Ախթալան Աղթամար չդարձավ

Ախթալան Աղթամար չդարձավ
Մինչ հայ հասարակությունը զբաղված էր Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագի հետ կապված քննարկումներով, մեկ այլ իրադարձություն, որ տեղի էր ունենում բուն Հայաստանում, հենց նույն օրը, մի տեսակ վրիպեց մեր ուշադրությունից: Չէ, անշուշտ, պետական լրատվամիջոցները շռնդալից ներկայացրին այդ իրադարձությունը, սակայն մի քանի «աննշան» մանրամասն բաց թողեցին: Խոսքը Ախթալայի եկեղեցու վերաօծման արարողության մասին է: Նախապես լայնորեն գովազդված այդ իրադարձությունը հատուկ էին նախատեսել սեպտեմբերի 19-ին եւ խորհրդանշական ու խորիմաստ կարգախոս էին ընտրել՝ «ոչ թե Աղթամար, այլ Ախթալա»:



Մտադրությունն այն էր, որ անունների նմանությունն օգտագործելով՝ համոզեն հայ ուխտավորներին ոչ թե մեկնել Թուրքիա՝ Աղթամարի պատարագին մասնակցելու, այլ Ախթալա՝ Լոռու մարզի այս գողտրիկ վայրում կազմակերպվող արարողությանը: Նախօրեին անգամ կազմակերպիչներն ասուլիս տվեցին եւ հայտարարեցին, որ Ախթալայում մեծ ծիսական արարողություն է տեղի ունենալու՝ եկեղեցու գլխին խաչ է տեղադրվելու (այն, ինչ հրաժարվում են անել Աղթամարում), նորոգված եկեղեցին վերաօծվելու է Էջմիածնից ժամանած հոգեւոր պատվիրակության կողմից, մատաղ է արվելու, հարսանեկան մատանիների հուշարձանն է բացվելու, անգամ խորովածի փառատոն է լինելու:



Մեծ թվով մարդիկ հրավիրատոմսեր էին ստացել, պաշտոնական այրեր էին ներկա լինելու, երգիչ-երգչուհիներ: Մի խոսքով՝ իսկական ժողովրդական տոնախմբություն: Իսկ հաջորդ օրվա լրահոսից կարելի էր եզրակացնել, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ծրագրվել է՝ ՀՀ գլխավոր դատախազն է ներկա եղել, արվեստագետներ, գրողներ, երգիչներ, ժողովուրդ: Հարսանեկան մատանիների միջով մի քանի զույգ է անցել: Հարցազրույցներ հեռարձակվեցին, ուրախ-զվարթ մարդկանց ցույց տվեցին: Սակայն ոչ մի խոսք չասվեց այն մասին, որ արարողության գլխավոր մասը՝ խաչի տեղադրման եւ եկեղեցու վերաօծման հատվածն այդպես էլ չկայացավ:



Փորձեցին կոծկել այդ մասը, հանրությունից թաքցնել: Դե, եթե ներկայացվեր այդ իրողությունը, ինչպե՞ս կկարողանային փնովել թուրքական իշխանություններին: Եթե իրենք իրենց երկրում չեն կարողանում խաչ տեղադրել եւ եկեղեցի օծել, ինչպե՞ս կարող են մեղադրել դրանում թուրքական իշխանություններին: Իսկ բանն այն է, որ Ախթալայի եկեղեցին, որը, ըստ որոշ տեղեկությունների, 11-13-րդ դարերի կառույց է, քաղկեդոնական մշակույթի նմուշ է համարվում: Քաղկեդոնականությունը կամ հունադավանությունը Վրաստանին սահմանամերձ Հայաստանում տարածված է եղել, եւ վրացական եկեղեցին այս հուշարձանների նկատմամբ որոշակի հավակնություններ ունի:



Սա հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ չլուծված թնջուկներից մեկն է, որտեղ մեր եւ վրաց հոգեւորականները դեռ որոշակի համաձայնության չեն եկել: Վրացիներն Ախթալայի եկեղեցին համարում են իրենցը, մենք, բնականաբար՝ մերը: Որպես հուշարձան՝ այն անշուշտ հայկական մշակույթի կրողն է եւ կառուցված է հայկական հողում, բայց հոգեւոր առումով վրաց եկեղեցին հավակնություններ ունի այս եկեղեցու նկատմամբ: Եվ, ըստ մեզ հասած լուրերի, հենց դա է պատճառ դարձել, որ Էջմիածինը հրաժարվել է եկեղեցին վերաօծելու եւ նրա վրա Հայ առաքելական եկեղեցու խաչը տեղադրելու մտադրությունից:



Միայն պարզ չէ, թե ինչու է այս խնդրի գոյությունը հայտնի դարձել վերջին րոպեին, երբ ամեն ինչ պատրաստ է եղել արարողությունն իրականացնելու համար: Մեզ հասած տեղեկություններով՝ ամեն ինչ արվում է, որ այս խնդիրը լռության մատնվի եւ հասարակական հնչեղություն չստանա, քանի որ համարվում է, որ այն կարող է վտանգել հայ-վրացական հարաբերությունները եւ խոչընդոտել Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հոկտեմբերին Վրաստան կատարելիք այցին, որի ժամանակ թերեւս նաեւ Ախթալայի եկեղեցու հարցը կքննարկվի:



Սակայն մի բան փաստ է, որ Աղթամարի եկեղեցու պատմությունը մատի փաթաթան դարձրած հայերս, որ մեր հողի վրա չենք կարողանում նման հարցը կարգավորել, պահանջում ենք, որ Թուրքիայի իշխանությունը հաղթահարի դարերի թշնամանքն ու իր հասարակության դիմադրությունը եւ ոչ միայն հայտարարի, որ իր հողում հայկական եկեղեցի ու մշակույթ կա, այլեւ ընդունի հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, վերադարձնի մեր հողերն ու փոխհատուցի նախորդ երկու դարերում մեր կրած վնասները: