Մենք ժամանակ տվեցինք, իշխանությունը չօգտվեց

Մենք ժամանակ տվեցինք, իշխանությունը չօգտվեց
Հարցազրույց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ



- Պարոն Զուրաբյան, ինչո՞վ էր տարբերվում առաջին նախագահի վերջին ելույթը նախորդներից, եւ որո՞նք էին Ձեր խոստացած անակնկալ շեշտադրումները:



- Նախ, խորհուրդ կտայի հեռու մնալ ցածրորակ մեկնաբանություններից, որոնք իսկապես հնչեցին եւ թելադրված են քաղաքական ուժերի թելադրվելիք շահերով, այլ ոչ թե օբյեկտիվ վերլուծությամբ: Ինչ վերաբերում է բուն Տեր-Պետրոսյանի ելույթին եւ ընդհանրապես ընդդիմության ռազմավարությանն առնչվող փոփոխություններին, միանշանակ կարելի է ասել հետեւյալը: Մենք ժամանակ տվեցինք իշխանություններին, եւ չէինք կարող այդ ժամանակը չտալ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնք առկա են Հայաստանի շուրջ՝ ղարաբաղյան խնդիրը, հայ-թուրքական այս դժվարին պրոցեսը, Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության հետ կապված խնդիրներն ընդհանրապես: Մենք ուղղակի պարտավոր էինք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի եւ առաջին հերթին իշխանությունների համար ստեղծել մի հնարավորություն, որտեղ նրանք  դրսեւորեին պետական մտածողություն: Մենք հասկանում ենք, որ երկիրը ծանր վիճակում է գտնվում, պետք է ետ պահել երկիրը ցնցումներից, պետք է ամեն ինչ անել, որ եւ բանակցային պրոցեսին, եւ ընդհանրապես Հայաստանի դիրքերին ոչնչով չվնասենք: Ամեն ինչ լավ կլիներ, եթե իշխանությունը դրսեւորեր նույնքան պետական մտածողություն: Մենք տվեցինք այդ ժամանակը իշխանությանը, իշխանությունը կարող էր օգտվել դրանից, ձեւավորել կոնսոլիդացիոն մթնոլորտ Հայաստանում՝ առաջին հերթին ազատ արձակեր քաղբանտարկյալներին, իսկ հետո նաեւ այլ քայլեր աներ: Բայց իշխանություններն այդ հնարավորությունից չօգտվեցին եւ ոչինչ չարեցին պետության շահերը հետապնդելու ուղղությամբ, ուստի տրված ժամանակն ավարտված է: Տեր-Պետրոսյանի ելույթի անակնկալ շեշտադրումը հենց այդ է: Բնականաբար, նման իրավիճակում մենք այլեւս հաշտվել չենք կարող եւ երկխոսությունը, ինչպես նշվեց ելույթում, լինելու է իշխանության անցնցում փոխանցման շուրջ:



- Անցնցում ասելով՝ նկատի է առնվում սահմանադրական ճանապարհով արտահերթ ընտրությունների անցկացումը: Զեր կարծիքով ի՞նչը կստիպի իշխանությանն այդ քայլին դիմելու:



- Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունները չարիք են Հայաստանի համար, եւ մեր պայքարը տանում ենք, որ օր առաջ ազատվենք այս իշխանություններից: Այդ պայքարն ուղղված է հենց այնպիսի պայմանների ստեղծմանը, որ իշխանությունները հասկանան՝ իրենց մնալն այլեւս անհեռանկար է իրենց իսկ համար: Ինչ վերաբերում է երկխոսությանը, մենք իսկապես շատ անկեղծ էինք, երբ մեր միակ պայմանը դրել էինք քաղբանտարկյալների ազատ արձակումը:  Եթե այդ պայմանը կատարվեր, դա կստեղծեր բավականին լուրջ հիմքեր Հայաստանում նորմալ քաղաքական գործընթացների անցկացման համար, եւ ես կարծում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը կկարողանային մշակել փոխադարձ հարմար, բայց նաեւ Հայաստանի շահերից բխող մի քաղաքական գործընթաց, որն ուղղված կլիներ Հայաստանի խնդիրների լուծմանը: Այդ շանսը մենք համարում ենք այլեւս վերջացած, եւ այո՝ գնում ենք ավելի կոշտ պայքարի:



- Կոշտ պայքար ասելով ի՞նչ նկատի ունեք:



- Կոշտ պայքարը դրսեւորվելու է բազմաթիվ ձեւերով: Մենք ոչ միայն ցույցեր ենք անելու, երթեր, հանրահավաքներ, որոնք պետք է ցույց տան ժողովրդի ցասման չափը, այլեւ շարունակելու ենք իշխանության այս փչացածությունն ապացուցող տեղեկատվության բացահայտումը: Մենք հետապնդելու ենք իշխանություններին բոլոր բնագավառներում՝ նաեւ այլընտրանքային կառավարության մեր ծրագրերում՝ ցույց տալով, որ նրանք երկիրը չեն կարող կառավարել, իսկ մենք ունենք համոզիչ եւ լավ մշակված ծրագրեր: Կարճ ասած՝ կիրառելու ենք ցանկացած միջոց, որ մեր հասարակությունը լցվի անհանդուրժողականությամբ նման ապաշնորհ, ոչ կոմպետենտ եւ թալանչի իշխանությունների նկատմամբ: Վստահ եմ, որ այդ գործը հետեւողականորեն իրականացնելու պարագայում, այո, իշխանություններն ստիպված են լինելու հեռանալ:



- Մինչ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը ինչպիսի՞ն պետք է լինի ՀԱԿ-ի գործելաոճը: Ի՞նչ քայլեր ենք նախատեսում մարզերում:



- Եթե խոսքը հրապարակային միջոցառումների մասին է, ապա հոկտեմբերի 1-ին նախատեսել ենք մեծ երթ դեպի ԵԽԽՎ ներկայացուցչություն, որովհետեւ հոկտեմբերի 5-ին կայանալու է Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ վերջապես լսվելու են հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի հաղթահարման ալտերնատիվ ժամանակացույցերը: Եվ կարեւոր է, որ այդ նիստից առաջ Եվրոպայի Խորհրդում էլ համոզվեն, որ լուրջ պահանջ կա, եւ մեր ժողովուրդը շարունակում է մնալ պահանջատեր այդ հարցում, եւ մասնավորապես ամրապնդենք մեր այն հիմնավորումը, որ երկրին անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ ու կոսմետիկ բարեփոխումներով որեւէ  հարց չի լուծվի: Բացի այս, մենք  արդեն հանձնարարել ենք մեր տարածքային կառույցներին սկսել ստորագրահավաք՝ կապված այն հայցի հետ, որ ներկայացվեց հանրահավաքի ժամանակ: Մարտի 1-ի կապակցությամբ մենք վիճարկելու ենք պետական մարմինների հանցավոր գործողություններն ու անգործությունը՝ նպատակ ունենալով հասցնել դա Եվրոպական դատարան: Կոպիտ ասած՝ հայ ժողովուրդը դատի է տալիս սեփական կառավարությանը մարտիմեկյան հանցավոր գործողությունների ժամանակ: Մեր շտաբների ներկայացուցիչները կայցելեն մարդկանց, կներկայացնեն այդ հայցը: Դա որոշակի մոբիլիզացիոն էֆեկտ կունենա: Մի կարեւոր պրոցես էլ կա՝ Ազատության հրապարակի վերանվաճումը: Մենք ամեն օր դիմում ենք այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, բոլոր ապօրինի մերժումները դատարանում բողոքարկում ենք եւ շարունակելու ենք գործընթացը: Եթե ինչ-որ ժամանակահատվածում, որը մենք կհամարենք բանական, իշխանությունները հարցին լուծում չեն տա, մենք կնշանակենք կոնկրետ օր, երբ ժողովուրդը կհավաքվի Ազատության հրապարակում՝ վերահաստատելու իր սահմանադրական իրավունքը՝ անկախ քաղաքապետարանի որոշումից: Այսինքն, մենք պատրաստվում ենք գործողությունների, որոնք պետք է ապացուցեն եւ Հայաստանի քաղաքական ուժերին, եւ միջազգային հանրությանը, որ երկրում գոյություն ունի խորը եւ չլուծված քաղաքական ճգնաժամ, որի լուծումը միայն նոր ընտրություններն են:



- Ընդդիմությունը արտահերթ ընտրությունների պահանջ մշտապես դրել է, բայց այդ իմաստով որեւէ տեղաշարժ չկա: Եթե այս անգամ էլ առաջընթաց չգրանցվի, ձեր քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն:



- Շատ պարզ է, թե ինչ կլինի: Կամ մենք կարողանալու ենք ժողովրդական ալիք բարձրացնելով պարտադրել իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ, եթե դա անգամ չհաջողվի, միեւնույն է, պայքարը շարունակվելու է: Այդ դեպքում մենք այլ հարմար առիթ կփնտրենք ցասման ալիք  բարձրացնելու եւ հաջողության հասնելու: Այսինքն ցանկացած պարագայում մեր պայքարը շարունակվում է եւ երբեք կախված չէ նրանից, թե մենք, ասենք, ժամանակավոր անհաջողություն կունենանք մեր նպատակների իրագործման մեջ, թե չէ: Լավ կլինի, եթե մենք կարողանանք դրան հասնել հիմա, որովհետեւ այստեղ ՀԱԿ-ի քաղաքական կարիերայի խնդիրը չէ: Այդ տեսակետից շատ ավելի հանգիստ եւ հաջողության տանող ճանապարհն այն է, որ մենք սպասենք հերթական ընտրություններին: Դա շատ ավելի կոմֆորտային տարբերակ է ընդդիմության լիդերների համար, եթե խոսքը գնար քաղաքական կարիերայի մասին, բայց մենք չենք գնում այդ քայլին, որովհետեւ հասկանում ենք, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման հապաղումը խոշորագույն կորուստներ է բերում Հայաստանին ու հայ ժողովրդին: Մենք մեր պարտքն ենք համարում հարցը լուծել արտահերթ ընտրությունների միջոցով:



- Խնդրում եմ անդրադառնալ նաեւ ՀԱԿ-ի առաջարկած` ՄԱԿ-ին ներկայացվելիք բանաձեւի նախագծին: Այս քայլը շատերի կողմից բացասաբար ընկալվեց այն իմաստով, որ հակամարտության կարգավորման գործընթացը ՄԽ ձեւաչափից այլ կառույց տեղափոխելը չի բխում Հայաստանի շահերից:



- Դա պարզապես դեմագոգիա է, իրականում այդ հարցը ՄԱԿ չտեղափոխելն այն էր, ինչ հաջողվում էր Տեր-Պետրոսյանի դիվանագիտությանը երկար ժամանակ, եւ իսկապես պետք էր ամեն ինչ անել, որ ՄԱԿ-ում ընդհանրապես նման քննարկումներ չլինեին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այդ հարցին պիտի անդրադառնար, բայց ամենակարեւորն այն էր, որ մեզ հաջողվեց այդ բանաձեւերում ընդունել այնպիսի ձեւակերպումներ, որոնք ՀՀ-ին պատասխանատու չէին համարում տարածքների գրավման համար, ինչը թույլ տվեց միջազգային ճնշումները հանել ՀՀ վրայից: Դրանից հետո ՄԱԿ-ում այլեւս որեւէ քննարկում չի եղել, եւ դա միշտ եղել է ճիշտ ստրատեգիա, որ հարցը ՄԱԿ չտեղափոխվի: Բայց իշխանությունն այդ ճակատը չկարողացավ պահել: Արդեն մի քանի տարի է, Ադրբեջանը մշտական օրակարգ է մտցրել օկուպացված տարածքների մասին հարցը: Ավելին՝ 2008-ի մարտի 14-ին կարողացել է մի ահավոր հակահայկական բանաձեւ անցկացնել: Այդ ճակատը արդեն պատռված է, հարցն արդեն տեղափոխվել է ՄԱԿ: Այլ բան է, որ այսօրվա իշխանությունները տեղափոխված ճակատում կռիվ չեն տալիս: Հիմա կարելի է ջայլամի քաղաքականություն տանել, ասել, որ եթե մենք այնտեղ չկռվենք, ուրեմն հարցը չի քննարկվի: Բայց դա այդպես չէ: Մենք չենք կռվում, իսկ հարցը քննարկվում է ու գնալով ավելի պրոադրբեջանական բնույթ է կրում: Հենց դրա համար ենք մենք հակընդդեմ բանաձեւով հանդես եկել: Հնչեցին եւս մի քանի մանկապարտեզային մակարդակի քննադատություններ: Օրինակ՝ Դաշնակցությունը հայտարարեց, թե Կոնգրեսը շատ վատ բան է արել, եթե իշխանությունները անգամ նման նպատակ ունեին, հիմա չեն անի, որովհետեւ կստացվի, որ դա ընդդիմության ճնշման տակ են արել: Զարմանում եմ, որ քաղաքական գործիչներ կան, որ նման մակարդակով կարող են մտածել: Եթե  էդպես են մտածում եւ իշխանությունը, եւ ՀՅԴ-ն, դա նշանակում է, որ նրանք իրենց իմիջի մասին են մտածում եւ ոչ պետական շահի: Մյուս կողմից էլ մեզ քննադատում են, թե բանաձեւում կարող էինք ավելի սուր հարցադրումներ անել՝ այլ բառապաշարով: Այս դեպքում մենք ուղղակի գործ ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ: Նպատակն այն չէ, որ մենք հայհոյախառն բանաձեւ ներկայացնենք ՄԱԿ, նպատակը հավասարակշռված բանաձեւ ներկայացնելն է, որը շանս ունի ընդունվելու: Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես էլ վարվել է, եւ մենք պետք է ցավով ընդունենք, որ նրանց դիվանագիտության մակարդակն այսօր շատ ավելի բարձր է: Այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, ուղղակի ցույց են տալիս, որ իրենք բացարձակապես պատկերացում չունեն միջազգային դիվանագիտության եւ ՄԱԿ-ի գործունեության մասին: