Հրանտ Խաչատրյան. Անկախությունն ածանցյալ էր

Հրանտ Խաչատրյան. Անկախությունն ածանցյալ էր
Մեզ մոտ անկախությունը ածանցյալ պահանջ էր, նույնիսկ ածանցյալ երեւույթ, որովհետեւ 88 թվականին ոչ ոք չէր էլ կռահում, որ համաժողովրդական շարժումը կարող է վերածվել անկախական շարժման: Դա երեւաց 89 թվականին, եւ այդ ժամանակ միանգամից շարժման մասնակիցները, առավել եւս այն մարդիկ, որոնք իրենց ղեկավար դերում էին զգում, միանգամից բաժանվեցին անկախականների եւ հակաանկախականների: Մենք, բարեբախտաբար, անկախականների մեջ էինք: ԽՄ լուծարման միտումներն արդեն երեւում էին, եւ ամեն ինչ տարավ նրան, որ Հայաստանը դարձավ անկախ:



Բայց այն ժամանակ՝ մինչեւ անկախության հռչակումը եւ հռչակումից մինչեւ անկախության հանրաքվեի անցկացումը, մարդիկ տարբեր կերպ էին ընկալում անկախությյունը: Մի բեւեռը՝ անկախականը, ԱՄԿ-ի հիմքի վրա ստեղծված «Ազգային ինքնորոշում» միավորումն էր՝ սկզբում Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ, որն էությամբ անկախական էր, եւ նրա ելույթները շատ ոգեւորիչ էին, եւ շարժման մասնակիցների հիմնական մասը՝ մյուս բեւեռը, ասում էին, որ անկախությունը խանգարող հանգամանք է եւ պետք չէ ղարաբաղյան շարժմանը խառնել:



Բայց այնպես ստացվեց, որ 91 թվականի օգոստոսին արդեն ողջ ժողովուրդը դարձավ անկախական, որովհետեւ անկախությանը կողմ քվեարկեց: Կարծում եմ՝ պատրաստ չէր ժողովուրդը, ոչ էլ լիդերներն էին պատրաստ: Ընդհանրապես, այն ժամանակ ամեն ինչ գնահատվում էր այսպես՝ ղարաբաղյան շարժմանը օգո՞ւտ է, թե՞ վնաս: Անկախությունը որպես ինքնուրույն գործընթաց չէր դիտարկվում: Եվ այդ  կնիքը մինչեւ հիմա էլ մնացել է, որովհետեւ Հայաստանի անկախությունը էապես կախման մեջ է դրվում Ղարաբաղի հարցից:



Իմ անձնական դիրքորոշումն  այն էր, որ անկախությունն ինքնուրույն գործընթաց է, եւ Հայաստանը ոչ թե պայքարում է, այլ նկատի ունենալով 20-րդ դարի փորձը, որ եթե նույնիսկ Հայաստանը ժամանակավոր անկախության մեջ հայտնվի, հայ ժողովուրդը ընտրություն է ունենալու ոչ թե անկախանալու եւ չանկախանալու միջեւ, այլ, այսպես ասած, Հայաստանին պետք էր լինելու ինքնուրույն ղեկավարվել եւ ինքնուրույն որոշումներ կայացնել:  Եվ դրա համար անհրաժեշտ էր այդ կառույցներն ստեղծել:



Հարցն այն չէր, որ ժողովուրդը շուտ պետք է պատրաստ լիներ, որովհետեւ որեւէ հանգամանք չկար պատրաստ լինելու, եւ խնդիրն այն էր, որ կառույցների ստեղծման հարցում արագ վերադասավորվելու հարց չէր դրվում: Հիմա էլ է այդպես: Մի տարբերակիչ հատկանիշ էլ կար այն ժամանակ, որը հիմա էլ է իր ազդեցությունը թողել գործընթացների վրա: Մարդկանց մի մասը պնդում էր, որ Հայաստանը կարող է դառնալ չեզոք անկախ պետություն, իսկ մեր խումբն այդ ժամանակ ավելի շատ հակված էր նրան, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ելնելով իր չափերից, հզորությունից, աշխարհագրական դիրքից, կարող է դառնալ անկախ պետություն որեւէ աշխարհաքաղաքական ոլորտում:



Գործողությունների մեջ դժվար է ասել ինչպես է, բայց եթե մի քիչ խորքն ես նայում, հասկանում ես, որ մինչեւ հիմա էլ այդ մոտեցումները չեն փոխվել: Եթե մարդն այն ժամանակվանից մտածում էր, որ Հայաստանը որեւէ ազդեցությունից դուրս է լինելու, բնական է, որ իրականությունից կտրվում էր: Իսկ մյուս դեպքում մտածում են, որ Հայաստանն անպայման ինչ-որ մեկի ազդեցությունը պետք է կրի, եւ չեն պատկերացնում այդ ազդեցության չափը: Այստեղից էլ ծնվում է այն մոդելը, որը մինչեւ հիմա կոչվում է կոմպլեմենտարիզմ, բայց ըստ էության չի իրականացվում:



Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՍԻՄ նախագահ