Ամսաթիվը դրվում է հարմար պահին

Ամսաթիվը դրվում է հարմար պահին
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Երեւանի ավագանու անդամներ, ԲՀԿ-ականներ Արման Վարդանյանի եւ Սուրեն Մասումյանի դիմումները՝ իրենց լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին: Ինքնաբացարկի դիմումներն ընդունվել են ի գիտություն եւ ավագանու 2 անդամների մանդատները հանձնվել են ԲՀԿ ցուցակի հաջորդ ներկայացուցիչներին՝ Հովհաննես Կարապետյանին եւ Հրայր Հովսեփյանին: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Ա. Վարդանյանի հրաժարականը ոմանք համեմատում են ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի հետ:



Սակայն, ի տարբերություն Պետրոսյանի, որը կշարունակի մնալ ԱԺ պատգամավոր, Արման Վարդանյանին թույլ չտվեցին մնալ ավագանու անդամ: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ, կոպիտ ասած, ԲՀԿ անդամներն իրենց գլխի տերը չեն՝ նրանց փոխարեն որոշումներ կայացնում է Գագիկ Ծառուկյանը: Ասենք՝ իրենց հրաժարականների մասին ԲՀԿ-ականներն իմանում են, երբ նրանց դիմումներն արդեն հանձնվել են պատկան մարմիններին: Ասում են՝ ցանկացած պաշտոն զբաղեցնելուց առաջ ԲՀԿ-ն հրաժարականի մասին դիմումներ է գրել տալիս, որոնց տակ հարմար պահին ընդամենը ամսաթիվ է դրվում: Ի դեպ, այս պրակտիկայի հեղինակը ՀՀԿ-ն է: