Պայքարի արդյունքում

Պայքարի արդյունքում
Մեր հասարակության գլխավոր արատը, ըստ իս, պայքարելու կամքի բացակայությունն է: Գուցե բացակայություն ասելը չափազանցություն է, բայց որ մենք պայքարել չենք սիրում, փաստ է: Մենք հեշտությամբ եւ առանց դույզն-ինչ ընդվզման հաշտվում ենք այն իրողության հետ, որ մեզ շահագործում են, վիրավորում, նվաստացնում: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ: Ամենաթարմը «YouTub»-ի պատմությունն է, երբ ամբողջ հանրության աչքի առաջ նվաստացված զինվորները պաշտպանում են իրենց նվաստացնողին: Նրանց կարծիքով՝ «նորմալ հրամանատարը» հենց այդպիսին է լինում: Այլ օրինակներ՝ ինչքան ուզեք: Քաղծառայողների մի չնչին մասն է միայն պայքարում, երբ նրան իր «սամադուր» պետն ասում է՝ դիմում գրի-գնա: Թվում է՝ սույն ծառայողը պետք է դիմադրեր, հրաժարվեր դիմում գրելուց, հասկանալով, որ իր պետը «Տեր Աստվածը» չէ, որ նա այսօր կա՝ վաղը չկա, որ այդ տեղն ազատում է իր կիսագրագետ համակուրսեցուն տեղավորելու համար, բայց 100-ից 98 դեպքում դիմումը գրվում է: Եվ այսպես ամեն քայլափոխի՝ սկսած կենցաղային մանր հարցերից մինչեւ իրենց ու երկրի համար ճակատագրական խնդիրները: Պայքարելը մի տեսակ ընդունված չէ մեզանում: Համարվում է անիմաստ գործ. միեւնույն է՝ չես շահելու, միայն ներվերդ ես քայքայելու: Այնպես որ, երբ հանդիպում ես իր իրավունքների համար պայքարող մեկին, անկեղծ հիացմունք ես ապրում: Նման մարդկանցից մեկն ապրում է Թոթովենցի փողոցում. կենսաթոշակառու Լեւոն Ալվանդյանը երեք ամիս պայքարելուց հետո հասել է նրան, որ փողոցի արտաքին լուսավորությունը վերականգնել են եւ կեսգիշերին տուն- դարձողներն այլեւս մթից ու շներից չեն վախենա: Եվ դա նախկին օդաչուի շնորհիվ, որը չի զլացել 3 ամիս շարունակ բախել թաղապետարան-քաղաքապետարանի դռները՝ մինչեւ հասել է ուզածին: