ԲՀԿ-ն պլագիա՞տ է անում EPP-ից

ԲՀԿ-ն պլագիա՞տ է անում EPP-ից
ԲՀԿ-ն որոշել է փոփոխություն կատարել կուսակցության ծրագրում եւ իր կանոնադրության մեջ՝ այն հարմարեցնելով Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ EPP-ի գաղափարախոսությանը: ԲՀԿ-ն 2012 թ. ընտրություններից առաջ պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր նոր պլատֆորմը: Նշենք, որ կոալիցիոն 3 ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դեռ գարնանը դիմել էին եվրոպական այդ կուսակցությանը՝ անդամակցության համար, սակայն մինչ այժմ հարցը չի լուծվել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասաց, որ ԲՀԿ-ն պատրաստվում է կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը վերախմբագրել եւ համագումարում հաստատել, որ EPP-ն ավելի լիարժեք իրենց հետ համագործակցի:



Կարելի՞ է հասկանալ, որ առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն հույս չունի ինտեգրվելու Հայաստանի քաղաքական դաշտին, դրա համար գնում է դեպի Եվրոպա: Հարցին ի պատասխան ԲՀԿ քարտուղարը հայտարարեց. «Ես Ձեր հարցը չեմ հասկանում: Երեք կուսակցություններն էլ դառնալու են EPP անդամ նույն օրը»: Պետք է նկատել, սակայն, որ EPP-ն հաշվի է առնում ոչ միայն կուսակցության ծրագիրը կամ կանոնադրությունը, այլեւ դրա կատարումը, իսկ այդ առթիվ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ոչ ընտրությունների ժամանակ, ոչ մարտի 1-ին, ոչ էլ դրանից հետո աչքի չի ընկել ժողովրդավար կեցվածքով: