ՀՀԿ-ականները որոշել են երկաթը տաք-տաք ծեծել

ՀՀԿ-ականները որոշել են երկաթը տաք-տաք ծեծել
«Երկաթը տաք-տաք ծեծելու» ասացվածքը լավ սերտած երիտհանրապետականները լծվել են հմուտ կուսակցականներ թրծելու գործին: Մի խուճուճ վերնագրով հանձնաժողով են կազմել ու ՀՀԿ-ական մարզային քարտեզը ձեռքներին ճանապարհ ընկել: Հանձնաժողովը կոչվում է գաղափարաքարոզչական, ղեկավարում է երիտհանրապետական Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս կուսակցության նվիրյալներից է եւ այդ շարքերում է դեռեւս վաղ երիտասարդության հասակից:  Մի խոսքով՝ շրջում են հանրապետության մարզերով ու քարոզ կարդում երիտասարդ հանրապետականների գլխին:



Սակայն դասընթացին մասնակցում են միայն ընտրյալները, այսինքն՝  հավատարիմները, որոնց վրա կարող է հենվել կուսակցությունը: Խնդիրը երիտասարդների մեջ հայրենասիրական եւ կուսակցական գաղափարախոսություն սերմանելն է, որպեսզի նրանք հոգով-սրտով սերտաճեն կուսակցությանը, միայն աշխատանքային պայծառ ապագայի  հավակնություններով չհամալրեն ՀՀԿ շարքերն ու հետագայում որպես պատեհապաշտներ սողոսկեն  այլ աշխատանքային բորսաներ:



Մեզ հետ զրույցում  երիտասարդ քարոզիչ  Էդգար Հովհաննիսյանը վստահեցրեց, որ միշտ էլ  նպատակ են դրել իրենց առջեւ քանակից որակ ստանալ, դեռեւս լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից են այս գործով զբաղվել, պարզապես հիմա ավելի ինտենսիվացրել են դասախոսական աշխատանքները. «Միշտ էլ գաղափարակիրներն ու գաղափարախոսներն  ավելի քիչ տոկոս են կազմում: Գաղտնիք չի, որ միշտ էլ  քանակը գերակշռում է, կապ չունի՝ իշխանական, թե ընդդիմադիր կուսակցություն ես, պիտի իրատես լինես: Այո,  գաղափարակիրներն ու գաղափարախոսներն ավելի քիչ տոկոս են կազմում: Էն կուսակցությունը, որ հոգ չի տանում, դժվար թե երկար ճանապարհ անցնի: Դա իմ համոզմունքն է»:



ՀՀԿ-ականի բնութագրմամբ, համ էլ այս ձեւով՝ կուսակցության գաղափարներն ու պատմությունը սերտելով ու կրելով, բարձրանում է իմունիտետը` կուսակցական ցնցումներին ավելի հեշտ կկարողանան դիմանալ: «Երբ որ դու դառնում ես կուսակցության գաղափարախոսության կրողը, արժեհամակարգը դառնում է  հարազատ, դու ավելի նվիրյալ ես դառնում եւ հետագա ցնցումներին պատրաստ ես  դիմադրել: Եվ վերջապես, դա օգնում է կրճատել պատեհապաշտների թիվը»,-դասախոսեց Էդգար Հովհաննիսյանը:



Մեր  այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ական պատեհապաշտների առատությունն է ստիպել լծվել գաղափարաքարոզչական գործին,  պատասխանեց. «Մենք փորձում ենք ակտիվներին համախմբել գաղափարական աշխատանքներում: Այսինքն՝ երկու նկարի ու ցանկության առկայությունը չհամարել կուսակցական լինելու բավարար պայման»:  Երիտհանրապետականի պատմելով՝ միայն կուսակցական թեմաների մեջ չեն խորանում, մի քիչ էլ պատմամշակութային ու աշխարհաքաղաքական հարցեր են ուսումնասիրում:



Օրինակ, դասախոսները կամ քարոզիչները բավականին նեղ մասնագիտական լեկցիաներ են կարդում, ասենք՝ ազգայնամոլության ու ազգայնականության տարբերության մասին, ինչպես նաեւ քաղաքական հոսանքների: Իսկ քարոզիչները միայն հանրապետական դասախոսներ չեն, նաեւ արտակուսակցական կադրեր են՝ սոցիոլոգներ, քաղաքագետներ եւ այլն:  Փաստորեն, ՀՀԿ-ն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու Շարմազանովի նման պինդ կորիզը հնացած է համարում եւ նորի ձեւավորման ուղղությամբ տիտանական աշխատանք է տանում:



Այս աշխատանքի ծանրությունը հաշվի առնելով՝ Էդգար Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք սեմինարների վերջաբանով: Հարցրինք՝ ի՞նչ մեթոդով են ստուգում իրենց աշխատանքի արդյունքը՝ քննությա՞ն, թե՞ թեստերի ձեւաչափով: «Մենք ուսումնամեթոդական նյութեր ենք տալիս, եւ շատ հաճախ քննարկումներ են լինում՝  հարց-պատասխանի ձեւով: Նրանք  պատահական մարդիկ չեն»,-վստահեցրեց գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահը: