Հայկական կողմը պետք է հակաքայլեր ձեռնարկի

Հայկական կողմը պետք է հակաքայլեր ձեռնարկի
Սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Բնականաբար, ասուլիսի թեման ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն էր։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ «Հայաստանի Հանրապետությունն այդ համաձայնագիրը ստորագրել է որպես միջնորդ, եւ 1994 թվականին նրա վրա ոչ մի պատասխանատվություն չէր դրվել»,- ասաց նա։



Վ. Աթանեսյանը հայտնեց, որ Ադրբեջանի հանրությանն ամեն օր, ամեն ժամ ներշնչում են, թե պատերազմն այլընտրանք չունի։ Ադրբեջանի ղեկավարող կլանը սեփական ժողովրդին հրահրում է պատերազմի վերսկսման անխուսափելիությանը... «Մենք չենք կարծում, թե ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է,- ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը,- կա քաղաքական երկխոսության պատուհան։ Եթե պաշտոնական Բաքուն փակում է այդ պատուհանը, դրանով հետագա զարգացումների պատասխանատվությունը վերցնում է իր վրա»։



Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակին, Վ. Աթանեսյանի կարծիքով, լարվածությունն այստեղ մշտապես կար եւ, կապված քաղաքական իրադրության հետ, պակասում կամ ավելանում է։ Ըստ բանախոսի, իր գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե հակամարտության կարգավորման իր համար անընդունելի տարբերակի պարտադրման դեպքում իրադրությունը տարածաշրջանում կարող է դուրս գալ վերահսկողությունից։ «Կարծում եմ՝ այն փաստը, որ սկսած 1994 թվականից, շփման գծում Ադրբեջանի կողմից թեկուզ 1 մետր առաջխաղացում չի արձանագրվել, ապացուցում է, որ ուժերի հարաբերակցությունը պահպանվում է, եւ անհրաժեշտության դեպքում ադրբեջանական զինված ուժերն արժանի հակահարված կստանան»,- հավելեց նա։



Վ. Աթանեսյանի ասելով, Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի ղեկավարության անհավասարակշիռ հայտարարություններն իրեն, որպես փորձագետի, հիմք են տալիս ենթադրել, որ Ստամբուլում կայացած թուրքալեզու երկրների ղեկավարների 10-րդ Սամիթը ձախողվել է։ Թուրքալեզու բոլոր երկրներին այդպես էլ չեն կարողացել միավորել ընդդեմ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի։ Այլապես, քաղաքական գործչի ասելով, այդ Սամիթի ժամանակ համատեղ ինչ-որ հայտարարություն կընդունեին։ Չի կայացել նաեւ բոլոր մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը, որը վկայում է, որ այդ երկրները չեն միացել այն քաղաքական գծին, որն առաջարկել է նրանց հրավիրող երկիրը։



Վահրամ Աթանեսյանի խոսքով, ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորում են իրենց ուժերն ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Ուստի, ըստ նրա, հայկական երկու երկրները պետք է լրջորեն ուսումնասիրեն այդ ամենը եւ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում հակաքայլերի շարք ձեռնարկեն։ «Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը հիմք է տալիս կասկածելու, թե հակամարտության կարգավորմանը միտված բանակցությունները կարող են արդյունավետ լինել,- հավելեց Աթանեսյանը։- Նման կարգի ռազմավարական համագործակցության արդյունքում Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշումն էլ ավելի կկարծրանա, հատկապես եթե դրան հավելենք Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Թուրքիայի ուժը դա Ադրբեջանի ուժն է... »:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ