Տոնն անկեղծություն է պահանջում

Տոնն անկեղծություն է պահանջում
Օգտագործելով Անկախության տոնի առիթը՝ երեկ Սերժ Սարգսյանը բավական հուզումնալից ու մարդկային խոսք է ուղղել իր հյուրերին ու հայ ժողովրդին: Մասամբ որպես ամփոփում՝ անցած 19 տարիների, մասամբ որպես մարտահրավեր՝ առաջիկա 19 եւ ավելի տարիներին, մասամբ որպես ուժի եւ կամքի դրսեւորում՝ ուղղված ուզող-չուզողներին: «Այո՛, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թե՛ խոսքը, թե՛ գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Սա ցավալի է, բայց փաստ է: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողությունները շփման գծում, իհարկե՛, համարժեք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնությունը: Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության եւ տեւական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք` մեզ մի՛ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի՛ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի՛ դրեք, մեզ չի՛ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել»,- ասել է երկրի նախագահը: Անկախ այն հանգամանքից` ասվածի որ մասն է ճիշտ, որը սխալ, որն է անկեղծ, որը` դիվանագիտություն, որ մասում ենք մենք նրա հետ համաձայն, որտեղ` տարակարծիք, անկախության ռոմանտիկ օրվա առիթով ասված այս խոսքը թերեւս տեղին է եւ հասարակության կողմից պահանջված: Մենք բոլորս հոգնել ենք դասագրքային ու շաբլոն խոսքից: Մեզ մարդկային ու ջերմ բառեր են հարկավոր, որոնք բխում են ասողի սրտից ու մեխվում լսողի ուղեղում: