Դալլաքյանը փախած չի

Դալլաքյանը փախած չի
ԱԺ ամբիոնից Շիրվանզադեի՝ Գագիկ Ծառուկյանին հիշեցնող գրվածքներն ընթերցելու արդյունքում ԲՀԿ-ական քավոր Վարդան Բոստանջյանից զրկվելուց հետո ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին տարբեր խոսակցություններ եւ անգամ լեգենդներ են շրջում: Մասնավորապես, ասվում է, որ նա զանգերին չի պատասխանում, մեկուսացել է իր տանը, անգամ խոսք կար, թե տունն է փոխել: Երեկ զանգահարեցինք Դալլաքյանին, պարզվեց, որ նա արդեն ԱԺ է գնում: «Ես այսօր ժամը 9:30-ից իմ գործի տեղն եմ եղել»,- հայտարարեց Դալլաքյանը: «Ասում են՝ Դուք ներփակվել եք, տունն եք փոխել Ձեր վերջին հայտարարությունից հետո» մեր հարցին ի պատասխան Դալլաքյանը ծիծաղեց. «Դուք ահագին հումորով եք»:



Այս անգամ արդեն առանց հումորի հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորը դեռ որեւէ կերպ չի անձագանքել իր շուրջ շրջանառվող լուրերին` որդու բուժման պատրվակով Գագիկ Ծառուկյանից 50.000 դոլար վերցնելու եւ մսխելու մասին, նույնիկ գնահատական չի տվել որդու հարսանիքի քավոր, իր վաղեմի ընկեր Վարդան Բոստանջյանի կողմից իր հետ բոլոր կապերը խզելուն: Միայն ֆորումներից մեկում այս իրադարձությունների քննարկումների ժամանակ անդամներից մեկն այնքան ակտիվորեն է պաշտպանելիս եղել Վիկտոր Դալլաքյանին, որ կարծիք է հնչել, թե գուցե դա հենց ինքն է, որ կա: Մինչ այդ Դալլաքյանի «Նատաշայության» (ինչպես նրան անվանեց «7 օրը») «դավաճան, ուրացող, ծախված» լինել չլինելու շուրջ քննարկումները ֆորումներում եւ բլոգերում իրենց ակտիվությունն աստիճանաբար սկսում են սպառել: Դա կարող երկու դրդապատճառ ունենալ: Կամ Դալլաքյանի լռությունը սկսում է ազդել նրա հանդեպ հետաքրքրության անկման տեմպերի վրա, կամ էլ արդեն բոլորին հասկանալի է, թե որն է իրականությունը: