Անկախությունը էն չի, որ մեկը շա~տ լավ զգա, ինչ ուզի անի, իսկ մյուսը` ոչ

Անկախությունը էն չի, որ մեկը շա~տ լավ զգա, ինչ ուզի անի, իսկ մյուսը` ոչ
Ազատամարտիկ, «Հայեր, միացեք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք» համաժողովրդական սիրո արժանացած եւ այլ երգերի հեղինակ գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան) անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ արժանացել է մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մեր զրույցը նրա հետ անկախության օրվա թեմայով էր:



- Պարոն Հայկազուն, ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս օրը:



- Շատերի համար անկախությունը սկսվել է 91 թվականից, ինձ համար անկախությունը պահանջմունք է եղել ծնված օրվանից: Չեմ ուզում մեծ-մեծ բաներ ասել, թե ինչ եմ արել մինչեւ շարժումը, բայց անընդհատ սպասել ենք այդ օրվան, եւ ղարաբաղյան շարժումը դրա սկիզբն էր, որն ինձ համար ամեն ինչից վեր էր ու կյանքից թանկ մի բան, երբ ընդգրկվեցի այդ շարժման մեջ: Ծնողից թանկ է անկախությունը ազգի համար, այն ժողովրդի, որը դարեր շարունակ զրկված է եղել այդ անկախությունից:



- Ինչ եք կարծում, այսօրվա մեր ունեցած անկախությունն ա՞յն էր, հանուն որի ոտքի ելավ ժողովուրդն ու այդքան զոհեր տվեց: 19 տարի առաջ ուզում էինք այն, ինչ ունե՞նք այսօր:



- Անկախությունը մեկն է, տարբեր տեսակի չի լինում: Հենց այսօրվա անկախությունը մեր երազած անկախությունն էր, պարզապես երկիրը պետք է ուժեղանա ու հզորանա: Անկախություն ունենք, բայց երկիրն է թույլ: Ժողովուրդը վատ է ապրում, ճիշտ է՝ դա իր պատճառներն ունի, բոլորս  գիտենք: Պատճառներ կան, որոնք չպիտի լինեին, հիմա էլ կարելի է շտկել, բայց, այնուամենայնիվ, անկախությունը անկախություն է ու երկիրը պետք է հզորացնել, որպեսզի անկախ երկրի քաղաքացին իրեն լավ զգա: Մենք այն սերունդն ենք, որ այդ դժվարություններն ու ծանրությունները տարել է եւ դեռ պատրաստ է տանելու: Մենք հասկանում ենք, որ այդ դժվարությունները պիտի լինեն, բայց երիտասարդները, որոնք պատերազմ չեն տեսել, ուզում են լավ ապրել, եւ դա բնական է: Դրա համար ամեն մեկս պետք է պայքարենք ու այս երկիրը երկիր դարձնենք: Սա դեռ սկիզբն է: Մենք դեռ շատ ճանապարհներ ունենք անցնելու, ազգային չլուծված հարցեր:



- Այսօր ազատամարտիկների ծանր վիճակը բոլորին է հայտնի: Նրանք ոչ միայն սոցիալական, այլեւ բարոյական աջակցության կարիք ունեն: Ազատամարտիկների վաստակն ու անձնազոհությունն անտեսված են:



- Այո, իրենց շնորհիվ շատերը շատ բաների են հասել: Ձեր ասած վիճակում են իմ շատ ու շատ ընկերներ ու մտերիմներ, ինչը շատ ողբալի է: Այո, երկու խնդիրներն էլ կան: Եթե կան ազատամարտիկներ, որոնք այսօր կարողանում են ընտանիք պահել, բարոյականի կարիք ունեն, բայց ավելի վատ է, երբ եւ բարոյականի կարիք ունեն, եւ ֆինանսականի: Առաջին հերթին նրանց պետք է տեր կանգնել: Պաշտպանության նախարարությունը բավականին ծախսեր է անում, օգնում է, բայց դա քիչ է: Սա շատ նման է երկրաշարժի հետեւանքների վերացմանը, 20 տարի է անցել, այսքան ծախս են անում, կառուցում են, բայց դեռ տնակներում ապրող մարդիկ կան: Այսինքն, փաստն այն է, որ շատերն այսօր օգնության կարիք ունեն: Գիտե՞ք, թե ինչ վատ է, երբ զոհվածի երեխան պետությունից չի ստանում բարոյականը: Ֆինանսականը մի կողմ թողնենք: Երբ ասում է՝ հայրս մահացավ, բայց մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում. դա շատ վատ բան է: Եթե այսօր մեղադրելու բան ունենք վերեւում՝ ղեկավարներին, մեծահարուստներին, առաջինը դա է: Այդ վիճակը չպետք է լինի: Այսօր մարդիկ կան, որ մի քանի տասնյակ մեքենաներ ունեն: Դրանցից մեկի գումարը բավական էր, որ այս տղաներն իրենց լավ զգային: Այսօր մեղադրում ենք, բայց ովքե՞ր են նրանք: Մեր կողքի հարեւանը, բարեկամը... Պետք է պետականության հասկացողությունը մտնի նրանց մեջ՝ սկսած ամենացածրում կանգնածից, մինչեւ իշխանության ամենաբարձր օղակը: Պետականության զգացումը պետք է ընկալվի: Անկախությունն էն չի, որ մեկը շա՜տ լավ զգա, ինչ ուզենա անի, իսկ մյուսը՝ ոչ: Պիտի հասկանան դա: Գուցե դրա համար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ մի կես սերունդ կանցնի ու կհասկացվի:



- Պարոն Հայկազուն, նախագահի կողմից պարգեւների արժանացած զինվորականների ցանկին էի ծանոթանում: Այդտեղ շատերը հետմահու են գնահատականի արժանացել կամ այսքան տարի անց, թեեւ նրանց արյամբ է ձեռք բերվել անկախությունը: Արդարացի՞ է դա:



- Պատերազմից հետո խառը ժամանակներ էին, եւ թացը չորից չէր ջոկվում: Էսօր իմ կողքին նստած էր միակ կին հրամանատարը՝ Անահիտը, որն Արիության մեդալը միայն 19 տարի անց ստացավ, բայց վաղուց պիտի ստացած լիներ: Նույնը կարող եմ իմ հասցեին ասել: 88 թվականից սկսած՝ «Հայեր, միացեք», «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում» երգերը համազգային են արդեն 20 տարի: Շքանշանն ինձ կարող էր 1-ին նախագահը տալ, առավել եւս, որ իմ թիմակիցն է եղել, կարող էր տալ Ռոբերտ Քոչարյանը: Ես սպասել եմ դրան, բայց երբեք վատ չեմ զգացել, որովհետեւ ժողովրդի կողմից այդ երգերն արդեն իսկ ընդունելության են արժանացել: Շատ լավ տղաներ կան, որ էդ էլ չեն ստացել մինչեւ էսօր: Նրանք վատ են զգում: Գիտեք, սրա մեջ ոչ մի ֆինանսական բան չկա, ոչ մեկի գրպանը փող չի մտնում, բայց երբ տեսնում ես, որ պետությունը, իշխանությունը քեզ գնահատում է, գոնե բարոյապես բավարարվածություն ես զգում: Այսօր շատ լավ տղաներ մեծահարուստի առաջ վիզ են ծռում, որ մի փոքր ֆինանսական աջակցություն ստանան ու ընտանիք պահեն, այն դեպքում, երբ էդ մեծահարուստն այն ժամանակ ոչինչ չարժեր: Ցավալի է, բայց էդպես է:



- Այդ ամենի պատճառն արդյո՞ք այն չէ, որ անկախության ու ազատության գաղափարները անցնող 19 տարիների ընթացքում մի տեսակ խեղաթյուրվել են մեր ընկալման մեջ այն իմաստով, որ այդ գաղափարներն իրականություն դարձրեցին այն մարդիկ, ովքեր դրանից օգտվողների նեղ շարքերում չէին:



- Պատճառին ավելի հեռվից պետք է նայել: Անկախություն չունեցող ժողովուրդը չունի անկախության զգացում: Ոչ ոք չէր պատկերացնում, թե անկախությունն ինչ բան է, ոնց պետք է անել: Սովետական Միության ժամանակ սովորել էին, որ ամեն մեկը մի բան փախցնի-տանի ու իր ընտանիքը պահի: Ազգային ոգի, մտածելակերպ պետք է ունենանք: Բոլորը ինձ, բոլորը ինձ... Եթե չունեցար ազգային մտածելակերպ, ուրիշի մասին չես կարող հոգալ: Անկախության զգացումը 700 տարի առաջ կորցնելով՝ ստրկական վիճակում ենք եղել, թուրքի լծի տակ, պարսիկի լծի, ռուսի լծի տակ, ադրբեջանցու լծի տակ հարմարվել ենք, ու արյան մեջ պակասել է այդ զգացումը: Անկախության մարտիկները հենց այն տղաներն էին, որոնց մեջ պահպանվել էր անկախության զգացումը, եւ պատահական չէ, որ կամավորների, եթե չասեմ 50 տոկոսը, ապա բավականին մեծ տոկոսը մտավորականությունն էր կազմում: Իսկ էն օգտվողները... Նրանց սերունդը միգուցե քիչ-քիչ հասկանա, թե պետությունն ինչ է: