ՀՀԿ-ն «գրոհում է» Կոտայքի մարզը կամ թվով 5-րդ ոստիկան մարզպետը

ՀՀԿ-ն «գրոհում է» Կոտայքի մարզը կամ թվով 5-րդ ոստիկան մարզպետը
Կոտայքի մարզում ակտիվացել են մարզպետ Կովալենկո Շահգալդյանի (Կովալ) պաշտոնանկության մասին լուրերը: Մարզում արդեն խոսում են, որ մարզպետին քիչ է մնացել պաշտոնավարել: Պաշտոնապես այս լուրը չի հաստատվում: 2001-ից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանը ժամանակին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ջանքերով է մարզպետ դարձել եւ համարվել է Հովիկ Աբրահամյանի մարդը: Իսկ Հովիկ Աբրահամյանի մարդկանցից, ինչպես հայտնի է, վերջին շրջանում իշխանությունն ազատվում է:



Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահականը «գրոհ» է նախապատրաստում Կոտայքի մարզի վրա: Արարատի մարզը Հովիկ Աբրահամյանի ձեռքից վերցնելու՝ մարզն «ապահովիկացնելու» օպերացիան իրականացնելուց հետո իշխանական ուժերը պատրաստվում են Հանրապետականի համար ավելի վերահսկելի դարձնել Կոտայքի մարզը, այլ կերպ ասած՝ սկսել Կոտայքի «ապածառուկյանացման» գործընթացը: Այլ պարագայում ՀՀԿ-ն Կոտայքից ձայներ ստանալու հնարավորություն չունի, կամ այդ հնարավորությունը շատ նվազ է: Գաղտնիք չէ, որ այս մարզի դե ֆակտո տիրակալն ու ֆեոդալն է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



Թեեւ հարկ է նկատել, որ Կոտայքի մարզի պարագայում ՀՀԿ-ի համար ավելի դժվար է լինելու: Հովիկ Աբրահամյանն իր մարզում՝ Արարատում, Ծառուկյանի պես առատաձեռն չի եղել, այդ առումով ֆեոդալի դիրքից նրա փոփոխությունը առանձնապես չի հուզել արարատցիներին: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ի համար այսօր գերխնդիր է ընտրություններում ձայներ ապահովելը եւ ապագա խորհրդարանում ամեն գնով մեծամասնություն կազմելը, ուստի նա չի կարող հրաժարվել այնպիսի մեծ մարզից, ինչպիսին Կոտայքն է:



Ի դեպ, ՀՀԿ այս մարտավարությունը տեղավորվում է ԲՀԿ-ն թուլացնելու կոնտեքստում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քոչարյանական ուժերն իրենց հերթին ծրագիր ունեն՝ ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում չունենա մեծամասնություն, որ իշխանություն կիսելու խնդիրն ավելի հեշտ լինի:

Կոտայքի մարզում այսօր բավական դժգոհություն կա մարզպետ Կովալենկոյից: «Հըմմեն ծախեց, կերավ ինչ կար»,- այսպես են արտահայտվում մարզպետի մասին հրազդանցիները: Հայտնի է, որ մարզպետի տղան Չարենցավանի քաղաքապետն է: Մարզում քիչ թե շատ եկամտաբեր պաշտոններում են մարզպետի հարազատները:



Կովալենկոն հասցրել է բավական ունեցվածք դիզել Կոտայքում: Բնակիչների խոսքով՝ մարզպետն է ղեկավարում անգամ մարզի բոլոր դպրոցներում ուսուցիչ նշանակելու գործընթացը, եւ դա արժե 2000 դոլար: Միամտություն կլինի կարծել, թե մարզի բնակիչների դժգոհությունն է հետաքրքրում ՀՀԿ-ին, որ նա ուզում է փոխել ՀՀԿ-ական Կովալենկոյին: Այդ պարագայում ՀՀԿ-ն մարզ չէր տանի տխրահռչակ ոստիկան Սաշիկ Աֆյանին: ՀՀԿ-ին այսօր հետաքրքրում է մի բան՝ ապագա ընտրություններում Կոտայքից ձայներ ստանալը: Հանրապետականին պետք է մարդ, որ կարողանա դեմ գնալ ծառուկյանական թիմին ու, ամենատարբեր լծակներ օգտագործելով, անհրաժեշտ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար: Նաեւ հնազանդ կատարող լինի՝ զինվորական կարգապահությանը սովոր մարդ:



Ուշագրավ է նաեւ այն, որ Աֆյանը թվով 5-րդ ոստիկան մարզպետն է լինելու հանրապետությունում: Թերեւս ՆԳ նախարար աշխատած Սերժ Սարգսյանը Հայաստանն ուզում է կառավարել ոստիկանապետության մոդելով: Այլ պարագայում դժվար է հասկանալ մարզպետների ոստիկանացումը: Հիշեցնենք, որ վերջերս Արարատի մարզպետ նշանակվեց նախկին ոստիկան Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, նրանից առաջ Գյումրու մարզպետ նշանակվեց նախկին ոստիկան Աշոտ Գիզիրյանը: Ավելի վաղ Ամավիրի մարզպետ էր նշանակվել նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանը, ոստիկան է եղել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:



ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը հայտնի է որպես մարտի 1-ի դերակատար եւ անմիջական մասնակից: Նրա անունը պարբերաբար շրջանառվում է ընդդիմութան հանրահավաքները ճնշելու կոնտեքստում: Ընդ որում՝ նա հայտնի է որպես ուժ գործադրելու կողմնակից: ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը երեկ գրեթե ողջ օրը աշխատանքի վայրում չէր. համենայնդեպս այդպես էր հավաստիացնում նրա քարտուղարուհին: Այնպես որ, նրան հարցեր ուղղել այդպես էլ չկարողացանք: Ի դեպ, երեկ ուշ երեկոյան նրան կանչել էին կառավարություն:



ՀԳ - Ըստ որոշ լուրերի՝ Սաշիկ Աֆյանի տեղը զբաղեցնելու է ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: