Խաչատուրովը` մոլագար հրամանատարի հովանավոր

Խաչատուրովը` մոլագար հրամանատարի հովանավոր
Հայոց բանակում տիրող հերթական այլանդակության մասին մեր հոդվածից («Նրանց թիկունքում Խաչատուրովի որդին է», 18.09.10) հետո ռազմական ոստիկանության աշխատակիցներն ուղեւորվել են Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ բացահայտելու մեր հրապարակման իսկությունը: Զորամասին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ,  ուսումնասիրողները դեպքի վայրից բավականին հարուստ «պաշարով» են վերադարձել: Հիշեցնենք, որ այդ զորամասում տիրող վիճակի մասին մեզ պատմել էր վերջերս ծառայությունից վերադարձած զինվորներից մեկը: Այս զորամասում եւս զինծառայողներին ստորացնում են, ծեծում, անմարդկային վերաբերմունք է տիրում:



Եվ այդ ամենը տեղի է ունենում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գիտությամբ եւ նրա որդու անմիջական մասնակցությամբ: Վերջինս այս զորամասում գնդի հրամանատար է եղել, իսկ հիմա բանակային 4-րդ կորպուսում երկրորդ մարդն է՝ որպես «նայող»:  Մեզ այցելած զինվորի՝ կտտանքներով ու սարսափելի մանրամասներով լեցուն պատմությունը ստիպել է ռազմական ոստիկանությանը հատուկ հետաքրքրվել այստեղ տիրող վիճակով: Մեր տեղեկություններով, ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ,  ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումներից բացի, այստեղ գործել են նաեւ «նալոգի» ձեւաչափով:



«Ռոժ» մականունով հրամանատարը՝ Վարդան Մարտիրոսյանն ու կրտսեր Խաչատուրովը դրամահավաքությամբ են զբաղվել՝ ստիպելով պայմանագրային ծառայողներին մուծվել 10-15 հազար դրամ: Հետո «ստավկան» աստիճանաբար բարձրացրել են՝  ընդհուպ 3 հարյուր հազար դրամ: Իսկ կրտսեր Խաչատուրովը ստիպել է ստորադաս զինվորականներին, որ իր համար «Ակբա» բանկից 3 հարյուր հազար դրամից մինչեւ 1,5 միլիոն դրամ վարկ վերցնեն՝ խոստանալով, որ ինքը կփակի, սակայն չնչին մուծումներից հետո թողել է վարկառուների վրա:



Վերջիններս, ի վիճակի չլինելով փակել այդ վարկերը, լուրջ խնդիրների առջեւ են կանգնել: Մեր տեղեկություններով, հարուցվել է քրգործ, ու երբ ոստիկանությունում Խաչատուրովների լկտիությանը զոհ գնացած զինվորականներին հարցրել են, թե ինչու այդ մասին իրենց ավելի վաղ չեն տեղեկացրել, նրանք  ասել են, թե Խաչատուրովը հեռակա կարգով հասկացրել է, որ ինքը պրոբլեմ չունի իրավապահ մարմինների հետ եւ այդ ամենը կոտրելու է իրենց գլխին: Նրանք էլ վախից գերադասել են այդ նվաստացումները:



Նշենք, որ Ռոժի ու որդի Խաչատուրովի ընկերության մասին լեգենդներ են պատմում: Ասում են Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմվել է «12 ախպերներ» թայֆա, որի անդամներն են եղել այս երկուսը: Ու թեեւ այս թայֆան հետո մասնատվել է եւ տարբեր զորամասեր ուղարկվել, սակայն սրանք իրար նման են՝ ինչպես հարազատ եղբայրներ, եւ բոլորն էլ այսօր զբաղված են Հայոց բանակը վարկաբեկելով, քանի որ ծառայում են կրիմինալի «օրենքներին»:



ՀԳ - Մեր տեղեկությունները պաշտոնապես ճշտելու եւ նշված զորամասում կատարված ստուգումների արդյունքների մասին տեղեկանալու համար զանգահարեցինք նաեւ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Մուշեղ Աղեկյանին, որն ասաց, թե «նման տեղեկություններ չունեն»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ