Ֆլեշ-ի ՀՀՇ-ն

Ֆլեշ-ի ՀՀՇ-ն
Սերժ Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ օլիգարխ դարձած Բարսեղ Բերգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որը տեւական ժամանակ մտմտում էր կուսակցություն ստեղծել, պարզվում է՝ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախաձեռնությունը կոչվում է «Հանուն հայության հարատեւման շարժում»: Բենզինի ներկրման մենաշնորհ ունեցող օլիգարխը իր հովանավորած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի երիտասարդներին Անկախության օրվա առիթով ուղարկել էր փողոցներ՝ հարցումներ անելու եւ հանրությանը տեղեկացնելու հայության հարատեւման ճանապարհի մասին:



Նրանց բաժանած կարմիր թերթիկներում վերոնշյալ շարժումը հանդես էր եկել կոչ-դիմումով: «Վստահ ենք, որ այլեւս չենք կարող ազգի ճակատագիրը կապել միայն կուսակցությունների հետ»,- ասվում է այդպես էլ կուսակցություն չդարձած «Բարեպաշտ սերնդի» նախաձեռնած շարժման հայտարարության մեջ: Այնուհետեւ «Հանուն հայության հարատեւման շարժումն» իր հավանական հետնորդներին բացատրում է, որ այժմ նոր մոտեցում է պետք «կոլեկտիվ մտածողությանը զարկ տալու» համար: Ուստի Բարսեղ Բեգլարյանի հովանավորությամբ ստեղծված շարժումը կոչ է անում բոլոր հայերին՝ միանալ իրենց, մաս կազմել շարժմանը, պատրաստ լինել համագործակցության եւ, որ ամենակարեւորն է՝ «մասնակից դառնալ կոլեկտիվ մտածողության միջոցառումներին»: Նշենք, որ «Բարեպաշտ սերնդի» հիմնադիրներից է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: