Youtube-ի հերոսը կարիքից է սադիստ դարձել

Youtube-ի հերոսը կարիքից է սադիստ դարձել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Youtube-ում հայտնված սադիստ սպայի մասին տեսահոլովակի գործից:  Մեր տեղեկություններով, սպայի սադիստական դրսեւորումները տեղի են ունեցել զինվորներից մեկի հարազատների աչքի առջեւ: Ըստ մեզ հասած լուրերի, այդ զինվորին տեսակցության են գնում հայրն ու եղբայրը, սպայի հետ նույնիսկ ուտում-խմում են, ինչից հետո էլ գլուխը տաքացրած զինվորականը սկսում է ինքնադրսեւորվել՝ հերթով կտտանքների ենթարկելով զինվորներին:



Ու չնայած  նվաստացումների մասին վկայող իրեղեն ապացույցին, զինվորները հարցաքննության ժամանակ վախից դրական են արտահայտվել մարդակերի մասին, նույնիսկ ասել են, թե ականջները քաշելիս ցավ չեն զգացել: Սակայն զավեշտալին սպա կոչվածի բացատրություններն են եղել. ասում են՝ վերջինս իր գազանություններն արդարացրել է որպես սոցիալական խնդիրների պատճառով կուտակված զայրույթի թոթափման միջոց:  Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, վերոնշյալ սադիստ-զինվորականը ժամանակին կոնտուզիա է ստացել: Իսկ տեսագրությունն արել է դեպքին ներկա զինվորներից մեկը: