Չինական վոյաժ կամ վարչապետի սարի սմբուլը

Չինական վոյաժ կամ վարչապետի սարի սմբուլը
Հայաստանի վարչապետը՝ «Հադին, Հուդին, Չատին, Մատին, ես էի, հերս էր» գեղական կարգով, մի 60-70 մարդով, մշակույթի նախարարուհի Հասմիկ Պողոսյանն էլ վրադիր, որպես հին մշակութային ազգի կենդանի ապացույց՝ «Բերդ» պարային համույթն ու Ինգա եւ Անուշ Արշակյաններին, Սոֆի Մխեյանին առաջն արած, գնացել է Չինաստան: Լրագրողական կորպուսը չենք հաշվում, որովհետեւ նրանք դժվար թե պատվիրակության կազմում լինեն, թեպետ ՀՀ կառավարությունից ամեն ինչ սպասելի է: Իսկ մենք այստեղ գլուխ ենք կոտրում, թե ի՞նչ ռազմավարություն է թաքնված վարչապետ Սարգսյանի կոնցեպցիայով գրված հայկական տոնացույցի հիմքում, որ աշխատանքային շաբաթվա օրերը հետ ու առաջ է գցել:



Պարզվում է՝ հաճելին հաճելիի հետ համակցելու խնդիր է ընդամենը լուծել, որ կարողանա ղրդաբով աշխատանքային այցեր իրականացնի՝ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» լուծելու գերագույն նպատակով: Շաբաթ օրն արդեն լուր տարածեցին, որ Տիգրան Սարգսյանի «գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են իր աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք», որոնց ցուցակը, բնականաբար, չէին հրապարակի, քանի որ կարող էր հարց առաջանալ, թե ո՞ւմ հաշվին են քոչը չորս օրով տանում Չինաստան, ու իրենք էլ ստիպված պիտի լինեն պատասխանել, որ բյուջեի, իմա՝ հարկատուի հաշվին:



Մի խոսքով, եթե ճիշտ է Վարդան Մամիկոնյանի չինական արմատների մասին լեգենդը, ուրեմն մերոնք վերադարձել են իրենց ակունքներին: Բայց այցի կարեւորությունը դարակազմիկ ներկայացնելու համար չին թագավորական դինաստիաների պալատների ֆոնին չտեսի հրճվանքով  ներկայացվող ռեպորտաժներն այնուամենայնիվ մատնում էին իրականությունը: Հին մշակութային ազգիս կառավարության ղեկավարը հզոր Չինաստանում արժանացել է համարժեք ընդունելության: Տիգրան Սարգսյանին ու նրա հետեւից ձգվող քոչն ընդունել է ՉԺՀ Պետական խորհրդի քարտուղարի տեղակալ Լի Կեցյանգին, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վանգ Գուան Գիային ու «մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»:



«Բարձրաստիճան պաշտոնյաներն» էլ եղել է  Չինաստանի ազգային աուդիտի գրասենյակի գլխավոր տնօրենը: Նա մի բան ասելու համար ասել է, որ «Հայաստանը գտնվում Է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում ու նպատակային շարժվում է դեպի իր լուսավոր ապագայի կառուցումը»: Վարչապետը պիտի որ հպարտ զգացած լիներ այս կարեւոր գնահատականի համար: Իսկ մենք էլ առավել հպարտ պիտի զգանք վարչապետ Սարգսյանի հետեւյալ մտքի համար, որ արտահայտել է որպես մտածող, որպես հզոր ազգի (Չինաստանից հետո, իհարկե) ներկայացուցիչ:



«Մեր երկիրն ամեն օր արթնանում է եւ նայում Արարատ բիբլիական սարին: Իմաստը, որ կրում Է Արարատը, նախեւառաջ կապվում Է վերածննդի գաղափարի հետ: Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձեւակերպել աշխարհի նոր ուղղվածությունը: Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն է, որ նոր աշխարհը մենք պետք է կառուցենք միասին»,- «Շանհայ էքսպո 2010»-ում ասել է ՀՀ վարչապետը:



Կարող ենք, չէ՞, սրանից հետո ասել, որ չինական իմաստնությունը շատ բան ունի սովորելու  մեզանից, ի դեմս մեր երկրի վարչապետի: Նա մեր երկրի անկախության օրը նշել է մեկ օր առաջ, կանխավ, որպես իսկական պատրիոտ, իր ժողովրդի համար մեծ ձեռքբերումներ նվաճածի սրտի թեթեւությամբ, որովհետեւ  մինչ այդ արժանացած է եղել ՉԺՀ վարչապետի տեղակալի ընդունելությանը: Նա Տիգրան Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետի ողջույններն ու բարձր գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը: «ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ, եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան եւ նոր զարգացումներ կստանան»,-գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:



Իսկ թե ինչ է պատասխանել նրան ՉԺՀ վարչապետի տեղակալը, տեղեկագրերը լռում են: Կարելի է ենթադրել, որ պիտի ասած լինի՝ դեռ շատ ջրեր պիտի հոսեն Յանցզի եւ Հունախե գետերով, որ մեր երկրների կապերը խորանան ու ստանան նոր զարգացումներ: Փորձենք հասկանալ նաեւ, թե Ինգա եւ Անուշ քույրիկներին ու հատկապես «Բերդ» պարային համույթին իր հետ տանելով, Տիգրան Սարգսյանն ի՞նչ միջպետական հարց է առաջ գցել: Քանի որ անհնար է պատկերացնել, որ նրանք պար են բռնել ՉԺՀ երկրորդական դեմքերի ընդունելություններին արժանանալիս կամ վրա զարկել քրդական «Թամզարան», մնում է կռահել այդ առաքելության բուն նպատակը:



Քանի որ անկախության տոնը նշել են Հայաստանի դեսպանությունում, ու «Մինչեւ տոնական միջոցառման սկիզբը ՀՀ վարչապետը ծանոթացել է Հայաստանի դեսպանության գործունեությանը, աշխատանքային պայմաններին, այնուհետեւ զրույցներ է ունեցել տոնական հանդիսությանը մասնակցող ՉԺՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների, հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարների հետ», նրանց համար ասպարեզ է բացվել հենց այդ ժամանակ:



Ապրուստը ձրի, տարածքը մեծ՝ հսկա Չինաստան: Զարմանալի է, որ չեն առաջարկել շուրջպար բռնել չինական պատի երկայնքով: Ի դեպ,  ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան բացումը համընկել է մեր երկրում պարոն վարչապետի աստեղային ժամերին՝ 2008-ի մարտ ամսին, երբ ամրագրվեց նրա «անկախությունն» ու վերջացավ ժողովրդինը: ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան եռահարկ շենքը Հայաստանին է տրամադրել չինական կողմը` փոխարենը դեսպանատուն կառուցելու համար հողատարածք ստանալով Երեւանի Իսակովի փողոցին հարող տարածքում:



Դե արի ու մի ասա, որ չեն կարողանում հարաբերություններ կարգավորել հզոր երկրների հետ: Ու այդ ջանքը պսակվել է նրանով, որ իր այցի ընթացքում վարչապետը կարողացել է ստրատեգիական նշանակության պայմանագրեր ձեռք բերել՝  քաղաքային տրանսպորտի պարկը համալրելու համար մի քանի ավտոբուս ու ժողովրդի վատացած սրտերին դարման անելու համար՝ մի քանի շտապօգնության մեքենա բերել Հայաստան: