հանված վաճառքի: Բայց արի ու տես, որ բանակում առեւտուրն օրինաչափ է, իսկ ահա այդ մասին խոսելը՝ արգելված, որ պաշտոնապես ձեւակերպվում է որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնել»: Այդպիսի մի ձեւակերպմամբ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը փորձեց ահաբեկել լրատվամիջոցներին՝ սպառնալով պատժել Youtube-ում տեղադրված տեսանյութի հեղինակներին, ու տեսանյութը նախապես գնահատեց որպես «ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված»:



Բայց կրկին լրատվամիջոցների ջանքերով պարզվեց, որ տեսանյութը ոչ միայն բնօրինակ է, այլեւ «հերոսը», որ ակնհայտ նվաստացնում ու կտտանքների է ենթարկում զինվորներին, կոնկրետ արարած է, կոնկրետ անուն-ազգանունով ու կոնկրետ կոչումով: Թեպետ նրա դեմքը տեսանյութում չի երեւում, բայց ճարպոտ ջանդաքի երեւացող մասն էլ բավական է, որ հասկանալի լինի, թե ինչ անասուն է (օգտվում ենք ՊՆ կայքում գործածվող բառապաշարից) ու էլ ինչերի է ընդունակ: ՊՆ-ն չքմեղացած փորձում էր քողարկել իր համակարգում աշխատող մարդակերին, մոռանալով, որ նորագույն տեխնոլոգիաների ժամանակներում ենք ապրում:



Եվ ահա կրկին հաղորդագրություն է տարածել՝ «տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ», ու խոստացել, որ մանրամասների մասին կհաղորդեն առաջիկայում: Երեկ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, հրաժարվեց մանրամասներ հաղորդել կամ գոնե հաստատել մեր տեղեկությունները:



Այսինքն՝ ծածկադմփոցի քաղաքականությունը շարունակվում է: Կարելի կլիներ հավատալ սեփական ախոռը մաքրելու մասին ՊՆ ղեկավարության հայտարարություններին ու նախարար Օհանյանի անկեղծությանը, եթե ինքնակամ հրապարակեին այն սպաների անունները, որոնց իբր պատժել են կամ ցանկանում են պատժել: Բայց քանի որ չեն հրապարակում, ստիպված ենք տեղեկացնել, որ «Youtube»-ում հայտնված տեսահոլովակի «հերոսը» ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սասուն Գալստյանն է՝  Ղարաբաղի Մարտակերտի շրջանից:



Նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ քրօր.-ի 375-րդ հոդվածի (իշխանազանցություն) հատկանիշներով: Քննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով (ՀԿԳ) քննչական բաժինը: Տեղեկացնենք, որ հոդված 375-ը նախատեսում է՝ 1-ին մասով՝  պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել` ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով:



2-րդ մասով՝  նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: 3-րդ մասով՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` ազատազրկում յոթից տասներեք տարի ժամկետով: Քանի որ պաշտոնական շրջանակներն այլեւս չեն կարողանում թաքցնել իրողությունը, բայց դեռ փորձում են մանրամասներ հաղորդելու իրենց խոստումը երկարաձգել, մանրամասների մասին խոսում են ոչ պաշտոնական շրջանակներում:



Թեպետ պետք է նշել, որ շրջանառվում են նաեւ լուրեր, որոնք ակնհայտ պաշտոնական քարոզչության բանահյուսության հնարքներից են: Օրինակ՝ տարածել են, թե «Մարտակերտի կխտարը»՝ բարբառից թարգմանաբար՝ եղնիկ, Սասուն Գալստյան կոչեցյալ կենդանակերպը, տեսանյութում իբր պատժում է զինվորներին, որովհետեւ եկել ու նրանց բռնացրել է խմելիս: Բայց ակնհայտ երեւում է, որ հենց ինքն է խմում, զինվորներին էլ վազեցնում է ջրի: Բացի այդ, խիստ կասկածելի է, որ հրամանատարը գա-տեսնի զինվորներին խմելիս ու շորահան լինի, ճարպերը գցի դուրս, նստի ու որոշի պայթեցնել զինվորների թմբկաթաղանթը:



Դրա համար գոյություն ունի կանոնադրությամբ նախատեսված պատիժ: Խոսում են նաեւ, որ «Եղնիկների» հրամանատարի տեղակալը Ղարաբաղի պատերազմում կորցրել է կնոջն ու երեխային, դրա համար էլ կատաղած է, խեղված: Պարզ է, որ էս գլխից փորձում են նրան անմեղսունակ պատկերել՝ հետագայում պատիժը մեղմացնելու նպատակով: Բայց ՊՆ ղեկավարությունը եթե գիտի, որ կենդանակերպի խելքը թռած է, ինչո՞ւ է նրան նշանակել նման պատասխանատու պաշտոնի ու եթե գիտենալով էլ նշանակել է, նա էլ չհայտնաբերվեր, կշարունակեր մարդակերի իր գործը:



Մեր տեղեկություններով, Սասուն Գալստյանն ուղղակի թմրամոլ է, ժողովրդական լեզվով՝ ծակվող: Ասում են, որ վիրավորվել է պատերազմում, ցավերը զսպելու համար մորֆի են սրսկել, ու այդպես ընտելացել է մորֆիին: Եթե այս տեղեկությունը լեգենդների շարքում չէ, ՊՆ-ն կարող է հերքել այն, բայց պայմանով, որ հերքի նաեւ վերոնշյալ ասեկոսեներն ու սպառիչ պատասխաններ տա լրագրողների հարցերին: Քաղաքակիրթ երկրներում բանակում տեղի ունեցող նման սոսկալի իրադարձությունների վերաբերյալ եթե ոչ հրաժարական, գոնե պարզաբանումներ կտար պաշտպանության նախարարը՝ հրավիրելով մամուլի ասուլիս:



Բայց մերն առայժմ կիրառում է Միկոյանի գործելաոճը, որի մասին հայտնի անեկդոտ կա: Անձրեւ է գալիս, պալիտբյուրոն բացում է հովանոցները, Միկոյանը հովանոց չի ունենում, մնում է անձրեւի տակ: Նրան հարցնում են՝ ինչո՞ւ որեւէ մեկի հովանոցի տակ չես մտնում, կթրջվես, ու Միկոյանը պատասխանում է՝ չեմ թրջվի, ես շիթերի արանքով եմ քայլում: