Միրզոյանն իրեն արժանի մրցակից չի տեսնում

Միրզոյանն իրեն արժանի մրցակից չի տեսնում
Սեպտեմբերի 25-ին հայտնի կդառնա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի հաղթողը: Արդեն իսկ տեղեկություն է դրվել շրջանառության մեջ, որ Հ1-ի տնօրենը լինելու է «ՀայTV-ի» ղեկավար Գագիկ Բունիաթյանը, որն օրեր առաջ նշանակվեց Հանրայինի գլխավոր պրոդյուսեր: Հիշեցնենք, որ Հանրայինի տնօրենի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Արմեն Ամիրյանը հրաժարվեց այդ պաշտոնից: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ամիրյանը պահանջել էր աշխատանքից ազատել Հ1-ի ֆինանսական պատասխանատուին, որն Ալիկ Հարությունյանի հիմնական գործարքների մասնակիցն է, եւ որի միջոցով նա ուզածի պես տնօրինել է հեռուստատեսության ֆինանսները:



Ալիկ Հարությունյանը, հասկանալով, որ կկորցնի ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հնարավորությունը, հրաժարվել էր աշխատանքից ազատել ֆինանսական բաժնի պատասխանատուին: Արմեն Ամիրյանն էլ, չցանկանալով իր վրա վերցնել Հանրայինի ֆինանսական բեռը եւ անգլիական թագուհի աշխատել Հ1-ում, հրաժարվել էր պաշտոնից: Հ1-ի տնօրենի մրցույթին հայտ են ներկայացրել չորս անձ: Դրան որոշել է մասնակցել նաեւ Լեզվի տեսչության նախկին պետ, մանկավարժական համալսարանի  պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը: Երեկ մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Միրզոյան, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե Գագիկ Բունիաթյանը ընտրված-պրծած է: Որքանո՞վ եք իրատեսական համարում մրցույթի արդար անցկացումը, որ մասնակցում եք դրան:



- Նախ՝ ես Գագիկ Բունիաթյանին չեմ ճանաչում, թեկնածուների մասին որեւէ կարծիք հայտնել չեմ կարող: Դա իրենց իրավունքն է՝ մրցույթին մասնակցել: Էստեղ, կարծում եմ, յուրաքանչյուր թեկնածու պետք է նաեւ իր ծրագրերն ունենա, վերջիվերջո ես լրագրության կամ հեռուստատեսության ոորտում նոր մարդ չեմ: Ժամանակին աշխատել եմ հեռուստատեսությունում որպես ինֆորմացիայի խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ, բազմաթիվ թերթեր եմ հիմնադրել, ունեմ ժուռնալիստի պետական որակավորում: Բազմամյա աշխատանքային փորձ ունեմ: Աշխատել եմ Հայաստանի կոմկուսի կենտկոմում որպես հրահանգիչ եւ սպասարկել եմ ողջ հանրապետության հեռուստատեսությունը: Կարծում եմ՝ այսօր մեր հեռուստատեսությունները լուրջ անելիքներ ունեն մայրենիի անաղարտության պահպանման հարցում: Հեռուստատեսություններում այսօր բացակայում է գրական մաքուր խոսքը: Այսօր կարծես մեր հեռուստատեսություններոմ մոռացել են մեր ազգային արժեքները. եթերից չի հնչում Կոմիտասի երաժշտություն, չենք տեսնում անգամ Լուսինե Զաքարյանին, մեր հին արվեստի գործիչներին: Իսպառ բացակայում է այն առաջադիմականը, որ այսօր պետք է լինի, այսինքն՝ ազգային հոգեւոր արժեքներն այսօր բացակայում են եւ անընդհատ եթեր են դուրս գալիս այնպիսի երգիչներ, որոնք մակարդակ չունեն:



- Հնարավո՞ր է միայն հնի վրա հենվելով՝ հեռուստադիտող պահել:



- Եվ հնի վրա հենվելով, եւ առաջադիմական մեթոդների վրա: Հինը ճիշտ օգտագործելով՝ պետք է ունենալ հայեցակարգ: Այսօր Հանրային  հեռուստաընկերությունը չունի հեռուստատեսային հաղորդումների պետական քաղաքականություն: Պետք է լինի քաղաքականություն՝ պետության կողմից ամրագրված:



- Հանրայինը հիմնականում ընկալվում է որպես իշխանության պատվերը կատարող հեռուստաընկերություն: Դուք պատրա՞ստ եք գնալ եւ կատարել իշխանության պատվերը:



- Ես ունեմ ծրագրային որոշակի դրույթներ, սակայն  այսօր մրցույթի փուլը չի կայացել, չեմ ուզում ծրագրերի մասին խոսել: Եթե չունենայի իմ հստակ ծրագիրը, երբեւէ չէի համաձայնվի, որ դիմեմ: Իրենց համար անակնկալ էր իմ դիմումը: Ինձ այսօր հասարակությունը ճանաչում է: Խորհուրդը կքննարկի՝ ում կնշանակեն, ես սիրով բոլորին կընդունեմ:



- Ի սկզբանե ակնհայտ է, որ մրցույթը ձեւական է: Եթե անարդարություն լինի, պատրա՞ստ եք պայքարել, դատարանում վիճարկել որոշումը:



- Չեմ կարծում, որ անարդար մրցույթ պետք է լինի: Մրցույթի կարգի մեջ գրված է, որ թեկնածուն պիտի լինի մասնագիտությամբ լրագրող, ես մասնագիտությամբ լրագրող եմ, գիտության մարդ լինի, ես մանկավարժական գիտությունների թեկնածու եմ: Իմ գրած գրքերով շատ մարդիկ հայերեն են սովորում: Չեմ կարծում, որ թեկնածուներից որեւէ մեկն ինձանից ավելի լավ տիրապետի հայոց լեզվին: Եթե իմ այսքան վաստակը հաշվի չեն առնելու, ուրեմն ես հակված պետք է լինեմ ասելու, որ սա ձեւական էր: Եթե այդ 4 թեկնածուների մեջ միակ գիտությունների թեկնածուն, ակադեմիկոսը ես եմ, եթե իմ ողջ կենսագրությունը կդնեն մի կողմ եւ իրենք իրենց թեկնածուին կնշանակեն, թող նշանակեն: Մրցույթի անցկացման կարգում հստակ գրված է, որ մարդը պիտի լինի մասնագետ: Ես չեմ ամաչում, որ գնամ, մրցույթի մասնակցեմ:



- Ի՞նչը առաջինը կփոխեք Հանրայինում, որ այնտեղ գնաք:



- Առաջինը եթերի լեզուն կդարձնեմ մաքուր, գրական հայերեն: Հիմա չեմ ուզում իմ ծրագրի փակագծերը բացել, թե ինչ կանեմ: Ժողովուրդն ինձ ճանաչում է, գիտի:



- Դա կնշանակի, որ Հանրայինի սերիալները պետք է եթերից դուրս գան, նաեւ՝ մի քանի հաղորդումներ:



- Շատ բաներ կան: Նախեւառաջ այդ սերիալների բովանդակության առումով պետք է լրջորեն մտածել, հատկապես՝ օտար ֆիլմերի գռեհիկ հայերենով թարգմանությունների մասին: Այնտեղ պետք է լինի մի բռունցք, որ եթերի բովանդակության մակարդակը բարձրացնի, նաեւ՝ լինեն նոր ծրագրեր, նոր մտահղացումներ:



- Դուք Ձեզ արժանի մրցակիցներ տեսնո՞ւմ եք մրցույթի հայտատուների մեջ:



- Ոչ: Արժանի մրցակիցներ չեմ տեսնում: Այդ 4-ից միայն ես եմ, որ ունեմ պրոֆեսիոնալ ժուռնալիստական կրթություն, միայն ես եմ, որ գիտությունների թեկնածու եմ:



- Խոսք է գնում, որ Հ1-ում ֆինանսական վերահսկողության խնդիր կա, դրա համար է Ամիրյանը հրաժարվել տնօրենի պաշտոնից: Դուք այդ առթիվ ի՞նչ եք անելու:



- Հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչեւ իրենց գործունեությանը չծանոթանամ: