Բջջայինն առգրավել են, հոլովակը նկարողին հարցաքննում են

Բջջայինն առգրավել են, հոլովակը նկարողին հարցաքննում են
Ամառվա ամիսներին հայկական բանակում տեղի ունեցած դեպքերը (Չայլուի, Մարտունու, Նոյեմբերյանի) այնքան էին հուզել մարդկանց, որ հասարակության ուշադրությունն առանց այն էլ բեւեռված էր բանակի վրա: Այդ հուզական մթնոլորտում «YouTube»-ում հայտնված տեսահոլովակը պարզ երկնքում ամպրոպի նմանվեց: Մարդկանց մեջ կուտակված դժգոհությունը բանակից ու պաշտպանության նախարարությունից ուղղորդվեց դեպի այդ դեպքն ու սադիստ սպան, որը ծաղրում եւ խոշտանգում էր անմեղ զինվորներին: Վրդովմունքը գերազանցեց սպասվածին՝ մարդիկ գրում էին, պահանջում, որ գտնեն հանցագործին, պատժեն, նման մարդկանց արմատախիլ անեն բանակից:



Եվ չնայած սկզբում պաշտպանության նախարարությունը փորձեց կոծկել կատարվածը՝ հայտարարելով, թե՝ դեռ պետք է պարզել, թե որքանով է դա իրական, եւ արդյո՞ք դա թշնամու կողմից սարքված՝ կեղծված հոլովակ չէ, սակայն հետո հնարավոր չեղավ թաքցնել իրականությունը: Եվ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացված է իրողությունը, եւ բացահայտվել են միջադեպի մասնակիցների անունները: Ահա այն.



«Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետեւյալը. 17.09.2010թ. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում: Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Սասուն Միքայելի Գալստյանին 18.09.2010թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր եւ եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:



ՀԳ - Լավ է, որ խոշտանգողը բացահայտվել է եւ իր արժանի պատիժը կստանա: Միայն պարզ չէ, թե ինչում են մեղադրում այդ կադրերը նկարահանած զինվորին: Ընդ որում՝ ոչ միայն նրան են մեղադրում, այլեւ նրա հորն ու եղբորը, որոնց հարցաքննում են: Նորմալ երկրում հանցագործին բացահայտելուն օժանդակելու համար այդ զինվորին կխրախուսեին: Չէ որ եթե նա չտեսագրեր այդ ամենը եւ դա չհասներ ինտերնետ, այդ սպան շարունակելու էր իր սեւ գործը: Եվ չի բացառվում, որ մի օր էլ այս զորամասում դժբախտ պատահար արձանագրվեր: Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ էր հրավիրել լրատվամիջոցների ղեկավարներին: Հավանաբար ներկայացնելու այս բացահայտումը եւ հպարտանալու, որ իր խոստումները կատարել է՝ գոնե բացահայտման իմաստով: Բայց հասարակությունը ոչ միայն բացահայտում է պահանջում, այլեւ ուզում է, որ բանակում կարգ ու կանոն հաստատվի, որ նման դեպքերը բացառվեն: Չէ որ ուժեղ եւ կարգապահ բանակը կարող է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Եվ նման բանակում ծառայության գնալը չի նշանակի վտանգել կյանքդ, առողջությունդ ու ապագադ:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ