Որ հրաժարական տանք Տեր Պետրոսյանն ո՞ւմ հետ է երկխոսելու

Որ հրաժարական տանք Տեր Պետրոսյանն ո՞ւմ հետ է երկխոսելու
Մամուլի ազգային ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ցավով նշեց, որ անկախության 19-րդ տարեդարձը, քաղաքական բոլոր ուժերը՝ ընդիմությունն  էլ, իշխանությունն էլ նշեցին առանձին ու չկար միասնություն. «Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ իր համար ամենաբարձր արժեքը անկախությունն է, ես համաձայն եմ նրա հետ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահն ու ավելացրեց, որ հակառակ տարաձայնությունների, այդ տոնը պետք է նշվեր միասին:



«Անկախությունը մեր քաղաքական հավատամքն է: Մենք կարող էինք, ասենք, երեկ անկախությունը միասին նշել, թեկուզ հրապարակում կամ մի այլ տեղ, բայց հաջորդ օրը նորից մեր քաղաքական առաջարկները ներկայացնել, քննադատել, պայքարել եւ այլն: Այսինքն գոնե դրսի համար ցույց տայինք, որ մենք միասնական ենք, ու անկախությունը մեզ համար արժեք է»,- ասաց նա: Ըստ բանախոսի՝ երկար տարիներ, չունենալով պետություն, մեր քաղաքակրթական ցենզը բավականին իջել է, բայց այսօր, պետք է աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդն ունի քաղաքակրթական արժեքներ:



Լրագրողները խնդրեցին Ռազմիկ Զոհրաբյանին անդրադառնալ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրաքվեի ելույթին, ինչին ի պատասխան նա խնդրեց նախ ճշտել` ելույթի ո՞ր մասից եւ ի՞նչ են ուզում լսել, թե չէ, որ սկսեց խոսել, մինչեւ երեկո կխոսի: Այնուամենայնիվ, ընդհանուր գույներով պրն Զոհրաբյանը մեկնաբանեց. «Լեւոնն ասում էր, որ իշխանության հետ համագործակցելու հնարավորությունը դեռեւս չի սպառվել: Ինքը կալանավորներին ազատելու, արտահերթ ընտրությունների, հրաժարականի ու իշխանափոխության պայման էր դնում: Բայց, եթե մենք հրաժարական տանք, ո՞ւմ հետ են երկխոսելու, մնում է անհասկանալի»: